Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առանց դրոշի, զինանշանի ու անչափահասների՝ չեն կարող

Փետրվար 17,2008 00:00

Թեկնածուները քարոզչության ընթացքում խախտում են օրենքը

Ընտրական օրենսգիրքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, արգելվում է նախընտրական քարոզչական պաստառի վրա օգտագործել ՀՀ զինանշանը կամ դրոշը: Նախագահի որոշ թեկնածուներ խախտում են օրենքի այդ կետը: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, վարչապետ Սերժ Սարգսյանն ու հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց գովազդներում օգտագործում են թե՛ զինանշանը, թե՛ եռագույնը: Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղար Գոհար Վեզիրյանի խոսքերով՝ իրենց թեկնածուի հետ աշխատում են իմիջմեյքերներ ու PR-շչիկներ, որոնց խորհրդով են որոշել իրենց թեկնածուի բուկլետներում եւ վահանակներում պատկերել եռագույնն ու Մասիս սարը: Ինչ վերաբերում է մյուս երկու թեկնածուներին, Սերժ Սարգսյանը ողջ նախընտրական քարոզչության ընթացքում բաժանել է եռագույնով շարֆեր, որոնց վրա գրված է՝ «Առաջ Հայաստան», իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի երթի ժամանակ հանրահավաքի մասնակիցները միշտ ծածանում են եռագույնը:

Սերժ Սարգսյանը, բացի ՀՀ պետական սիմվոլներն օգտագործելուց, մի խախտում էլ է անում քարոզչության ընթացքում. որպես կանոն, գովազդներում օգտագործվում են անչափահասներ, որոնք իրենց մանկական անկեղծությամբ ու միամտությամբ կոչ են անում սատարել «Առաջ Հայաստանին»:

ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի բուկլետների ու պաստառների վրա թեկնածուն պատկերված է բաց բռունցքով: Վ. Հովհաննիսյանի նախընտրական շտաբի աշխատակից Գեղամ Մանուկյանի խոսքերով՝ թեկնածուի այդ կերպարը պատկերել են կուսակցության եւ իրենց հետ աշխատող դիզայներների խորհրդակցությամբ. «Բաց բռունցքը նշանակում է, որ մեր ժողովրդի մեջ մենք չպետք է հանդես գանք բռունցքով, բացի այդ, դա նաեւ անգլերեն «Վ» տառն է, որը մեր թեկնածուի անվան առաջին տառն է, խորհրդանշում է 5 համարը քվեաթերթիկում, եւ հետո, նշանակում է վիկտորիա՝ հաղթանակ»: ՀՅԴ-ի գովազդներում գերիշխում է կարմիր գույնը, որը հաճախ ասոցացվում է կոմունիստների հետ: Այս առնչությամբ Գ. Մանուկյանը պատասխանեց. «Մենք ավելի հին կուսակցություն ենք, քան Կոմկուսը»:

Գովազդային մի շարք գործակալություններից մեր կատարած հարցումներով պարզեցինք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուներն ամենաշատը բուկլետներ են պատվիրում: Կախված տպաքանակից ու էջերից՝ 1 բուկլետի արժեքը 60-120 դրամ է: Չնայած դրանց վրա կատարած հսկայական ծախսերին, թեկնածուների կողմնակիցներն այդ բուկլետները «զոռով-շառով» բաժանում են քաղաքացիներին: Օրինակ, Աջափնյակ թաղամասում, դեռ քարոզարշավը չսկսած՝ Սերժ Սարգսյանին աջակցող ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչները շրջում էին տնետուն՝ բուկլետները հանձնելու, բացի այդ, փողոցներում էլ ստիպողաբար անցորդների գրպաններն էին դրանք խցկում: Առաջատար թեկնածուների բուկլետների թիվը հասնում է միլիոնների: Ինչպես արդեն նշել ենք, Արման Մելիքյանն ընդհանրապես քարոզչության վրա փող չի ծախսել, իսկ մյուս թեկնածուների համեմատ ԺԿ թեկնածու Տիգրան Կարապետյանն է ավելի քիչ բուկլետ բաժանել՝ ընդամենը 200-300 հատ: Տ. Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Կարապետ Հակոբյանի պարզաբանմամբ՝ «այդքանն ենք համարել անհրաժեշտ»:

«Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանը ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա իր քարոզարշավն անցկացնում է բավականին պասիվ: Նա մեծ գումարներ չի ծախսում եւ մինչեւ այժմ հեռուստագովազդների համար ծախսել է ընդամենը 400 հազար դրամ, 100 հազար դրամ էլ ծախսել է 11 հազար օրինակ բուկլետների եւ 100 հազար օրինակ ծրագրի տպագրման համար: Մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում բուկլետների վրա պատկերված Արամ Հարությունյանի անորոշ հայացքը, նա մեզ հետ զրույցում բացատրեց, որ իր հայացքը նկարում ուղղված է դեպի պայծառ ապագան: Պարոն Հարությունյանն իր կարգախոսը վերցրել է Էդիտ Պիաֆից, որն ասում էր. «Ես կլինեմ ոչ թե բոլորի երգիչը, այլ՝ յուրաքանչյուրի»: Ա. Հարությունյանն էլ այն վերափոխել է. «Ես կլինեմ ոչ թե բոլորի նախագահը, այլ՝ յուրաքանչյուրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել