Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքականությունը մոլախաղ է

Փետրվար 17,2008 00:00

Երեկ ռուսական «Վեստի» լրատվական ծառայությունը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: Ներկայացնում ենք սյուժեն՝ կրճատումներով.

«Ընտրություններին մասնակցում են ինը թեկնածուներ տարբեր կուսակցություններից եւ շարժումներից, այդ թվում՝ ինքնաառաջադրվողներ: Նրանք բոլորը ներկայացնում են Հայաստանի քաղաքական գունապնակը, բայց ընդհանուր առմամբ, եթե նայենք նրանց պլատֆորմները, ապա արտաքին քաղաքական կուրսի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով տարբերություններ չկան: Ռուսաստանը դիտարկվում է որպես ռազմավարական գործընկեր:

«Մենք չենք խոսում, այլ իրականացնում ենք մեր ծրագրերը, եւ դուք կարող եք տեսնել դրա արդյունքները: Մենք բարձրացրել ենք թոշակները 60%-ով: Նրանք խոստանում են չորս անգամ բարձրացնել: Հետաքրքիր է, ինչո՞ւ մինչեւ այդ չէին անում»,- ասում է ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ընտրությունների նախօրյակին Սերժ Սարգսյանը խարույկներ է վառում: Դա հին հայկական ավանդույթ է, որը նշանավորում է գարնան գալուստը: Վարչապետի երեխաները եւ տիկինը նույնիսկ մի քանի անգամ թռան կրակի վրայով, բայց ամուսնուն տիկին Սարգսյանը չկարողացավ համոզել: Թեկնածուին քաղաքականությունն էլ է հերիք: Այնտեղ էլ գրեթե ամեն օր կրակի վրայով թռնելու կարիք է զգացվում: Եվ օրեցօր ավելի թեժ է դառնում:

Կրակի վրա յուղ է լցնում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա լի է վճռականությամբ՝ վերադարձնել իշխանությունը, եւ իր ընտրարշավը կառուցում է վարչակազմի սուր քննադատության վրա: Տեր-Պետրոսյանը շատ կողմնակիցներ ունի, բայց էլ ավելի շատ են նրանք, ովքեր նրա իշխանավարման շրջանը կապում են պատերազմի, ավիրվածությունների եւ էներգետիկ ճգնաժամի հետ:

Որպեսզի բավարարվեն միայն մեկ փուլով, ապագա նախագահը պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին: Այստեղ յուրաքանչյուր ձայնն է կարեւոր, եւ այդ պատճառով ընտրողների անձնագրում կնիք է դրվելու՝ ընտրելուց անմիջապես հետո, որը ցույց կտա, որ նա իր ընտրությունն արդեն արել է:

«Մենք կարծում ենք, որ դա կերաշխավորի կեղծիքներից զերծ մնալը, եւ հասարակությանը թույլ կտա վերահսկել ընտրական պրոցեսը»,- ասում է ԿԸՀ նախագահը:

Վերջերս հայաստանյան ԿԸՀ-ի դիմաց դրվել է նարդի խաղացողի արձանը: Չէ՞ որ քաղաքականությունն էլ է մոլախաղ: Փետրվարի 19-ին ընտրողները զառ կգցեն եւ կորոշեն Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել