Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նավթալինոտ թուղթ»

Փետրվար 17,2008 00:00

Այսպես որակեց Մեղրիի տարբերակի վերաբերյալ փաստաթուղթը Ռոբերտ Քոչարյանը 4 հեռուստակայաններին երեկ տված հարցազրույցում:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ եթե որեւէ սպառնալիք լինի սահմանադրական կարգին՝ ինքն իր ողջ հնարավորություններով կկանխի այն. «Դա մեր պատասխանատվությունն է: Ես, որպես երկրի նախագահ, երկրում կայունության երաշխավորն եմ, սահմանադրական կարգի վրա ոտնձգությունը իհարկե թույլ չեմ տալու, եւ կարծում եմ, որ առիթ չեմ տվել երբեւէ կասկածելու իմ վճռականության մեջ: Ես միշտ պատասխանատվությամբ եմ կատարել իմ գործը, իսկ կարգուկանոնը այն լրջագույն ձեռքբերումն է, որի վրա խարսխված է մեր հաջողությունը: Եվ, իհարկե, մի խումբ մարդկանց երբեք թույլ չեմ տա այդ ձեռքբերման նկատմամբ որեւէ ոտնձգություն իրականացնել, դա թույլ չենք տա»: Այս թեմայի շրջանակներում նաեւ խոսեց դաստիարակչական աշխատանքների անհրաժեշտության մասին. «Պետք է առաջին հերթին բացատրական աշխատանք, եւ պետք է ձգտենք ամեն ինչին, որ խուսափենք առճակատումներից, եւ ես կարծում եմ, որ ի վիճակի ենք դա անելու»:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ անդրադարձավ քաղաքական կուլտուրային. «Ամեն մեկը փորձում է ցույց տալ, որ ավելի դուխով է, շրջապատը ավելի մեծ է, մի քիչ էլ փողոցային հոգեբանության երեւույթներ են: Այսպիսին է, ցավոք, քաղաքական մշակույթը. նույնիսկ հայտարարություններ են անում, որ սա այստեղից է փախել, այնտեղից է փախել: Սուտ է. իրավապահ համակարգը ՀՀ-ում հզոր է, եւ ես սա իմ աշխատանքի ձեռքբերումներից մեկն եմ համարում»:

Խոսելով Մեղրիի տարբերակի մասին, Քոչարյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանը «թափահարում է նավթալինոտ» թուղթ, որը քննարկվել է 1994 թվականին՝ իր իշխանության ժամանակ: Նա բացառեց Մեղրիի տարբերակը, ընդգծելով, որ «հայկական հողերը հայկական հողերի հետ ես չեմ փոխում: Իմ օրոք մեկ քառակուսի մետր հող մենք չենք կորցրել»:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին պահանջել է հետ վերադարձնել Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, որը հայկական ուժերի վերահսկողության տակ է անցել 1993 թվականի գարնանը: «Կայացավ Անվտանգության խորհրդի նիստ, եւ կայացվեց որոշում՝ անթույլատրելի համարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից նոր տարածքների ազատումը»,֊ հայտնեց նա: Ռոբերտ Քոչարյանի վկայությամբ՝ նույն արձագանքն է եղել Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու ձեւավորման բոլոր գործողություններից հետո. «Էդպես է եղել, եւ Հայաստանի իշխանավորներից այս հարցերը մենք քննարկում էինք եւ խորհրդակցում էինք միայն Վազգեն Սարգսյանի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել