Քվեարկությունը, այո, բողոքական կլինի
Շողում էր ջերմ, փաղաքուշ արեւը: Հրապարակն արդեն ամբողջովին լեցուն էր մարդկանցով, եւ ինձ չէր հաջողվում մոտենալ պայմանականորեն ասած «պարտերի կենտրոնին», որտեղից ոչ միայն լսվում, այլեւ լավ երեւում են ելույթ ունեցողները: Դա նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական միջոցառումների ծրագրով նախատեսված հերթական հանրահավաքն էր: Միտինգի հենց սկզբից, ինչպես հետո պարզվեց՝ ոչ միայն ինձ մոտ, ասոցիացիաներ առաջացան մոռացված եւ թվում էր, թե նախորդ կյանքում մնացած հենց նույն այս Թատերական հրապարակում կայացած հանդիպումների հետ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ հավաքվել էր շատ հոծ բազմություն՝ տարբեր հաշվարկներով 80-100 հազար մարդ, այլեւ՝ մասնակիցների շրջանում տիրող տրամադրությունների շնորհիվ:
Ես մռայլ դեմքեր չհանդիպեցի. հասարակական տարբեր շերտերի մարդիկ ջերմորեն ժպտում էին ոչ այնքան միմյանց, որքան՝ իրենց ներկայության բուն փաստին: Բոլորը քաղաքավարի եւ բարեհոգի էին, շատերն այստեղ հանդիպում էին նրանց, ում վաղուց, գուցե դեռ հեռավոր 88-ից հետո չէին տեսել եւ ողջագուրվում, միմյանց ձեռք էին սեղմում այնպես, կարծես միայն երեկ էին բաժանվել: Ամբիոնից հնչում էին դաժան, երբեմն սարսափելի տեղեկություններ վտանգների մասին, որոնց առջեւ կկանգնի հասարակությունը, եթե ընտրողները չարթնանան լեթարգիական քնից եւ չկողմնորոշվեն երկրի ապագա ղեկավարի իրենց ընտրության մեջ, իսկ մարդկանց դեմքերը լուսավորված էին ժպիտներով: Մարդիկ շողացող դեմքերով միահամուռ գոչում էին բողոքական լոզունգներ: Ինձ թվում է, որ դրա պատճառն այն ժամանակների հիշողությունն էր, երբ հենց այս մարդիկ հաղթեցին, երբ հանրահավաքային պայքարը բերեց ազատ եւ անկախ երկրի կերտմանը՝ չկապելով դա այն հասարակության հետ, որը ձեւավորվեց արդյունքում՝ այսօրվա դրությամբ: Հավաքվածների մեջ առկա էր հանդարտ վստահության ոգին, հաղթողի զգացողությունը: Դա առավել եւս զարմանալի էր, քանի որ հրապարակում այս անգամ կար մեծաքանակ երիտասարդություն, եւ եթե ավագ սերնդի համար սեփական ուժի եւ փոփոխությունների անշրջելիության այդ գիտակցությունը հենված էր կենսափորձի վրա, ապա անհասկանալի է, թե որո՞նք էին այդ վստահության ակունքները երիտասարդ պատանիների եւ աղջիկների մոտ:
Անձամբ ես ամենեւին հիացած չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայիս գաղափարական շրջապատից: Չնայած դրան, կասկած չկա, որ նրանց մեծամասնությունը Տեր-Պետրոսյանի քաղաքական համակիրներն են եւ կիսում են նրա գլխավոր ծրագրային նպատակները: Ինչ մնում է առաջիկա ընտրություններում նրա միակ հակառակորդին՝ Սերժ Սարգսյանին, ապա վերջինս ընդհանրապես չունի համախոհներ: Նրա շրջապատը կազմված է ոչ թե կուսակցական, ծրագրային համախոհներից կամ պարզապես իր բարոյական սկզբունքները կիսող մարդկանցից, այլ՝ ենթականերից: Նա, ինչպես նաեւ գործող նախագահը, միայնակ են իշխանության մեջ: Նրանք ունեն որոշակի ազդեցություն, բայց այդ ազդեցությունը հենված է ոչ թե ընդհանուր հետաքրքրությունների, այլ՝ պարտադրված խոնարհության վրա, նրա հեղինակությունը հիմնված է ոչ թե ընկերների եւ համախոհների հարգանքի, այլ՝ վասալային շահի եւ վախի վրա: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ նման կախվածությունը երկար ձգվել չի կարող եւ վաղ թե ուշ այն կպայթի: Ավելի լավ է, եթե դա շուտ է լինում: Այդ դեպքում հասարակությունը պակաս կորուստներ է կրում:
Ընկերներիցս մեկը երկրում տիրող այս իրավիճակի մասին զրույցի ընթացքում, բազմանշանակալից շոյելով կզակը, ասաց. «Բայցեւայնպես, նախկին նախագահի համար քվեարկությունը դա բողոքական քվեարկություն է»: Այսինքն, տխուր է, որ կայանում է երկու չարիքներից փոքրագույնի ընտրությունը: Իհարկե, բողոքական է: Որքան ավելի լավ կլիներ ընտրարշավի հանդարտ ընթացքը, որի ժամանակ հասարակությունը որոշում եւ սրբագրում է ապագա զարգացման ռազմավարության շեշտադրումները, եւ ոչ թե՝ ճանապարհի սկզբունքային ընտրությունը: Բայց ուրեմն՝ որքան հզոր է այդ չարիքներից վատագույնը: Մեծ հաշվով, նախկին նախագահի վերադարձը քաղաքականություն՝ ինքնին բողոքական է: Տասը տարիների ընթացքում այս մարդը քաղաքական գործչի առումով ընդհանրապես կյանքի ոչ մի նշան չէր ցույց տալիս՝ նա զբաղվում էր իր գործով, աշխատություններ էր գրում, գրքեր հրատարակում: Եվ ես բացարձակապես համոզված չեմ, որ ընտրարշավի հոգսաշատ զբաղմունքը այս գիտնականի համար օր ծերության բաղձանքի առարկա էր: Շատ ավելի հանգիստ ու հաճելի է մտերիմներով շրջապատված լինելն ու սիրած գիտությամբ զբաղվելը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նվաճելու բան չունի. նա արդեն ընդմիշտ կմնա պատմության մեջ որպես անկախ Հայաստանի Առաջին նախագահ: Եվ ամենակարեւորը՝ նա գիտի ինչով զբաղվի քաղաքականությունից դուրս, ինչը չես ասի մնացած քաղաքական առաջնորդների մեծամասնության մասին: Դժվար է պատկերացնել, թե ինչ օգտակար գործով կարող է զբաղվել, օրինակ, ներկայիս նախագահը, եթե հայտնվի քաղաքական խաղերից դուրս:
Բացառված չէ, որ հենց այդ հանգամանքով են բացատրվում մամուլում հաճախակի հայտնվող սարկաստիկ եւ կծան հարձակումներն այս կապակցությամբ, թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լեզուներ գիտի, պատմությունից ուժեղ է, ծանոթ է փիլիսոփայությանն ու գրականությանը, եւ դա նրան խանգարում է քաղաքական իրավիճակներից գլուխ հանել, նվիրվել սեփական ժողովրդին եւ հասկանալ, թե ինչո՞ւմն է սեփական ազգի ազատության եւ անկախության իրական իմաստը: Կարելի՞ է, արդյոք, պատկերացնել, որ նորմալ երկրում կրթվածությունը դառնար հասարակական- քաղաքական առաջնորդին մեղադրելու պատճառ: Դա կնշանակեր հասարակության կատարյալ անգրագիտություն: Ավագ սերունդը դեռ հիշում է ՍՍՀՄ-ի 20-30-ական թվականները, երբ պատրանքային իշխանության հասած պրոլետարների կողմից անարգանքի սյունին գամվելու առիթ կարող էր դառնալ հասարակության կրթված շերտին պատկանելությունը: «Ա՛խ, դու՝ ցիլինդրավոր»: Իսկ մեզ մոտ դա չգիտես ինչու դարձել է չար կատակների առիթ:
Եվ այսպես, վերադառնանք բողոքականությանը: Առաջին նախագահը, որի հետ ժողովուրդը եկավ անկախության եւ հայտարարեց ազատ պետություն կառուցելու իր կամքը, դառնությամբ էր ականատես լինում, թե ինչպես այդ արժանավոր եւ հպարտ գաղափարները հետեւողականորեն վերափոխվեցին մի հասարակական կառույցի, որը կերտված է գողական «մալինայի» հասկացությունների հիման վրա՝ դոներով եւ կոնսիլյերներով, մի կայունությամբ, որն ապահովում է կնքահայրն անձամբ եւ նույնիսկ երբեմն արդար է լինում: Եվ դա նրա մեջ բողոք արթնացրեց: Բողոքը հասունանում էր ինչպես նրանց մոտ, ովքեր հավաքվել էին Թատերական հրապարակում, այնպես էլ նրանց մոտ, ովքեր դեռ չեն համարձակվում բացեիբաց խոստովանել դա: Այո, քվեարկությունը բողոքական է: Երկրի մեծամասնությունը չի ուզում այն հասարակարգը, որը կամրապնդվի, կկատարելագործվի եւ ինչ-որ իմաստով նույնիսկ կկայունանա՝ գործող վարչախմբի կողմից իշխանության ժառանգման դեպքում: