Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Փետրվար 17,2008 00:00

Դատախազի տան գողությունը ձախողվել է

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթին նկատել է Ա. Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, ում հաջողվել է կանխել հանցագործության կատարումը եւ հանցագործի փախուստը՝ չնայած ցուցաբերված դիմադրությանը:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խմբին հաջողվել է պարզել, որ  անծանոթը ՀՀ քաղաքացի Արտակ Կարապետյանն է (ծնված՝ 1976թ.), նախկինում երեք անգամ դատված:

Ա. Կարապետյանն առաջին անգամ դատապարտվել  է  Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Ռամենսկիի ժողովրդական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակում կատարելու համար: Երկրորդ անգամ դատապարտվել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելու համար՝ 2 տարվա ազատազրկման, իսկ երրորդ անգամ՝ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից՝ կազմակերպված խմբով խոշոր չափերով գողության համար՝ 4,5 տարվա ազատազրկման: Ա. Կարապետյանը պատժի կրումից պայմանական վաղակետ ազատ է արձակվել 27.04.2007թ.՝ ունենալով 9 ամիս 10 օր պատժի չկրած մաս:

Ա. Կարապետյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: Նրա մոտ, անձնական զննությամբ, հայտնաբերվել եւ առգրավվել են մեկ զույգ սեւ գույնի բրդյա ձեռնոց, մեկ հատ ծալովի, գաղտնի փականով, 7,5 սմ երկարությամբ շեղբով, լապտերով դանակ, 500 ՀՀ դրամ:

Հարուցվել է քրեական գործ:

Կդիմեն դատարան

«Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Տիգրան Ստեփանյան) փետրվարի 8-ին դիմել էր թիվ 38 տարածքային հանձնաժողովին.

«Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 01-44, 2008թ. հունվարի 21-ի որոշմամբ հավատարմագրվել է՝ որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն ՀՀ նախագահի 2008թ. կայանալիք ընտրություններին:

Խնդրում ենք Ձեզ տրամադրել թիվ 38 ընտրատարածքի՝ հունվարի 30-ին կայացված որոշման պատճենը՝ կապված ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի՝ Կապան քաղաքում տեղակայված նախընտրական շտաբի վերաբերյալ:

Ինչպես նաեւ ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը, տեղամասերի հասցեները եւ հեռախոսահամարները»: Սակայն չի տրամադրվել պատճենը, ինչը, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի գնահատմամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտում է:

Ստացվել է հետեւյալ պատասխանը. «Իրենք ժամանակ չունեն տեղեկատվություն տրամադրելու ու եթե ձեզ ինչ-որ բան է պետք՝ արի ստեղ նստիր ու տեղեկատվությունդ հավաքի»: Նշված իրավիճակում «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը որոշել է կրկնակի հարցմանը չպատասխանելու դեպքում դիմել դատարան:

Էթիկայի հարցերով

2007 թվականի ընթացքում ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը կայացրել է 58 որոշում, որից 18-ը՝ նորմատիվ, 29-ը՝ լոկալ, 11-ը՝ անհատական: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայության, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը ստացել է 13 դիմում: Քննված գործերից 8-ում խախտումներ չեն հայտնաբերվել, 1 դիմում քննության չի առնվել՝ կարգապահական վարույթ հարուցված լինելու պատճառով, 2 գործով արձանագրվել են խախտումներ, որոնց քննարկման արդյունքում ընդունվել են համապատասխան որոշումներ:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովը 2007 թվականին կայացրել է մեկ որոշում՝ «Դատավորների վերապատրաստման ուղենիշները հաստատելու մասին»: Արդարադատության խորհուրդը 2007 թվականի ընթացքում տվել է 42 եզրակացություն եւ կայացրել 37 որոշում, որից 10 որոշում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ 7-ը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին գործը կարճելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել