Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Փետրվար 16,2008 00:00

Մեզանում վատ ավանդույթ է ձեւավորվել՝ քարոզարշավի ընթացքում թեկնածուներն իրենց նկարներով եւ ցուցապաստառներով կեղտոտում են պատերը, իսկ ընտրություններից հետո ընտրվածներն ու չընտրվածները չեն էլ փորձում մաքրել քաղաքը: Հուսանք, այս անգամ նախագահի բոլոր ինը թեկնածուներն էլ, անկախ նրանից, թե ով կընտրվի, ընտրությունների հաջորդ օրն իսկ շաբաթօրյակ կկազմակերպեն եւ իրենց շտաբների աշխատակիցներին կհանեն փողոց՝ իրենց պատճառով աղտոտված պատերը եւ սյուները մաքրելու համար:

Իհարկե, սա երազանքի ժանրից է, իսկ երազանքը քաղաքական կատեգորիա չէ եւ թեկնածուների համար էլ պատերը մաքրելը ո՛չ թոշակի եւ աշխատավարձերի բարձրացման մասին կեղծ խոստում է եւ ո՛չ էլ ընտրողների համար արժանապատիվ կյանք ապահովելու նախընտրական ծրագիր: Սա կոնկրետ գործ է, որը ՀՀ նախագահի թեկնածուները եւ նրանց նվիրյալները հաստատ չեն անի: Ընկերներիցս մեկը վերջերս խորհուրդ էր տալիս՝ եթե ուզում ես իմանալ, թե մարդիկ ի՞նչ են մտածում ապագա ընտրությունների մասին՝ տաքսի նստիր եւ զրուցիր վարորդների հետ:

Նրանք ամեն ինչ գիտեն: Նստեցի: Առաջին իսկ պատահած վարորդին, պարզվեց, հետաքրքրում էր ոչ թե այն, թե նախագահական ընտրություններում ո՞ր թեկնածուն է ընտրվելու, այլ այն, թե ինչո՞ւ են թեկնածուներն իրենց պատկերներով փչացնում քաղաքի տեսքը: Եվ՝ որքան ավելի մե՜ծ էր տվյալ թեկնածուի նկարը, այնքան վարորդի զայրույթը մեծանում էր. «Տես, է, ի՞նչ է, միսս Հայաստանի մրցո՞ւյթ է, չե՞ն ամաչում, իբր ի՞նչ, բա տղամարդն իրեն էսքան կցուցադրի՞,
մի դեմք էլ լինի, ամոթ է, ամոթ»:

ԳՈՐԳԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
\"\"Դեռ 2003թ. նախագահական ընտրություններից այս սյան վրա մնացած Ստեփան Դեմիրճյանի նկարները տարիներ շարունակ հետեւել են Մաշտոցի պողոտայի բնակիչներին, իսկ այսօր «քաղաքական» սյունը ՀԺԿ նախագահի հետ համերաշխորեն կիսում է Արթուր Բաղդասարյանը:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՅՈՒՆ
\"\"Երբեմն նախագահի թեկնածուների շտաբների աշխատակիցները
իրենց թեկնածուի նկարը փակցնում են ամենաանսպասելի տեղերում, անգամ չկարդալով, թե ուրիշ ի՞նչ է գովազդվում նույն տարածքում:

 

 

 

ԶՐՈՒՑՈՒՄ ԵՆ «ԱՍՏՂԵՐԸ»
\"\"Տեսարան Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումից առաջ՝ մինչ «Առաջ Հայաստանի» բեմում ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի հայտնվելը, նրան սատարող աստղերը հասցնում են մի քանի անհամ կատակ անել իրենց լսելու եկած ընտրողների հետ եւ հետո՝ «Առաջ Հայաստանի» ֆոնին՝ «դեսից-դենից» զրուցում են «աստղային» թեմաների շուրջ:

 

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԺԱՄԸ

\"\"Քաղաքի պատերը ամենից շատ աղտոտվում են դաշնակցության թեկնածուի նկարներով, պատերին միայն դաշնակցականներն են նկարներ փակցնում, ընդ որում՝ «որքան շատ, այնքան լավ» սկզբունքով: Այս նկարը երջանիկ բացառություն էր, որ միայնակ էր, սակայն նրան շրջապատում էր պոեզիայի երեկոյի մասին այս ցուցապաստառը, եւ սրան նայելով՝ կարելի է դաշնակցության «Մահ կամ ազատություն» կարգախոսը փոխարինել «Սեր կամ ազատություն»-ով:

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ

\"\"ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկարներն այս խանութի ցուցա-փեղկին «համագործակցել» են միմյանց հետ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում:

ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ

\"\"

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ականները ուղեկցում էին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն Սերժ Սարգսյանն է» ցուցապաստառներով: Կարծես թե ինչ-որ մեկը դրանում կասկածո՞ւմ էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել