Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդուն կարելի է քննադատել, սխալները բացահայտել

Փետրվար 16,2008 00:00

Բայց փորձել ստորացնել եւ դրանից հաճույք ստանալ՝ անբարոյական է

Հարգելի խմբագրություն, անցած ամբողջ կյանքում մարդկանց հետ հարաբերություններում իմ մշտական ու անդավաճան ուղեկիցը եղել է արդարամտությունը: Դա շնորհ չէ՝ տրված որեւէ մեկի կողմից, ոչ էլ չարչարանքով է ձեռք բերված։ Դա պարզապես մարդկային տեսակի հարց է:

Սրտի ցավով եմ ասում, բայց նողկանք եմ զգում թե՛ հոդվածը նախաձեռնողների, թե՛ «տեղեկությունները» հրամցնողների նկատմամբ, երբ պատկերացնում եմ, թե ինչպիսի պատրաստակամությամբ ու հաճույքով են այդ նվաստները կատարել հանձնարարությունը:

Ինձ համար, իհարկե, անսպասելի էր հոդվածը, տհաճ: Ի վերջո, զրպարտանքն ու սուտը հաճելի չէ՝ հաշվի առնելով, որ կա ընտանիք, կան ընկերներ ու հարեւաններ, կա կոլեկտիվ։ Սակայն իմ պարագայում հոդվածի պատվիրատուները վրիպել են: Վրիպել են, որովհետեւ մարդուն առաջինը ճանաչում եւ գնահատում են ընտանիքը, ընկերները, հարեւանները, կոլեկտիվը եւ, վերջապես, ճանաչողները: Եթե հարգելի Ն. Վանյանը փորձեր արդարամիտ լինել եւ 1937-ից մեր օրերին ժառանգություն հասած թափթփուկների ու չարակամների շրջանից դուրս գար եւ շփվեր ինձ ճանաչողների հետ, կարծում եմ, նման հոդված չէր հրապարակվի (համոզված եմ, որ գլխավոր խմբագրի եւ լրագրողի բարոյականությունը թույլ չէր տա):

Ի տարբերություն առանձին նախկին եւ ներկա բազմաթիվ ղեկավարների, իմ պատկերացումները բավականաչափ տարբերվում են ԱՐԺԵՔ հասկացության ժամանակակից չափանիշներից: Ըստ իս, Արժեքը դաստիարակված երեխա ունենալն է, որը ցանկացած ժամանակ պատրաստ է եւ կարող է պաշտպանել թույլին, որի համար ծնողները իրենց ծառայող կամ մեծ ու փոքր քմահաճույքներ բավարարող ծառաներ չեն: Արժեք է համախմբված եւ համերաշխ ընտանիք ունենալը, արժեք է հարեւանների եւ կոլեկտիվի անկեղծ հարգանքը եւ, վերջապես, արժեք է բարոյական չափանիշներին բավարարող քաղաքացի լինելը:

Պետք է նորից հիասթափեցնեմ պատվիրատուներին, որ, ի տարբերություն իրենց համար գոյություն ունեցող արժեքների՝ «փող, փող եւ նորից փող», ես դավանում եմ իմ պատկերացրած արժեքները, որ, ի դեպ, հոդվածի պատվիրատուները ամենից լավը գիտեն:

Ինչ վերաբերում է հոդվածում բերված «փաստերին»:

Հարգելի Ն. Վանյան, ես չեմ խոսի լրագրողի անաչառության, ազնվության, փաստերը չաղավաղելու նրա պարտավորության եւ այլ՝ ցավոք, միայն տասնյակ տարիներ հետո մեզ համար հասանելի արժեքների մասին: Որ այսօր մենք այսպիսին ենք՝ դա փաստ է, եւ դրանում Ձեզ առանձնապես չեմ էլ մեղադրում:

1989թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 1997թ. դեկտեմբերի վերջը ես ընտանիքով ապրել եմ իմ ձեռքով կառուցված տնակում: 1997թ. դեկտեմբերից տեղափոխվել եմ բնակվելու նորակառույց Տարոն-4 թաղամասում: Մեծ տղաս դպրոցն ավարտել է 1998֊ին: Այդ կապակցությամբ նրան «Մերսեդես» չեմ նվիրել, երկու՝ մեկ մեծ եւ մեկ «փոքր» պատճառներով: Մեծ պատճառը դաստիարակությունն է: Իմ ընտանիքում ընդունված չէ ծնողների առաջ անիրական խնդիրներ դնել (երեխաները իրենք տեղյակ են ընտանիքի հնարավորություններին, դա դաստիարակչական փոքր, բայց կարեւոր մոտեցում է), «փոքր» պատճառը հնարավորությունների բացակայությունն էր:

Եղբորս՝ Աշոտ Մելիքյանի հետ կապված:

1981թ.-ից աշխատում է նախկին «Ավտոգենմաշ» գործարանում։ Համարվել եւ համարվում է գործարանի լավագույն մասնագետներից մեկր: Թաքցնելու կամ խորհրդավորության քողով ծածկելու ոչ մտադրություն, ոչ էլ կարիք ունեմ՝ չասելու այն, որ եղբայրս իսկապես հանդիսանում է ձեռնարկության մի քանի բաժնետերերից մեկը, որ այդ մի քանի բաժնետերերի համախմբվածության շնորհիվ միայն հնարավոր եղավ պահպանել արտաքին շուկաները եւ լինել Վանաձորի նախկին միութենական ենթակայության 24-25 խոշոր գործարաններից միակը, իսկ հանրապետությունում ճշգրիտ մեքենաշինական ուղղվածություն ունեցող քիչ թվով գործարաններից մեկը, որ դեռեւս պահպանում է արտադրական հզորությունն

երի գերակշիռ մասը եւ շարունակում պահպանել 300-ից ավելի աշխատատեղ:

Ինչ վերաբերում է բավականին ճոխ ներկայացված սեփականությանը, ապա իրականությունն այն է, որ 2005թ.֊ին եղբայրս, ԱՄՆ-ում բնակվող իր բարեկամի եւ ՌԴ-ում գտնվող իր ընկերների հետ գործընկերության սկզբունքով ձեռնամուխ է եղել սպասարկման ոլորտում բիզնեսի կազմակերպմանը:

Իմ եւ եղբորս հարաբերությունները բոլոր ժամանակներում եղել եւ մնում են որպես երկու արյունակից եղբայրների պարզ մարդկային հարաբերություններ եւ երբեք ոչ գործընկերային:

Վերադառնանք իմ ունեցվածքին: Նախ ասեմ, որ նույնիսկ կյանքի ամենաանբարենպաստ ընթացքի դեպքում ես չքավոր լինել չեմ կարող, տեսակս թույլ չի տա: Ես կարող եմ չլինել, բայց չքավոր լինել չեմ կարող:

Պարզվում է, որ ես բազմաթիվ ընկերությունների բաժնետեր եմ: Այս առումով հոդվածում ինձ մի փոքր «խնայել» են, ներկայացրել են միայն որպես քենակալիս՝ Սուրեն Մկրտչյանի Վանաձորի բարձր ջերմաստիճանային տաքացուցիչների գործարանի ընդհանուր բաժնեմասում ունեցած 5.9 տոկոսը կազմող փայաբաժնի տեր (իհարկե, այստեղ էլ «մի փոքր» սխալվել են՝ 5.9֊ի փոխարեն 22 գրելով)։ Ճշմարտությունն այն է, որ հիշյալ գործարանի սեփականաշնորհման ժամանակ Ս. Մկրտչյանն իմ խորհրդով իր ունեցած թվով 120 սերտիֆիկատներով դարձել է այդ գործարանի բաժնետեր:

Իմ հարստության մասին այսքանը, ինչու՝ որովհետեւ հասկանալի է, որ բարձր տոն վերցրած հոդվածի ստվերային հեղինակները, եթե ունենային փաստի նշույլ իսկ, ապա հոդվածը չէին զրկի փաստերի շլացուցիչ շքերթից։ Մեծ հաճույքով հոդվածը ստորագրող լրագրողին հրավիրում եմ մեր տուն՝ հարստության ստվերում մնացած մասին ծանոթանալու համար:

Վերջում ամենակարեւորի մասին:

Ո՞ւմ էր հարկավոր արդեն ութ տարի վանաձորյան իրադարձություններից հեռու գտնվող եւ դրանց անհաղորդ նախկին քաղաքապետին, որին տարիների հետ ավելի ու ավելի քիչ վանաձորցիներ են հիշում, նախագահական ընտրարշավի այս թոհուբոհի մեջ վերհիշել: Վերհիշել սեւացնելու մոլուցքով: Ձեռնարկումը հետապնդում է երկու նպատակ՝ նվազագույն եւ առավելագույն: Առավելագույն նպատակը Լեւոն Տեր-Պետրոսյանի վանաձորյան հանրահավաքի ժամանակ նախկին քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի հասցեին հնչեցրած ճշմարիտ կարծիքի հերքումն է եւ դրանով հակառակ կողմին հաճոյանալը, իսկ նվազագույնը՝ ձեռքի հետ վատություն անելը (սովոր են, կենսակերպ է): Ընթերցողներին տեղեկացնեմ, որ ստվերային հոդվածագիրը 1998թ.-ին, պատվերով, ինձ վարկաբեկելու նպատակով մի հոդված էր հրապարակել: Իմ կողմից պատասխան ստանալուց հետո նա վաստակեց «Սխալ» մականունը եւ այսօր Վանաձորում հայտնի է այդ անվամբ:

Եվ վերջում, եթե «Սխալը» որոշել է ինձ բացահայտել, դա իր համար ավելորդ զբաղմունք է: Ինձ բացահայտելու անհրաժեշտություն չկա: Ես միշտ բացահայտված եմ եւ բացահայտված եմ այնքանով, որ երբեք թույլ չեմ տալիս ինձ օգտագործել: Ինձ շրջապատող մարդկանցից ես թաքցնելու ոչինչ չունեմ եւ խորհուրդ եմ տալիս «սխալներին»՝ ավելորդ անհանգստություն չդրսեւորել. Հայաստանն իմ եւ իմ զավակների երկիրն է, եւ ես իմ ապրած կյանքով վաստակել եմ ազատ մարդ լինելու իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել