Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՆՑ ՈՐ ԿԿՈՒՆ ԿԱՆՉԵՑ

Փետրվար 17,2008 00:00

\"\"Երեկ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իր գլխավորած շարժումը փետրվարի 19-ին անտարակույս ավարտվելու է լիակատար հաղթանակով:

Արդեն մի քանի ամիս առաջ սկսված եւ գնալով ծավալված համաժողովրդական շարժումը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, երեկ Ազատության հրապարակում, փաստացի, տոնեց իր գալիք՝ փետրվարի 19-ի՝ ընդամենը դե յուրե ամրագրվելիք հաղթանակը: Այս միտքը տարբեր ձեւակերպումներով, բայց հստակ հնչում էր երեկվա հանրահավաքում, որը ընտրությունների քարոզարշավի փուլի ամփոփումն էր:

Հանրահավաքից դեռ 40 րոպե առաջ հրապարակը, որն արդեն սկսել էր «Հաղթելու ենք» եւ «Լեւոն» վանկարկել, արդեն լեփ-լեցուն էր այն աստիճանի, որ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը չկարողացավ զսպել իր զգացմունքները եւ հարթակից արձանագրեց. «Այսքան մարդասիրական, այսքան հայրենասիրական, այսքան մարդկանց հավաք Հայաստանում դեռ չի եղել»: Ընդհանրապես, երեկվա հանրահավաքին մասնակցեց, տարբեր հաշվարկներով, շուրջ 200 հազար մարդ, որոնք ողողել էին Կարապի լճի, Հյուսիսային պողոտայի սկզբնամասի եւ հրապարակի շրջակայքում գտնվող բացօթյա սրճարանների ողջ տարածքը: Հրապարակը ողողված էր նաեւ դրոշակներով եւ այսօրինակ բովանդակությամբ պաստառներով՝ «Ուզում ենք ապրել առանց Սերժիկի», «Եթե արյունահեղություն չեք ուզում, հանգիստ հեռացեք», «Դե, Սերժիկ ջան, կկուն կանչեց» եւ այլն:

Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ հայտարարեց, որ իշխանությունն ապրում է իր հոգեվարքը: Այլք, օրինակ՝ Ա. Մանուկյանը մինչ այդ նույնը այլ կերպ էր ձեւակերպել՝ «իշխանություններն արդեն խռխռոցի մեջ են»:

Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «այսօրվա հանրահավաքը նախորդներից տարբերվում է նրանով, որ հավաքվածների բռունցքները բարձրանում են առաջին շարքերից մինչեւ Կարապի լիճ»:

Առաջին ելույթ ունեցողը ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանն էր, որը տեսնելով հրապարակը ողողած մարդկանց՝ ասաց. «Էս տեսակ բան ես չէի տեսել: Էն ո՞վ է, որ սրա դեմը պիտի կանգնի: Կեցցեք, որ եկել եք ու բերել եք ձեր հույսը, հավատը՝ հանուն ձեր անցավորների եւ ապագայի: Սա արդեն հաղթանակ է»: Նա առաջինն էր, որ շեշտելով իր հայրենադարձ լինելու փաստը՝ իր ելույթում անդրադառնալով «Մեղրիի տարբերակի» գոյության փաստին, պահանջեց մեկ այլ հայրենադարձի՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հրաժարականը. «Պարոն Օսկանյան, կամ պետք է վեր կենաք եւ պաշտոնապես, ապացույցներով հերքեք, որ դա չի եղել, կամ պետք է հրաժարվեք: Մենք պահանջում ենք ձեր հրաժարականը, դուք մեզ խաբել եք, դուք պետք է հեռանաք»: Այս պահանջին միացան նաեւ հանրահավաքի մասնակիցները:

Լ. Տեր-Պետրոսյանին միացած կուսակցություններից մեկի՝ ԺՈՒԿ-ի ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանն ասաց, թե այս իշխանության «մեքենան խափանվել է, եւ այն դուրս գրելու ժամանակն է: Եվ այդ դուրսգրման ակտի տակ փետրվարի 19-ին ստորագրելու եք դուք՝ ժողովո՛ւրդ»: Նա ասաց, որ ԺՈՒԿ-ի հանգուցյալ նախագահ Մանուկ Գասպարյանը միացել է Տեր-Պետրոսյանի հետ՝ վստահ լինելով, որ միայն նա կարող է հաղթել գործող վարչախմբին: Իր ելույթը եզրափակելով՝ նա կանխավ շնորհավորեց հավաքվածներին՝ գալիք հաղթանակի համար: Խոսեց նաեւ ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Բարսեղ Թումանյանը: «Մեծարգո, գեղեցկագույն հայ ժողովուրդ: Ես չեմ եկել երգելու համար, պարզապես երկու բառ եմ ուզում ասել: Շատ խոսել չի կարելի, պետք է պարզապես հասկանալ խնդրի լուծումը: Խնդրի լուծումը սա է. որպեսզի մենք ունենանք բարգավաճ Հայաստան, մենք պետք է ընտրենք բարեկիրթ նախագահ»,- մատնացույց անելով Տեր-Պետրոսյանին՝ ասաց ժողովրդական արտիստը:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար Վարդան Խաչատրյանը: Նա ասաց, որ կուսակցությունն այսօր համաժողովրդական շարժման կողքին է եւ մի կողմ քաշվելու պատճառ չունի. «Դա է պատճառը, որ «Ժառանգությունը» հայտարարել է եւ իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է արել՝ իրենց ձայնը տալ համաժողովրդական շարժման առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանին, եւ մենք չենք կասկածում մեր հաղթանակին»:

Ելույթների արանքում հանրահավաքը վարող Ն. Փաշինյանը նկատեց, որ կիրակի օրը՝ փետրվարի 17-ին, ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը հանրահավաք է հրավիրել այդ նույն հրապարակում, եւ արձանագրեց, որ, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի, անառակի կիրակի է: Ասվածը թերեւս տպավորիչ էր:

Խոսեց նաեւ Տեր-Պետրոսյանին սատարող «Ոգու փորձություն. կամավորականների միավորում» հ/կ-ի հիմնադիր անդամ Սասուն Միքայելյանը: Նա անդրադարձավ ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանի՝ իրենց հասցեին արված «ասֆալտի ֆիդայիներ» արտահայտությանը եւ ասաց. «Վերջերս որոշ մարդկանց հիշողությունը մթագնել է: Դիմում եմ ՀՅԴ թեկնածու ընկեր Վահանին, որը մեզ անվանեց «ասֆալտի ֆիդայիներ» (հրապարակը միաբերան գոռաց՝ «ամո՜թ, ամո՜թ»- Ն. Մ.): Ես մենակ իմ օրինակն եմ բերում: 1992 թ.-ին Շուշիի ազատագրման ժամանակ ես ծանր վիրավորվել եմ եւ ստացել 107 բեկորային վնասվածքներ, որից 70-ը այսօր էլ կրում եմ իմ մարմնում: Այդ բեկորները կոչվում են օտար մարմիններ: Բայց այսօր ես հասկացա, որ այդ օտար մարմիններն ինձ համար ավելի հարազատ են, քան իշխանությունները՝ ժողովրդին»: Նա հիշեցրեց, որ իսկապես ասֆալտի ֆիդայիները 1993-94 թթ. այդ նույն հրապարակում մեր պետականությունն էին ջլատում, դարպասներ էին ջարդում: «Այս 10 տարվա մեր ազգովին տարած հաղթանակները եւ ազգովին կրած չարչարանքները մեր պատմության մեջ փաստել են երկու բան: Մեկն այն է, որ մենք Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ տարել ենք հաղթանակ, իսկ Քոչարյանի օրոք եղավ «Հոկտեմբերի 27»:

Հանրահավաքում շատերը խոսեցին, այդ թվում՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը: Նա հայտարարեց, որ երկրապահները համախմբվել են համաժողովրդական շարժման ղեկավար, ՀՀ հիմնադիր նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ: Նա ասաց, որ այս հրապարակում կանգնած Արցախյան ազատամարտի մասնակիցները, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները, ի տարբերություն ոմանց, գիտակցում են, որ «մթի ու ցրտի» կոչվող տարիները եղել են մեր ժողովրդի հերոսական մաքառումի, հաղթանակի, փառքի ու արժանապատվության տարիներ: Նա երկրապահների անունից հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում թույլ չեն տալու որեւէ ընտրակեղծիք անել, եւ դա ապահովելու համար անհրաժեշտ համարեց, որ ամեն ընտրատեղամասում մի քանի երկրապահներ լինեն՝ որպես վստահված անձինք:

Խոսեց նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, որը հայտարարեց. «Այս օրը ընդդիմության անցած 10 տարվա պայքարի, չվախենալու, ոտքի կանգնելու արդյունքն է, մեր տղամարդկությունը ցույց տալու օրն է»:

Նա նկատեց, որ հանրահավաքին եկածները ապացուցում են, որ որ հայ ժողովուրդը ունի արժանապատվություն: Նկատի ունենալով Ռ. Քոչարյանին՝ նա հայտարարեց. «10 տարի շարունակ մտել են մեր տունը եւ ասում են, որ տղամարդ չկա: Կա: Ուրեմն՝ եկեք ցույց տանք, որ Հայաստանում յուրաքանչյուր սխալ գործողություն պատժվելու է ձեր կողմից: «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչը, ի վերջո, պատասխան է տալու: Այն մարդիկ, ովքեր թալանել են ու կեղեքել, բոմժ են դարձրել ժողովրդին, նրանք պատասխան են տալու ձեր առաջ»։ ՆԺԿ առաջնորդը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը հաղթելու է, եւ հավելեց. «Մենք պետք է կանգնած մնանք մինչեւ վերջ: Նա, ով կլքի շարժումը՝ կլինի իսկական դավաճան: Եկեք այս անգամ կանգնենք տղամարդավարի՝ մինչեւ վերջ»:

Հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահը, ով եւս վստահ էր համաժողովրդական շարժման հաղթանակին: Հանրահավաքին հաջորդեց երթ, որի մասնակիցները դրա մեկնարկից մոտ 2 ժամ անց վերադարձան Ազատության հրապարակ՝ փետրվարի 20-ին Մատենադարանի մոտ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել