Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Փետրվար 17,2008 00:00

\"\"Ժողովուրդը ճիշտ կողմնորոշվեց

Ինչպե՞ս դիմացավ: Լռեց, որեւէ բառ չասաց ոչ միայն հրապարակայնորեն, այլեւ մտերիմների մոտ: Ի՞նչ էր մտածում այսքան տարի: Իսկ ի՞նչ էին մտածում նրանք՝ ողորմելի ու դաժան, կարճամիտ, իրենց քթից այն կողմ չտեսնող, ովքեր ստիպեցին նրան հրաժարական տալ:

Ռ. Ք.-ն, որ իր ընկերների հետ զբաղեցրեց նրա տեղը, սկզբում մի տեսակ լարված էր եւ ինքն իրեն բավական երկար ժամանակ չէր գտնում… Տեղերը, որ նրանք գրավել էին, ակնհայտորեն իրենցը չէին, եւ դա նրանք հրաշալի գիտակցում էին: Գուցե դա էր պատճառը, որ դրությունն անդադար վերահսկում էին, որսում ամեն մի հայացք, ամեն մի շարժում… Եվ հանկարծ նրանք հասկացան՝ ոչ ոք իրենց չի կանգնեցնում, իրենց ձեռքը չի բռնում, նույնիսկ «Հոկտեմբերի 27-ից» հետո: Այո՛, նույնիսկ այդ ժամանակ: Կարծես թե ժողովուրդն ասում էր՝ ձեր հերն անիծած, դուք ապրում եք ձեր կյանքով, մենք՝ մեր: «27-ից» հետո սկսեց տեղի ունենալ անհավատալին. պետք էր նրանց ձեռքը բռնել եւ գոռալ՝ բռնե՛ք գողին, բայց բոլորը լռում էին, ինչպես համր կինոյի անշարժ կադրում: Դա այն աստիճան տարօրինակ էր, որ Ռ. Ք.-ն չդիմացավ եւ պոռթկաց՝ «Ո՞ւր են այստեղ տղամարդիկ»… Նույնիսկ գուցե անկեղծորեն պոռթկաց՝ իրականում, սակայն, գոհ լինելով այն բանից, որ բացի իրենից՝ ոչ մի տղամարդ չկա հորիզոնում: Կարճ ասած՝ ոչ ոք նրանից չի խլում թագավորական գավազանը, իսկ ինքը պտտվում է աշխարհով մեկ եւ Հայաստան երկրին տրված պատիվներն ընդունում իբրեւ անձնական արժանիքներ: Մի խոսքով, կամաց-կամաց բոլորը վարժվում են այն մտքին, որ սրանք այստեղ դեռ մնալու են հավերժ… «Տե՜ս, է՜, ստացվեց»,- մտածում է Ռ. Ք.-ն, իսկ կողքին քրքջում է բոլորիս ծանոթ անհամը…

Այո՛, հենց այդպես էլ եղավ, եւ ոչ մի դիմադրություն: Ի՞նչ դիմադրություն կարող է լինել «Հոկտեմբերի 27-ից» հետո, երբ ութը սպանված է, իսկ ողջ խորհրդարանը՝ բերանքսիվայր պառկած: Եվ հիստերիկ լրագրողը, որ խորհրդարանի շենք էր մտցրել «մարտական» խումբ՝ իր եղբորը, քեռուն, եւս երկու ընկերների, ինքնամոռացության մեջ հերթով զանգահարում է բոլորին, կանչում՝ նշելու հաղթանակը, եւ ինչ-որ իրավունքով կանչում է անձամբ նախագահին, եւ վերջինս հայտնվում է նրա առջեւ:

Թողնենք ջղագրգիռ Ռ. Ք.-ին եւ նրա հանցակցին, որը մշտապես ապահովում է իր ալիբին եւ քաղաքից դուրս գտնվելը, երբ երկրում ձեռնարկվում է իր կողմից նախապատրաստված հերթական ստորությունը… Այսօր նրանք երկուսն էլ, հանկարծակիի եկած, օգնության են կանչել, այո՛, ում որ կարողացել են՝ մեր ճարպիկ ծերացող հայրենակցին, որը հենց Ռուսաստանում այնքան է վարկաբեկվել, որ իրենց հարգող լուրջ քաղաքագետները նրան եւ էլի մի երկու նման ծախու գործիչների անունները կամ չեն տալիս, կամ գրում են փոքրատառով, իբրեւ հասարակ անուն՝ անդրանիկ միհրանյան… Եկել է Գուսմանը՝ հայտնի Գուսմանի եղբայրը, որպեսզի հարցազրույց թխի անիմաստ կմկմոցից եւ պարզունակ դարձվածքներից, որոնք մաշված սկավառակի պես դուրս են թռչում Ս.Ս.-ի շուրթերից՝ թանկարժեք մորթու տակ ծվարած խեղճ ժպիտով: Վրա հասավ եւս մի հերոս՝ բազմափորձ լոնդոնյան դենդին՝ Հայաստանի նախկին դեսպանը Անգլիայում, որը նաեւ մի կարճ ժամանակ եղավ վարչապետ: Մեզ թվում է՝ այդ մարդը՝ Արմեն Սարգսյանը, որ չափից դուրս ձեռներեց է, ինչպես նաեւ նրա նմանները, սկսել են այս չարչարված երկրին նայել՝ հաշվարկելով իրենց անձնական հնարավոր օգուտները, եւ այդ վարքագիծը համարում են լիովին բանական: Արդյունքում՝ Արմեն Սարգսյանի ձեռքի տակ է հայտնվել ՄԻԱԿ երիտասարդական կուսակցությունը՝ «Կոմեդի կլաբ» հեռուստաշոուի վարողի եղբոր ղեկավարությամբ: Ինչպիսի՜ տանդեմներ, ինչպիսի՜ կամուրջներ են գցվում աշխարհով մեկ: Աստվա՛ծ իմ, իսկական գլոբալիզացիա…

Իսկ ինչի՞ համար է ուժերի այսպիսի համախմբումը, ո՞ւմ վրա են ուզում տպավորություն թողնել… Ժողովրդի՞, որն ինքնակամ կանգնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, հայ քաղաքական գործիչների՞, որոնց ոչնչով չի լինի սասանել: Նրանք շատ են, եւ նրանք ամուր պատի պես կանգնած են Ժողովրդի կողքին:

«Հոկտեմբերի 27-ի» դեպքերից անմիջապես հետո իմ արտերկրացի գործընկերներից մեկն ասաց. «Ես շատ ցավում եմ, Անահի՛տ, բայց այս պահից դուք դառնում եք բանանային հանրապետություն. այդպիսին են քաղաքականության օրենքները»: Եվ մենք, իրոք, դարձանք բանանային հանրապետություն Ռ. Ք.-ի եւ նրան փոխարինել շտապող Ս. Ս.-ի՝ այդ երկու «մերկ թագավորների» ղեկավարությամբ, որոնց մասին հնարավոր չէ խոսել քաղաքական եւ քաղաքագիտական բառապաշարով, քանի որ այդ մարդիկ քաղաքական ոլորտից չեն: Նրանք դեռեւս նույն գավառական կոմերիտականներն են՝ խիստ ծերացած եւ, ավա՜ղ, կքած իրենց կատարած հանցագործությունների ծանր բեռի տակ:

Ինձ թվում է՝ ժողովուրդն ընդհանուր առմամբ արդեն կողմնորոշվել է, եւ համոզված եմ, որ մենք օրերս կշրջենք նրանց կառավարման՝ բոլորիս հոգնեցրած այս էջը՝ իբրեւ պատմական թյուրիմացություն, իբրեւ փաստ, որը հետագայում հիշատակության անգամ արժանի չի լինի…

Թեպետեւ՝ 10 տարիներ…

Եվ ես չգիտեմ՝ խոնարհվե՞լ մեր ժողովրդի առջեւ իր կրած բոլոր չարչարանքների եւ համբերության համար, թե՞ ասել՝ ինչո՞ւ այսքան համբերեցինք: Ես, իսկապես, չգիտեմ՝ ինչու: Բայց ես երախտապարտ եմ ճակատագրին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է իր ժողովրդի մոտ այսպիսի մի պատասխանատու պահի, եւ ժողովուրդը ճիշտ կողմնորոշվեց ստեղծված իրավիճակում:

Վստահ եմ՝ այս վերջին քննությունը ժողովուրդն արժանապատվորեն կբռնի, եւ մենք փետրվարի 20-ին կարթնանանք մեր սիրելի երկրում՝ Չարիքից ձերբազատված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել