Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»

Փետրվար 17,2008 00:00

\"\"Աբովյանցիներին եւ Կոտայքի մարզի բնակիչներին Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ձայնը տալ միասնական թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին:

Աբովյանում, ինչպես կանխատեսել էինք, ՀՀԿ եւ ԲՀԿ միասնական թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար Գագիկ Ծառուկյանը չէր խնայել ոչինչ: Ընդունելությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «թագավորական»: Փողոցում փռված գորգեր, ծաղիկներ, փուչիկներ, «Առաջ, Հայաստան» պաստառներ, բազմահազար մարդիկ, մի խոսքով՝ չափազանց ճոխ, չափազանց բազմամարդ եւ չափազանց ակտիվ: Ամենեւին չենք չափազանցում, առանց այդ էլ իրականում բոլոր չափերն անցած էր: Երեւան-Սեւան մայրուղու առաջին իսկ կիլոմետրերից, Աբովյան ԳԱԻ-ից սկսած՝ ճանապարհի աջ կողմում Հանրապետականի ճերմակ դրոշներով զարդարված բացառապես ճերմակ «Նիվա»-ներ էին շարված, այդ շարքը ձգվում էր գրեթե մինչեւ Աբովյան:

Նախագահի թեկնածուի երեկվա հանդիպումը տարբերվում էր քարոզարշավի մյուս հանդիպումներից նրանով, որ Սերժ Սարգսյանից բացի, «Առաջ, Հայաստան» ամբիոնից խոսեց նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ասաց. «Մեր միասնական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, այսօրվա վարչապետը, եւ մենք միասին աշխատում ենք Հանրապետական կուսակցության հետ մեր միասնական թեկնածուի հաղթանակի համար: Այսօր միայն մեր թեկնածուն կարող է իրականացնել մեր ժողովրդի խնդիրները, նա լավ ծանոթ է երկրի պրոբլեմներին եւ ժողովրդի սպասելիքներին: Այսօր բոլորը կարող են խոսել ամբիոնից, բայց կատարել չեն կարող: Մարդիկ պետք է աշխատած լինեն եւ զգան այդ ծանրությունը, իսկ այսօր ժողովուրդը կարիք ունի, որ խոսքը գործ դառնա, որ ժողովրդին հնարավորություն տրվի ապրելու, ստեղծելու, կառուցելու, սովորելու, եւ մեր միասնական թեկնածուն այդ բոլորը ունի: Նա լավ գիտի մեր երկրի պրոբլեմները, մեր ժողովրդի սպասելիքները եւ խնդիրները: Կարճ ժամանակահատվածում մեր թեկնածուն՝ պարոն վարչապետը, շրջելով ամբողջ հանրապետությունով, մարզերում, քաղաքներում ծանոթանալով պրոբլեմների հետ, որը անհրաժեշտ էր՝ անմիջապես կարգավորել է, իսկ որը անհրաժեշտ չի եղել կարգավորելու, նա, ինքնըստինքյան, մտցրել է ծրագրի մեջ, որը աստիճանաբար, ժամանակացույցով պետք է իրականանա»: Ասաց, որ իրենց միասնական թեկնածուի «խոսքը միշտ գործ է դարձել»: Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզի բնակիչներին եւ հրապարակում հավաքվածներին կոչ արեց. «Բոլորս միասին փետրվարի 19-ին պետք է գնանք ընտրության եւ ձայնը տանք մեր միասնական թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին: Առաջ՝ դեպի բարգավաճ Հայաստան»:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզի եւ Աբովյան քաղաքի բնակիչներին կոչ արեց միանալ անտարբերության դեմ պայքարին. «Ես դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, դիմում եմ ուսուցիչներին, զինվորականներին, բանվորներին եւ մտավորականներին՝ թույլ չտանք, որ մեր ձեռքբերումները փոշիացնեն, գուցե համեստ՝ բայց ձեռքբերումները չդարձնենք ռեւանշի, թույնի մանրադրամ, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ձեռքբերումը եւ այս պայքարում, այս գործում մենք ունենք համակիրների մեծ բանակ»:

«Ամոթ է, ամոթ, երբ մարդիկ մի քանի քվեի կամ պաշտոնի համար, թեկուզ դա լինի հանրապետության ամենից բարձր պաշտոնը, փորձում են, ուրիշ բառ չասեմ՝ վատ եղանակներով պայքարել»,- հայտարարելով, որ քարոզարշավի ընթացքում գտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին մեր հասարակությունը բաժանել յուրայինների եւ օտարների, փորձեցին ջրբաժան անցկացնել մեր ժողովրդի մեջ, ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահի թեկնածուն վստահ է, որ իր ընտրությամբ, իր հաղթանակի արդյունքում հաղթելու է ողջ հայ ժողովուրդը, եւ հիշեցրեց, որ ինքը նույն միտքն ասել է նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո. «Ինձ համար հաղթանակ կլինի, եթե մեր ժողովուրդը ապրի ավելի բարեկեցիկ, ես հաղթանակ կհամարեմ, եթե մենք ընտրություններում կարողանանք այնպիսի վստահություն ստանալ, որ այս հաղթանակը բավարար լինի բոլորի համար, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի մեծ թիմով գնալ դեպի լավ Հայաստան»: Հիշեցրեց, որ իր կառավարությունում են ինչպես ԲՀԿ-ական, այնպես էլ ՀՅԴ-ական նախարարներ, նաեւ՝ երիտասարդ, նոր դեմքեր:

«Հայաստանը ինձ համար մի մեծ ընտանիքի նման է, եւ ես ցանկանում եմ, որ մենք մեր փոքրիկ երկրում ապրենք համերաշխ, ապրենք փոխադարձ սիրո եւ հարգանքի մթնոլորտում»,- անկեղծացավ նախագահի թեկնածուն եւ վստահեցրեց, որ իր ծրագրի իրականացման դեպքում հայրենիքից հեռացածները անպայման կվերադառնան. «Ես տեսնում եմ այդ օրը, ես տեսնում եմ Հայաստանի վաղվա լավ օրը, եւ ձեզ հետ միասին մենք անպայման հասնելու ենք այդ լավ օրվան»:

Հ. Գ. ՀՀԿ թեկնածուի նախընտրական կենտրոնական շտաբում երեկ զարմանալի ուրախություն էր տիրում: Իրենց բարձր տրամադրությունը ՀՀԿ-ականներն այսպես բացատրեցին. «Դեռ չգիտե՞ս, հաղթել ենք մեկ փուլով»: Կապրենք, կտեսնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել