Ութ գրոսմայստերներն սկսում են պայքարը
Երեկ Մեքսիկայի Լինարես քաղաքում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վասիլի Իվանչուկը, Վեսելին Տոպալովը, Պետեր Լեկոն, Ալեքսեյ Շիրովը, Մագնուս Կարլսենը եւ Թեյմուր Ռաջաբովը պայքարն սկսեցին «Morelia/ Linares» 21-րդ կարգի գերմրցաշարում: Նրանք Մեքսիկայում կպայքարեն մինչեւ փետրվարի 23-ը, որից հետո կտեղափոխվեն Իսպանիա՝ Լինարես ու մրցաշարի երկրորդ հատվածը կանցկացնեն այնտեղ: Հիշեցնենք, որ Արոնյանը 2006 թվականին հաղթող է դարձել այդ հեղինակավոր մրցաշարում:
Կխաղան չեզոք դաշտում
Հայաստանի եւ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաները երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այն կկայանա մարտի 26-ին չեզոք դաշտում՝ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում:
Դեպի վեր
ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակում Հայաստանը չորս աստիճան վեր է բարձրացել եւ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Աշխարհի 2010 թվականի առաջնության որակավորման մրցաշարի եվրոպական գոտու հինգերորդ խմբում մեր ընտրանու մրցակիցներից, մեզանից բացի, միայն Բելգիան է առաջընթաց ունեցել՝ 43-րդ տեղ (+6 աստիճան): Իսպանիան մնացել է նախորդ ամսվա 4-րդ հորիզոնականում, Թուրքիան երկու քայլ նահանջել է եւ այժմ 18-րդ տեղում է:
Դիրքերը զիջել են նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինան եւ Էստոնիան, որոնք զբաղեցնում են, համապատասխանաբար, 59-րդ եւ 125-րդ տեղերը:
Հայաստանի ազգային հավաքականը, բնականաբար, նույնքան աստիճանով վեր է բարձրացել նաեւ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային ցուցակում եւ գրավում է 41-րդ հորիզոնականը:
Մրցակիցները հայտնի են դարձել
Աշտարակի «Միկան» Անթալիայում ավարտել է ուսումնամարզական հավաքների հերթական փուլը: Թիմը, գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանի ղեկավարությամբ, պատրաստվում է փետրվարի 21-29-ը Աշգաբադում հանդես գալ Թուրքմենստանի նախագահի գավաթի ավանդական խաղարկությունում, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը $35 հազար է: Կազմակերպիչներն արդեն կատարել են վիճակահանությունը: «Միկան» ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Թուրքիայի ակումբների հավաքականը եւ տեղի «Շագադամը»:
Իրական հնարավորություններ ունեն
Երեկ Բոսնիայում պետք է մեկնարկեր հոկեյի աշխարհի առաջնության որակավորման փուլը, որին մասնակցելու էին Հայաստանի, Բոսնիայի եւ Հունաստանի հավաքականները: Նրանց պայքարում առաջին տեղը գրավողը մարտին երրորդ դիվիզիոնում հանդես գալու իրավունք է ստանալու: Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանի խոսքերով՝ մեր թիմն առաջադրանքը կատարելու իրական հնարավորություններ ունի:
«AEROFLOT OPEN»-ը մեկնարկել է
Մոսկվայում մեկնարկել է շախմատի «Aeroflot Open» միջազգային ավանդական՝ 7-րդ մրցաշարը, որի բոլոր չորս առաջնություններին, իսկ դրանք անցկացվում են շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած են 9 տուրից, մասնակցում են Հայաստանի 26 շախմատիստներ:
Դեռեւս վաղ է խոսել թեկուզ նախնական արդյունքների մասին (երեկ դեռ երկրորդ տուրի օրն էր): Մրցաշարային աղյուսակներում պատկերը որոշակիորեն կհստականա մոտավորապես 4-րդ, 5-րդ տուրերից հետո: Ասենք միայն, որ առաջին օրը հայաստանցիներից հաղթանակ տարել են 15 շախմատիստներ:
«Բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ»
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ վաղը Երեւան են ժամանելու «Բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ» ծրագրի հարավկովկասյան տարածաշրջանի համակարգող Վալերի Չոլարիան, GGPA միջմշակութային ծրագրերի ասոցիացիայի տնօրեն Անդերս Լեւինսենը եւ ծրագրի հարավկովկասյան երկրների վերահսկող Հենինգ Կուրլանդը: Այցի նպատակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության եւ սպորտի, երիտասարդության հարցերի նախարարի հետ ֆուտբոլի մասսայականության պետական աջակցության հարցերի քննարկումն է: