Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 16,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ իններորդ

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԵՐՈՒՆ ԼՈՒՅՍԸ

Տարօրինակ ու աներեւակայելի երեւույթ է մարդ արարածը եւ չնայած մարդ արարածն առաջին հերթին իր հիշողության շնորհիվ է մյուս արարածներից ու կենդանիներից տարբերվում, բայց էդ հիշողությունը մշտապես վտանգված է եւ վտանգված է հատկապես է՛ն դեպքերում, երբ մարդ արարածն իր անձի վրա ավելի ու ավելի է կենտրոնանում եւ իր անձի վրա ավելի ու ավելի կենտրոնանալով՝ ավելի ու ավելի հաճախ է մոռանում, որ իրենից բացի՝ հիշողությամբ օժտված ուրիշ մարդիկ էլ կան, եւ եթե շարունակաբար իր անձի վրա ու շուրջ կենտրոնացածը երբեմն-երբեմն այլոց է՛լ է մտաբերում ու հիշում, ապա էդ ուրիշներին հիշում է միայն ու միայն հանգամանքների եւ հատկապես իրեն հետաքրքրող հանգամանքների բերումով. այսինքն, էս դեպքում մարդ արարածը ոչ թե հիշում է մյուս իր նմաններին, այլ ընդամենը նկատում է, ընդ որում՝ նկատում է ի՛ր իսկ շահերից ու հետաքրքրություններից դրդված, ու էս ասածս հիշողություն չես անվանի եւ եթե անվանես էլ, միեւնույն է, հիշողություն չի դառնա, որովհետեւ մյուս բոլոր կենդանիներն էլ օժտված են իրենց թշնամիներին ու բարեկամներին մշտապես նկատելու ու ճանաչելու հատկանիշներով, եւ եթե մարդ արարածն իր թշնամիներին ու բարեկամներին հիշում է ընդամենը հանգամանքներից ու շահերից դրդված, դրանով ոչ թե զատվում կամ սահմանազատվում է Աստծո արարած մյուս կենդանիներից, այլ, ընդհակառակը, նմանվում է նրանց, եւ փառք Աստծո, որ մեր տեսած ու մեր իմացած ո՛չ բոլոր մարդիկ են էսպիսին, այլապես մենք ո՛չ միայն մյուս կենդանիների հանդեպ մեր իսկ առավելությունից զրկված կլինեինք, այլեւ զրկված կլինեինք մյուս կենդանիների հետ համեմատվելու հնարավորությունից ու անհրաժեշտությունից, եւ ամենահետաքրքիրն էն է, որ մյուս կենդանիների հետ հօգուտ մեզ համեմատվելու իրավունքն ու հնարավորությունը մենք ոչ թե նվաճել ենք, այլ նույնպես ի վերուստ ստացել եւ լիուլի օգտվում ենք մեր էդ իրավունքից ու հնարավորությունից, եւ շատ հետաքրքիր է նաեւ, որ մյուս կենդանիների հետ հօգուտ մեզ համեմատվելու իրավունքից մշտապես ու հատկապես օգտվում են մեզանից նրանք, ում հիշողությունը մշտապես մթագնած է եւ ժամանակ առ ժամանակ լուսավորվում ու պեծին է տալիս իրադարձությունների ու դեպքերի բերումով միայն, եւ մշտապես մթագնած հիշողությամբ ապրողներս հանգամանքների ու դեպքերի բերումով ոչ միայն մեր բարեկամներին ու մերձավորներին ենք հիշում, այլեւ առաջին հերթին՝ օտարներին ու մեր թշնամիներին, եւ մեր թշնամիներին հանգամանքի բերումով ու միանգամայն հանկարծակի հիշելով՝ ոգեւորված աղաղակում ենք մեր թշնամյաց չարագործությունների մասին, հետեւողականորեն ու տեւականորեն չհասկանալով, որ ցանկացած չարագործություն կատարվում ու տեղի է ունենում հիշողության մթագնման հետեւանքով, եւ չնայած մեր շարքերում իսկապես կան ու գոյություն ունեն հիշողությունը պահպանած ու երբեւէ չկորցրած մարդիկ, բայց մշտապես մթագնած հիշողությամբ ապրողներս հենց սրա՛նց չենք նկատում եւ չենք նկատում վերստին հանգամանքների բերումով, մանավանդ որ՝ Աստծուց ի վերուստ հիշողություն ստացած եւ ստացածը գուրգուրած ու պահպանած մեր էդ հազվագյուտ կոլեգաներն առանձնապես չեն սիրում գոռգոռալ ու նկատվել եւ եթե ժամանակ առ ժամանակ մեր կողմից նկատվում էլ են, ապա վերստին՝ հանգամանքների բերումով միայն, եւ մեր միջի էս հազվագյուտները մշտապես իրենց հիշողության հետ են, եւ հանգամանքների բերումով մշտապես մենք ենք իրենց դուռը գնում, եւ չնայած իրենք էլ մյուս մահկանացուներիս պես զբաղմունք ու մասնագիտություն ունեն, այդուհանդերձ, երկրային էս մինուճար կյանքում իրենց բուն անելիքն ու առաքելությունն անխտիր ամեն ինչ հիշելն է, եւ սրանք, ի տարբերություն մյուսներիս, որեւէ բան հիշելու համար որեւէ ջանք չեն գործադրում, որովհետեւ, եթե մյուսներիս դեպքում սովորաբար որեւէ բան հիշելն է դժվար ստացվում, սրանց մոտ, ընդհակառակը, մոռանա՛լը ոչ մի կերպ չի ստացվում. ավելին՝ եթե մյուսներս հանգամանքների ու մեր իսկ շահերի բերումով ենք որեւէ բան հիշում, սրանք նույնիսկ հանգամանքների եւ իրենց իսկ շահերի բերումով չեն հաջողացնում որեւէ բան մոռանալ, եւ չնայած սրանց էս ամեն ինչ հիշելն ու որեւէ բան չմոռանալը մշտապես իրենց իսկ շահերի դեմ է, այդուհանդերձ, ոչ մի կերպ չեն կարողանում մեր էս երկրային անցուդարձերից որեւէ դրվագ մոռացության մատնել, որովհետեւ իրենց համար էս երկրային անցուդարձերում անկարեւոր ու երկրորդական դրվագներ գոյություն չունեն, եւ եթե մյուսներս միմյանց կյանքից որեւէ դրվագ հիշելով ու առանձնացնելով՝ աղաղակում ու փորձում ենք իրար ինչ-որ բան ապացուցել, ապա սրանք՝ էս ամեն ինչ հիշողներն ամեն ինչ ու ամենքին հիշելով՝ որեւէ մեկիս որեւէ բան չեն փորձում ապացուցել եւ որեւէ մեկիս որեւէ հարցում չեն մեղադրում, այլ, ընդհակառակը, շարունակաբար ու ներողամտորեն ժպտում են՝ ինչպես Հավատացյալ Խորենն էր ներողամտորեն ու շարունակաբար ամենքիս ժպտում, եւ հավատացյալ Խորենի պես սրանք էլ շարունակաբար ու ներողամտորեն ամենքիս ժպտալով ու որեւէ մեկիս որեւէ հարցում չմեղադրելով՝ մշտապես հիշում ու նկատում են մյուսներիս, եւ չնայած մշտապես իրենց տեսադաշտում ենք, այդուհանդերձ, երբեւէ մեզ դիտողություն ու նկատողություն չեն անում, այլ դեպքից դեպք ընդամենը խորհուրդներ են տալիս, բայց իրենց էդ խորհուրդները սովորաբար չենք հիշում ու չենք կատարում, որովհետեւ իրենց՝ էդ խորհուրդները տվողներին ենք շարունակաբար մոռացության մատնում, եւ չնայած մեր հոգիների խորքերով լավ էլ զգում ենք, որ սրանք են մեջներիս մաքուրներն ու հավատավորները, այդուհանդերձ, ամեն քայլափոխի ենք սրանց մոռացության մատնում ու չտեսնելու տալիս, եւ սրանց հետ առերեսումներն էլ առանձնապես հաճելի չեն, որովհետեւ սրանց հետ ամեն առերեսվելիս՝ ակնհայտորեն է աչքի զարնվում մեր ու սրանց էական տարբերությունը, ու էս հանգամանքն է նաեւ պատճառը, որ, թեպետ սրանց չենք ատում, բայց միասնաբար սրանց դուրս ենք մղում մեր կյանքից ու տեսադաշտից, եւ իրենք մշտապես ու նաեւ էսօրվա դրությամբ մեր կյանքից ու մեր տեսադաշտից բացակա են ոչ միայն էն պատճառով, որ առանձնապես չեն էլ ձգտում մեր կյանքում ու մեր տեսադաշտում լինել, այլեւ էն պատճառով, որ սրանց անհրաժեշտությունն զգում ենք միայն աշխատանքից ազատ ժամերին, եւ քանի որ մեր կյանքը մեզ համար վաղուց արդեն ոչ թե ընդամենը կյանք է, այլ՝ համատարած ու տաժանակիր աշխատանք, էդ մարդկանց արդեն ընդհանրապես չենք հիշում ու չենք նկատում, եւ սրանց չենք հիշում ու չենք նկատում հատկապես մեր աշխատանքի ամենաեռուն պահերին՝ երբ, ասենք, պատգամավոր, թաղապետ ու նախագահ ենք ընտրում կամ ընտրվում, եւ մեջներիս էդ հատուկենտներին ոչ միայն չենք ընտրում, այլեւ սրանց իբրեւ ընտրող էլ նկատի չենք ունենում, եւ սրանց՝ մեջներիս էդ հատուկենտ հավատավորներին չենք հիշում ու նկատի չենք ունենում ոչ միայն նախընտրական սեզոններին, այլեւ մեր քրիստոնեության տարեդարձները նշելիս, եւ մեջներիս էս հատուկենտ քրիստոնյաներն ու հավատավորները հատկապես մեր հոգեւոր դասի ուշադրությունից ու տեսադաշտից են դուրս՝ ինչպես որ Հավատացյալ Խորենն էր հոգեւոր դասի ուշադրությունից դուրս, որովհետեւ սրանք՝ մեջներիս էդ հատուկենտները եկեղեցի գնում են, բայց երբեք խրձերով մոմ չեն առնում ու մշտապես բացակա են զբաղվածներիս տեսադաշտից:

Ես, իհարկե, ամենեւին էլ է՛ն գրողներից չեմ, որոնք սիրում են մի գլուխ անակնկալներ մատուցել եւ իրենց էդ անակնկալներով պարբերաբար շշմեցնել ու ապշեցնել ընթերցողներին, եւ եթե որեւէ մեկին զարմացնելու ու շշմեցնելու փոքր-ինչ ցանկություն ու հավակնություն ունեմ, էդ փոքր-ինչը բացառապես վերաբերում է էս վեպիս անծայրածիր ծավալին, եւ եթե երբեմն-երբեմն էս վեպիս բովանդակային մասերով էլ եմ զարմանք հարուցում, դա ընդամենը ու միայն անկախ ինձանից է ստացվում, որովհետեւ ես գրականության մեջ ճշտի ու ճշմարտացիության կողմնակիցն եմ եւ շարունակաբար ինքս ինձ զսպելով՝ ճգնում եմ չխախտել ճշտի ու ճշմարտացիության սահմանները, եւ եթե, այնուամենայնիվ, էս գրությանս անծայրածիր տարածքում որեւէ զարմանալի բան է հայտնվում, դա նրանից է, որ արտաքուստ սովորական թվացող մեր էս կյանքն ինքնին զարմանալի է եւ, ինչու չէ, նաեւ՝ ապշեցուցիչ, եւ եթե գրողն իրականությանն ու ճշմարտացիությանը նույնիսկ չափից ավելի է կառչած, էլի, ուրեմն, անկախ իրենից կարող է ընթերցողի զարմանքը հարուցել, եւ եթե շարքային ընթերցողն իր իսկ հիշողության պարբերական կորուստների առթիվ սովորաբար չի զարմանում, գրողի հիշողության կորստի դեպքերում նույնիսկ չափից ավելի է զարմանում, որովհետեւ մահկանացուներից յուրաքանչյուրս անձամբ մե՛ր մոռանալն ենք մոռանում, մինչդեռ դիմացինի հիշողության կորուստները մշտապես նկատում ու նույնիսկ ծաղրի ենք ենթարկում, եւ որպեսզի շարքային ընթերցողը շարքային գրողի վրա մշտապես ու էապես չիշխի, շատ գրողներ իրենց իսկ ընթերցողներին շարունակաբար զարմացած ու շշմած են պահում եւ շատ հաճախ դա անում են իրականության ու ճշմարտացիության դեմ մեղանչելու գնով, որպեսզի, հասկանում եք, շարքային ընթերցողը տեւականորեն զարմացած ու շշմած մնա, որովհետեւ զարմանքից ազատագրված ու շշմածությունը թոթափած ընթերցողն ընթերցողի ամենավտանգավոր տեսակն է, եւ եթե չես ուզում, որ ընթերցողդ հիշողությանդ կորուստները շարունակաբար նկատի ու հայտնաբերի, պիտի ընթերցողիդ սանձերը մշտապես ամուր պահես, եւ սա արդեն ոչ թե իմ միտքն է, այլ՝ լուսահոգի գրող ու դրամատուրգ Ազատ Շահինյանինը, եւ չնայած լուսահոգին կյանքում չափազանց ազատ մարդ էր, բայց գրականության ու հատկապես դրամատուրգիայի հարցերում լավ էլ բծախնդիր ու հաշվենկատ էր եւ իր հանդիսատեսից լավ էլ վախենում ու մշտապես զգուշանում էր եւ մշտապես ասում էր՝ «կամ դո՛ւ պիտի հանդիսատեսիդ սանձես, կամ ինքը՝ քեզ» ու նաեւ ասում էր՝ «հենց բեմի վարագույրը բացվում ա, հանդիսատեսիդ ընենց բան պիտի ցույց տաս, որ մինչեւ ներկայացման վերջը շշմած ու էշացած վիճակում մնա» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «ու քանի դեռ հանդիսատեսդ շշմած ու էշացած վիճակում ա, բեմի վրա ինչ ուզես՝ կարաս ցույց տաս ու մտքովդ ինչ անցնի՝ կարաս դերասաններին ասել տաս», եւ լուսահոգին ոչ միայն ասում, այլեւ հենց էդպես էլ անում էր, ավելի ճիշտ՝ փորձում էր էդպես անել, եւ վերջին անգամ, երբ գրողների նախավերջին համագումարում իրեն տեսա ու հարցրի՝ «հը՞. ո՞ւմ ենք ընտրում», ինքն ասաց՝ «ով էլ ընտրվի, իմ համար մեկ ա, Արմո ջան» եւ շարունակեց՝ «դու գիտես, որ ես ոչ մի թշնամի չունեմ» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «ես մենակ մի՛ թշնամի ունեմ», եւ երբ հարցրի՝ «ո՞վ ա», ինքը թախծոտ ժպտաց ու ասաց՝ «հանդիսատե՛սը» եւ տխուր ավելացրեց՝ «հանդիսատեսիս հետ չեմ կարում լեզու գտնեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «չես կարո՞ւմ հանդիսատեսիդ շշմացնես», եւ ինքը մտահոգ պատասխանեց ու ասաց՝ «շշմացնելը շշմացնում եմ, բայց ընդմիջումից հետո ուշքի ա գալի. ընդմիջմանը զուգարան ու բուֆետ են գնում, իրար հետ շփվում ու ուշքի են գալի», եւ ես ասացի՝ «ուրեմն, պիտի ընդմիջումից հետո էլ շշմացնես», եւ Ազատը միանգամայն լուրջ ու միանգամայն թախծոտ ասաց` «մի անգամ ուշքի էկածին երկրորդ անգամ շշմացնելը շատ դժվար ա, մանավանդ՝ բուֆետից ու տուալետից հետո», եւ ես ասացի՝ «փաստորեն, անհնարին ա», եւ Ազատը ծիծաղեց ու ասաց՝ «անհնարին բան չկա. արդեն ձեւը գտել եմ», եւ ես հարցրի՝ «ո՞նց ես անում», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «հիմի առանց ընդմիջման՝ միակտանոց պիեսներ եմ գրում», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «լա՜վ ես ձեւը գտել», եւ Ազատը լրջացավ ու ասաց՝ «ծիծաղում ես, բայց լացելու բան ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա լացելու բան», եւ ինքը հարցիս չպատասխանեց ու հարցրեց՝ «էդ շան տղի Շեքսպիրը գիտե՞ս խի ա մեծ», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ ինքը չափազանց լուրջ ու չափազանց թախծոտ պատասխանեց ու ասաց. «Ինքը հանդիսատեսին մինչեւ էսօր էլ շշմած վիճակում ու էշացման պրոցեսում ա պահում»:

Ես, ի տարբերություն Շեքսպիրի ու Ազատի, չեմ էլ փորձում շշմեցնել իմ ընթերցողին, բայց դա չի նշանակում, թե իմ ընթերցողը շշմելու առիթներից բացարձակապես է զրկված, եւ չէր էլ կարող էդպես լինել, որովհետեւ ես միանգամայն ռեալիստ, ես կասեի՝ նեոռեալիստ գրող եմ եւ շարունակաբար փորձում եմ ինձ ու ձեզ կպած պահել մեր էս մինուճար կյանքին, եւ իմ ու ձեր էս մինուճար կյանքն էլ, ինչպես միշտ, շարունակաբար իր անակնկալներն է մատուցում ինձ ու ձեզ. այսինքն, շարունակում է զարմացնել եւ շշմեցնել ինձ ու ձեզ հավասարապես, ու էս անգամվա իմ զարմանալն ու իմ շշմելն իմ հիշողության հերթական մթագնման հետ էր կապված:

Ես ո՛չ թե չգիտեի, որ Մետաքսի Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Հրուշն ու իմ պատանեկության ընկեր Կրիվոյի Նվերը հարազատ քույր ու եղբայր են, այլ մոռացել էի, ավելի ճիշտ՝ չէի հիշում, իսկ ավելի ճշգրիտ՝ հիշելու առիթ չէր եղել, որովհետեւ մենք՝ մթագնած հիշողությամբ գոյատեւողներս ընդամենը դեպքից դեպք ու առիթից առիթ ենք իրար հիշում, եւ դա տեղի է ունենում հանգամանքների ու հատկապես մեր անձնական շահերի բերումով, եւ չնայած հանգամանքների ու շահերիս բերումով իմ համադասարանցի Հրուշին ու Կրիվոյի Նվերին հիշել ու իրենց մասին էս վեպիս մեջ ահագին գրել եմ, այդուհանդերձ, մոռացել ու չէի հիշում, որ իրենք հարազատ քույր ու եղբայր են, ընդ որում՝ էդ հանգամանքը տեւականորեն էի մոռացել, եւ էդ հանգամանքը չէի հիշում՝ երբ Հրուշի, Հրուշի աղջկա ու իրենց արտասահմանցի փեսացուի մասին էի գրում, եւ նմանապես էդ հանգամանքը չէի հիշում՝ երբ Պլանի գլխի իմ ու Նվերի հանդիպումն էի հիշում ու գրում, եւ չնայած Նար-Դոսի նրբանցքներից մեկի ամենախորքում գտնվող իրենց տանը մի քանի անգամ եղել եւ Նվերին ու Հրուշին իրենց էդ տանը մի քանի անգամ տեսել էի, այդուհանդերձ, իրենց մասին գրելուս էդ ամբողջ ընթացքում իրենց քույր ու եղբայր լինելու հանգամանքը խորապես էի մոռացել, եւ հիմա արդեն նույնիսկ իրենց սեւ ու ահավոր շանն եմ հիշում ու վերստին հանգամանքների բերումով եմ հիշում, որովհետեւ, չնայած չհաջողացրեց ինձ կծել, բայց իրենց էդ սեւ ու ահավոր շան անակնկալ ոստյունից ահավոր էի վախեցել, եւ հիմա՝ էս միանգամայն նոր հանգամանքի բերումով ո՛չ միայն Հրուշի ու Նվերի հարազատ քույր ու եղբայր լինելը հիշեցի, այլեւ՝ իրենց էդ ահավոր շանը, ինչպես նաեւ՝ իրենց ծխող ու չափազանց խոշոր տատին, ինչպես նաեւ՝ իրենց խոսող թութակին ու իրենց չխոսկան հարսին, այսինքն` Նվերի չխոսկան կնոջը, որին Նվերն իր առաջին սռոկից անմիջապես հետո հանիրավի կասկածեց ու երեխան գիրկը հորանց ճամփու դրեց, բայց էս ընթացքում Նվերի մասին ահագին տեղեկացված էի ու գիտեի, որ չորրորդ ազատազրկումից ու ծնողների մահից հետո կնոջ հետ վերամիավորվել ու ընտանյոք «Ընտանեկան լոտո» են ծախում, եւ հիմա Հրուշի առիթով Նվերին վերստին հիշելով՝ նաեւ հիշում եմ, որ չնայած իրենք մշտապես Նար-Դոսի նրբանցքի էդ տանն էին ապրում, բայց բոլորը Նվերին Կրիվոյի Նվեր էին ասում, որովհետեւ տեւականորեն ու չափազանց ամուր կապերով էր կապված Կրիվոյի գրպանահատների հետ:

– Ախպորս մասին էլ էիր ահագին գրել,- ասաց Հրուշը:

– Ի՞նչ եմ գրել,- զարմացա ես:

– Էն՝ որ Մոնումենտում կռվի մեջ էիք ընկել:

– Էդ կռվի վախտ մեր դասարանի Հովանի ու Նորոյի հետ էի:

– Գիտեմ,- ասաց Հրուշը:

– Որտեղի՞ց գիտես,- զարմացա ես.- Հովանին ու Նորոյին էլ ե՞ս ճանաչում:

– Որոշ չափով,- ժպտաց Հրուշը:

– Որտեղի՞ց ես ճանաչում:

– Էդ գրածներիցդ,- ծիծաղեց Հրուշն ու ավելացրեց.- էդ կռվից հետո՝ որ մասուրի թփերի մեջով փախնում ես, Պլանի գլխի կողմերն ախպորս ես, չէ՞, տենում:

– Հա,- ակնթարթորեն սթափվեցի ես.- Նվերին:

– Մոռացե՞լ ես, որ Նվերն ախպերս ա,- ժպտաց Հրուշը:

– Ո՞նց կարամ մոռանամ,- լրջացա ես.- հազար անգամ ձեր տանն էղել եմ:

– Հազարը շատ ես ասում, բայց մի քսան անգամ էղած կըլնես:

– Հա,- ասացի ես:- Ձեր շանն ու ձեր թութակին էլ եմ հիշում:

– Բայց մեր շան ու թութակի մասին ոչ մի բան չես գրել,- ծիծաղեց Հրուշը:

– Կենդանիների մասին չեմ կարում գրեմ,- ծիծաղեցի ես:

– Ի՞նչ կենդանի,- ծիծաղեց Հրուշը.- էդ թութակը մեզանից լավ էր խոսում:

– Էդ թութակը հիմի կա՞։

– Չէ,- ասաց Հրուշը.- էդ տանը մենակ հարսս ու ախպերս են, մեկ էլ՝ իրանց տղեն:

– Ախպերդ ու հարսդ միացել են, չէ՞:

– Հա,- հռհռաց Հրուշը:

– Խի՞ ես ծիծաղում:

– Էդ վեպիցդ եմ իմացել, որ միացել են ու հիմի «Ընտանեկան լոտո» են ծախում,- շարունակեց ծիծաղել Հրուշը:

– Իրանց հետ կապ չունե՞ս:

– Հանաք եմ անում,- լրջացավ Հրուշը.- ո՞նց կարամ իրանց հետ կապ չունենամ:

– Լավ ա, որ միացել են,- ասացի ես:

– Հա,- ասաց Հրուշը.- ե՛ս համոզեցի, որ միանան:

– Ճիշտ ես արել:

– Հետո էլ գրում ես, որ մարդկանց խառնող եմ,- ժպտաց Հրուշը.- ես որ չըլնեի, իրանք դժվար թե միանային:

– Ճիշտ ես արել,- կրկնեցի ես։

– Էդ տականքն ախպորիցս շան պես դողում էր:

– Ի՞նչ տականք:

– Էդ նախկին փեսես:

– Նվերը գիտե՞ր, որ աղջկադ ծեծում ա:

– Չէ,- ասաց Հրուշը.- որ ասեի, մի սռոկ էլ էդ տականքի պատճառով պիտի նստեր:

– Հաստատ կսպաներ,- ասացի ես:

– Չեմ էլ կասկածում,- ասաց Հրուշը:- Որ Նվերը վերջին անգամ բանտ ընկավ, ու հերնումերս էլ արդեն չկային, էդ տականքը լրիվ էր հաբռգել. աղջկաս օրուարեւ չէր տալիս:

– Լավ եք պրծել,- ասացի ես:

– Նվերը որ իմանա՝ էդ տականքի ձեռն ինչեր ենք քաշել, հիմի է՛լ դրան կմորթի:

– Ասում ես՝ հիմի Նվերենք «Ընտանեկան լոտո» են ծախո՞ւմ,- հարցրի ես:

– Դու ես ասում,- ծիծաղեց Հրուշը.- քո գրածներից ենք մեր կյանքի մասին իմանում:

– Նվերը կարդացե՞լ ա:

– Հա,- ասաց Հրուշը.- մենակ մեր ու իրա մասին գրածներդ ա կարդացել:

– Հետո՞:

– Մեր հատվածներն ավելի հավանեց, քան՝ իրանը:

– Իզուր ես տվել,- ասացի ես:

– Մեր մասին հատվածները որ կարդաց, ծիծաղեց ու ասեց՝ «Արմոն էդ պատմությունն ավելի պարզ ա պատմում, քան՝ դու ես պատմել»,- ժպտաց Հրուշն ու ավելացրեց.- աղջկաս ու Ալեքսի էդ պատմության վախտ Նվերը նստած էր, չէ՞:

– Հա,- ասացի ես ու հարցրի.- ասում ես՝ իրա հատվածն էլ կարդա՞ց:

– Հա,- ասաց Հրուշը.- ահագին երկար կարդաց:

– Հետո՞,- անհամբեր հարցրի ես.- ի՞նչ ասեց:

– Ահագին երկար կարդաց, հետո թերթը մի կողմ դրեց ու ասեց՝ «յանի ի՞նչ»:

– Իզուր ես տվել,- ասացի ես:

– Կարող ա՞ թաքուն պահեի,- զարմացավ Հրուշը.- կարող ա՞ անանիմկա ես գրել, որ վախենում ես կարդան:

– Էլ բան չասե՞ց,- հարցրի ես:

– Ասեց՝ «շատ ուժեղ հիշողություն ունի»: Հետո ասեց՝ «ծերից ծեր ճիշտ ա գրել»:

– Ուրիշ բան չասե՞ց:

– Ասեց. ասեց՝ «ես մտածում էի՝ Արմոն նկարիչ ա, բայց պարզվում ա՝ գրող ա»:

– Իզուր ես տվել,- ասացի ես:

– Շատ էլ լավ եմ արել,- ասաց Հրուշը:- Էդ բաները կարդալու համար չես գրո՞ւմ:

– Հեչ պարտադիր չէր, որ Նվերը կարդար:

– Ինչի՞,- զարմացավ Հրուշը.- կարող ա՞ արժանի չի:

– Ե՛ս արժանի չեմ,- կմկմացի ես:

– Չգիտեի, որ էդքան համեստ տղա ես,- ծիծաղեց Հրուշը:

– Իրա մասին առանձնապես լավ բաներ չեմ գրել,- կմկմացի ես:

– Սկզբում ես էլ էի մտածում, որ լավ բաներ չես գրել, բայց հետո որ մի քանի անգամ կարդացի, հասկացա, որ ճիշտ ես գրել:

– Միշտ չի, որ ճիշտը հաճելի ա,- կմկմացի ես:

– Սկզբում ախպերս որ կարդաց, ոնց որ մի քիչ վատ զգաց, բայց հետո որ մի քանի անգամ կարդաց, երեւի հասկացավ, որ առանձնապես նեղանալու բան չկա:

– Չի նեղացե՞լ:

– Ինքը հեչ իրա էդ տականք ընկերներից չի նեղանում, ուր մնաց՝ քեզնից նեղանա:

– Ես իրան միշտ էլ հարգել եմ,- ասացի ես:

– Գիտեմ,- քմծիծաղ տվեց Հրուշը.- գրածիցդ էդ հարգելդ զգացվում էր:

– Իրան միշտ էլ հարգել եմ,- կրկնեցի ես:

– Հարգել ես, բայց չես օգնել,- դառը ժպտաց Հրուշը:

– Ո՞նց պիտի օգնեի:

– Չգիտեմ,- ասաց Հրուշը:- Պիտի օգնեիր, որ իրա էդ կեղտոտ շրջապատից կտրվեր: Քեզ օգնել են, չէ՞:

– Ո՞վ ա օգնել:

– Չգիտեմ,- ասաց Հրուշը:- Հաստատ ինչ-որ մեկն օգնել ա, որ ինստիտուտ ես ընդունվել:

– Ինստիտուտն ի՞նչ կապ ունի:

– Շատ մեծ կապ ունի,- ասաց Հրուշը.- փաստորեն, ինստիտուտ ընդունվելուցդ հետո շրջապատդ փոխվել ա:

– Ճիշտ ես ասում,- մի քիչ մտածելուց հետո ասացի ես:

– Բախտդ բերել ա,- ասաց Հրուշը:

– Հեչ պարզ չի՝ ում բախտն ա բերել:

– Գրող ես դառել,- ժպտաց Հրուշը:

– Գրող դառնալը բախտի հետ ոչ մի կապ չունի:

– Ունի,- ասաց Հրուշը:

– Հեչ պարզ չի՝ գրող դառե՞լ եմ, թե՝ չէ:

– Լավ էլ դառել ես,- ժպտաց Հրուշը.- որ գրածներդ վրեքս ազդում ա, ուրեմն դառել ես:

– Ազդում ա՞ որ:

– Էն էլ ո՜նց,- տխուր ժպտաց Հրուշը.- ախպորս հատվածը որ կարդում էի, արցունքներս աչքերիցս չռռում էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել