Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատների կեսը կգնա ընտրության»

Փետրվար 16,2008 00:00

Ասում է Ահարոն Ադիբեկյանը

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էր: Այս անգամ նա խոսեց ոչ թե թեկնածուների կամ կուսակցությունների վարկանիշների մասին, այլ ՀՀ քաղաքացիների ընտրական ակտիվության: Սոցիոլոգն ասաց, որ այս հարցմանը մասնակցել է 2400 քաղաքացի, համաչափ ընտրված՝ ըստ սեռի, տարիքի, կրթության, բնակեցման վայրի:

«Մեր ուսումնասիրությունները միշտ սկսում ենք հետեւյալ հարցով՝ մարդիկ հետաքրքրվու՞մ են քաղաքական իրադարձություններով, թե՞ ոչ: Եթե ընտրողն ասում է, որ ինքը հարցմանը չի մասնակցում, միեւնույն է՝ նրան էլ ենք հաշվում: Շատերը պատասխանում են, որ հնարավորինս հետեւում են նախագահական ընտրություններին, կան կարծիքներ էլ, որ կարեւոր թեկնածուներին են իրենք հետեւում: Ոմանք էլ միտումնավոր չեն հետեւում ոչնչի»,- հայտնեց սոցիոլոգը: Ըստ նրա, 23,5%-ը բացարձակապես չի հետաքրքրվում քաղաքական իրադարձություններով, 6%-ը գիտակցաբար չի մասնակցում ընտրություններին: Դրանք այն մարդիկ են, որոնք համարում են, որ, միեւնույն է՝ ընտրությունները անարդար ու կեղծված են լինելու, իսկ 17,5%-ն իր պատճառներն ունի: «Երբ վերաբաշխում ենք բոլոր տվյալները, ստացվում է, որ իր մասնակցության մասին հայտարարում է ընտրությունների գնացողների 68%-ը, «կախված» է մնում 2,5%-ը, չի մասնակցի 4,5%-ը, չի հետաքրքրվում 24%-ը»,- ասաց Ա. Ադիբեկյանը:

Հարցին, թե երկրի նախագահ դառնալու դեպքում այս կամ այն քաղաքացին ինքն անձամբ ինչպես կվարվեր, մեծամասնությունը նշել է աշխատատեղերի ստեղծումը, 27,7 %-ը ցանկացել է վերացնել աղքատությունը, շատ քիչ մասն էլ կարեւորել է կաշառակերության դեմ պայքարը: «Փաստորեն, եթե մի թեկնածու ասում է, որ ինքը կաշառակերության դեմ կպայքարի, նա կաշառակերների մի մեծ դասի իրենից վանում է… Կամ եթե մեկն ասում է, որ աշխատավարձերը կբարձրացնի, նա իր կոչը հասցեագրում է միայն պետծառայողների շատ փոքր հատվածին: Իսկ երբ ասում են, թե գործազրկությունը կկրճատվի, դա արդեն ուրիշ խնդիր է: Մենք ուշադիր հետեւել ենք բոլոր թեկնածուների ելույթներին, ոչ ոք իրականում ցույց չի տալիս այն ճանապարհը, որով կլուծի գործազրկության խնդիրը, իսկ դա ավելի կարեւոր է, քան թե աշխատավարձերի կամ թոշակի բարձրացումը: Եվ այն թեկնածուն է «ոսկե ձայներ» հավաքում, ով գոնե կոնկրետ քայլեր է մատնանշում»,- համոզված է սոցիոլոգը: Ա. Ադիբեկյանի հաշվարկներով, այս անգամ ընտրության մասնակցող աղքատների տոկոսը շատ քիչ է լինելու. «Նրանց կեսն է գնալու ընտրելու՝ այն էլ հուսահատված հատվածը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել