Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԵՂԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ ԵՆ

Փետրվար 17,2008 00:00

\"\"Հաստատում է ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը

– Նախագահական ընտրարշավը բավական լարված մթնոլորտում ընթացավ՝ լի փոխադարձ մեղադրանքներով: Արդյոք նման անմիաբան գործելակերպը կարո՞ղ է հաջողության հասցնել ընդդիմությանը:

– Քարոզարշավն իրոք խիստ լարված էր: Ամեն գնով վարկաբեկելու, շանտաժի, կեղծ ու ստահոդ լուրերի տարածման, վարկաբեկելու միջոցով առաջ գնալը անպատվաբեր է: Այսպիսի մեթոդներով նախագահ չե՛ն կարող ընտրվել: Կոնկրետ ես երբե՛ք չեմ անցել կոռեկտության սահմանները, եւ բազմաթիվ փորձագետների, այդ թվում՝ միջազգային, գնահատականները վկայում են, որ ես այն եզակի թեկնածուներից եմ եղել, որ ուրիշներին վարկաբեկելով կամ անձնական վիրավորանքներ հասցնելով միավորներ չեմ վաստակել: Ես ներկայացրել եմ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, քննադատել թերությունները եւ առաջարկել եմ լուծումներ: Ոմանք, սակայն, այլ՝ անօրեն եւ անազնիվ ճանապարհ են ընտրել, ինչը ես միարժեք դատապարտում եմ: Գիտեք, եթե ձիու վրա թեւեր էլ դնեն, միեւնույն է՝ արծիվ չի դառնա: Ինչքան էլ փորձեն արհեստականորեն սրել իրավիճակը, իրականացնել վարկաբեկիչ գործունեություն, միեւնույն է՝ դա հաջողություն չի բերի, որովհետեւ փոս փորողն ինքն է ի վերջո հայտնվում փոսում:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն աբսուրդ են որակում այն հնարավորությունը, թե նա կարող է միանալ ձեզ՝ հիշեցնելով, որ ՀՀ առաջին նախագահին այսօր աջակցում են 23 կուսակցություններ, ազատամարտիկներ, անգամ ՀՀԿ խմբակցության անդամներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այն գնահատականներին, թե հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը չհանողները ցանկանում են բզկտել այդ ուժը, փոշիացնել ընդդիմության ձայները եւ ըստ այդմ՝ աջակցում են Սերժ Սարգսյանին:

– Վերաբերվում եմ վատ, որովհետեւ այսօր բոլոր՝ թե՛ միջազգային եւ թե՛ տեղական փորձագիտական գնահատականներով, միջազգային ու տեղական լրատվամիջոցների հաղորդումներով՝ մեր թիմն ունի հաղթելու իրական հնարավորություն, իսկ ես զբաղեցնում եմ կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ տեղը: Սա է ճշմարտությունը: Կան թեկնածուներ, որոնք հաղթելու որեւիցե հնարավորություն չունեն ու չեն միավորվում: Ինչպե՞ս կարող եմ ես միանալ, երբ 100 տոկոսով դեմ են մեր քաղաքական թիմը եւ մեր հարյուր հազարավոր աջակիցները: Ինչպե՞ս կարող եմ ես միանալ, եթե բոլոր գնահատականներով՝ ունեմ հաղթելու իրական հնարավորություն: Ավելի՛ն, դատավորի կեցվածք որդեգրելը եւ բոլորին պիտակավորելը համարում եմ անընդունելի:

– «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Արթուր Բաղդասարյանի հետ մենք խաղում ենք մի դաշտում, եւ այն ձայները, որ նա կստանա, իմ պոտենցիալ ձայներն են»: Իրոք ձեր ընտրազանգվածը նո՞ւյնն է:

– Ձեր հարցը նաեւ տալիս է պատասխանը, թե ինչու են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սպասարկող լրատվամիջոցները դիմում էժանագին շանտաժի՝ փորձելով մրոտել ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր մյուս թեկնածուներին: Նպատակը պարզ է. վատաբանել, վարկաբեկել ինձ, եւ երկրորդ՝ խլել իմ համախոհների ձայները: Բայց հիշեք, որ փորձված գայլը երկու ոտքով է ընկնում թալակը:

Ի դեպ, իշխանության շահերը սպասարկող լրատվամիջոցները եւս հրապարակում են կեղծ ու ստահոդ լուրեր եւ անվճար բաժանում բոլոր մետրոներում ու սուպերմարկետներում: Այսօր արդեն նույն իշխանական թերթը գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների միջեւ եղած սերտ կապի եւ ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Այսինքն՝ երկրում սկսվել է կոմպրոմատների պատերազմ, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ ինձ հավասարապես քարկոծում են թե՛ իշխանությունները, թե՛ Տեր-Պետրոսյանի թիմը: Այսպիսի գործունեությունը միարժեք դատապարտելի է:

– Իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված այն լուրերը, թե ձեր մարզային հանդիպումների կազմակերպմանն աջակցում է ՀՀԿ-ն, եւ մասնավորապես՝ Արմավիրում Սերժ Սարգսյանի շտաբը ավտոբուսներով մարդ է տեղափոխել Ձեր հանրահավաքին:

– Ո՞վ է տպագրել այդ լուրը՝ «Հայկական ժամանակը», որն ինձ ավելի շատ է քննադատում, քան Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին («Առավոտը» չի համարում, որ իրականում այդպես է.- խմբ.): Դա առնվազն զավեշտալի է: Մենք արդեն պաշտոնապես հայտարարել ենք, թե ինչպես են իշխանությունները խոչընդոտել մեր հանրահավաքային հանդիպումները, տվել ենք անուն-ազգանուններ:

Ավելի՛ն, իշխանությունները արտոնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները՝ կամայականորեն մերժեցին արտոնել փետրվարի 17-ին Մատենադարանի մոտ մեր տեղի ունենալիք հանրահավաքը:

– Երեկ հանրահավաքի ժամանակ Արմեն Ղազարյանը հայտարարեց, որ իր համախոհների հետ դուրս է գալիս «Օրինաց երկիր» կուսակցությունից, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ասաց, որ այլ նոր կուսակցականներ եւս կմիանան իրենց: ՕԵԿ-ից կա՞ նման հոսք:

– Սա պարզ շանտաժ է եւ լկտի սուտ: Արմեն Ղազարյանին զրպարտության համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար արդեն իմ գրասենյակը տարածել է պաշտոնական հայտարարություն: Մեր քաղաքական թիմը եւ ողջ վարչությունն առավել քան միասնական ու մարտունակ է, եւ կեղծ լուրերի տարածումը վկայում է հենց տարածողների փոքրոգության եւ խուճապային տրամադրությունների մասին:

Ավելի՛ն, մեր համախոհների թիվն էլ ավելի կրկնապատկվեց, երբ մարդիկ տեսան այս անպարկեշտ ու շանտաժային գործելակերպը:

– Ձեր նախընտրական շտաբի ղեկավարն ասուլիսում հայտնեց, որ Ապարանից ահազանգել են, թե արդեն սելիտրա են բաժանում, պարարտանյութ եւ 5 հազար դրամ, նույն ահազանգը կա Արթիկից, որ 5 հազար դրամ են բաժանում գյուղերում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ընտրակաշառք բաժանելու գործընթացն արդեն սկսվել է:

– Այո՛: Եվ իրավապահ մարմինները, գործադրելով իրենց օպերատիվ գործառույթները, շատ հեշտ կարող են հայտնաբերել ու պատժել մեղավորներին: Ժողովուրդը մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ասում է այս մասին, եւ լրագրողներն էլ լսում եւ արձանագրում են:

– Արդյոք արդեն իսկ ակնհայտ չէ՞, որ այս ընտրություններում ընտրակեղծիքների գլխավոր մեխանիզմը լրացուցիչ ցուցակներն են, եւ այդ պատճառով այսքան մեծ թափ ստացավ անձնագրերի հավաքը:

– Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ կեղծման գլխավոր մեխանիզմը լրացուցիչ ցուցակներն են: Ավելին, այդ մասին արդեն գիտեն միջազգային դիտորդները, եւ հենց իրենք են նաեւ մեզ փոխանցել այդ մտահոգությունը: Ավելի՛ն, մենք դիմել ենք ոստիկանական բոլոր ստորաբաժանումներին, որ տան լիարժեք տեղեկատվություն լրացուցիչ ցուցակների մասին: Եվ մեր կողմից հայտնաբերված անճշտությունները ուղարկել ենք ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ: Ընդամենը երկու օր ունենք, եւ եթե տեսնենք, որ այդ ցուցակները խայտառակ վիճակում են, ապա արդեն կարող ենք անել համապատասխան քաղաքական եզրահանգումներ:

– Ձախողվե՞ց ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական շտաբ ստեղծելու նախաձեռնությունը: Ըստ այդմ, այս առումով այլեւս համագործակցություն չկա՞ ընդդիմադիր ուժերի հետ:

– Մենք վճռական ենք պայքարելու ընտրական կեղծիքների դեմ, չնայած մերժվեցին մեր բոլոր 3 հրապարակային առաջարկներն էլ` կազմակերպել բանավեճեր, կազմակերպել համատեղ սոցիոլոգիական հարցումներ, ստեղծել ընտրակեղծիքների դեմ պայքարի միասնական շտաբ: Նույն Տեր-Պետրոսյանի թիմին առաջարկել ենք՝ եկեք համատեղ հարցումներ կազմակերպենք՝ պարզելու համար, թե ով է առաջատարը եւ ով ում պետք է միանա: Կրկին մերժեցին, եւ առաջարկը ընթացք չստացավ: Նույն մերժումը վերաբերվում է Ձեր հարցին:

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ասեմ, որ մենք դեմ ենք շանտաժով համագործակցելուն: Մենք արդար եւ ազնիվ գործակցության դիրքերից ենք միշտ հանդես եկել: Եվ նշեմ, որ պայքարելու ենք մեր 8000 հանձնաժողովի անդամներով ու վստահված անձանցով, որպեսզի ընտրությունների արդյունքները չկեղծվեն: Եթե այլ ընդդիմադիրներ եւս ունեն այս մտածելակերպը, ապա կարող են պայքարել մեզ հետ միասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել