Երիտասարդ ռեժիսոր Մարինե Սարգսյանի համոզմամբ, այն նվիրյալների շնորհիվ է ապրում
Այսօր Ազգային օպերային թատրոնի խաղացանկի օպերային 8 ներկայացումներից 4-ը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բեմադրություններն են, իսկ մնացածը՝ այլ բեմադրիչներինը:
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան պետական ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի հերթական բեմադրությունը: Բեմադրող ռեժիսորն է երիտասարդ արվեստագետ Մարինե Սարգսյանը, որը Ազգային օպերային թատրոնում աշխատում է 1998-ից՝ Գեղամ Գրիգորյանի պաշտոնավարության օրվանից: Տեղեկացնենք, որ հիշյալ ներկայացումը բեմադրվել է 80-ականների վերջին, մեծանուն բեմադրիչ Նորայր Սարգսյանի ռեժիսուրայով: «Տրուբադուրը» վերականգնվել է վերջինիս դստեր՝ Մարինե Սարգսյանի կողմից, 2000թ., բեմադրիչ-դիրիժոր Օհան Դուրյանի ղեկավարությամբ:
Տեղեկացնենք, որ վերջին տարիներին Մ. Սարգսյանը գործունեություն է ծավալել նաեւ օպերային թատրոնից դուրս, օրինակ, 2003թ. «Էրեբունի-Երեւան», Անկախության օրվան նվիրված եւ այլ մեծամասշտաբ պարահանդես-դիմակահանդես միջոցառումներին հանդես է եկել ոչ միայն որպես բեմադրող ռեժիսոր, այլեւ սցենարի հեղինակ: Անցյալ տարի մեծանուն երգչուհի Տաթեւիկ Սազանդարյանի հոբելյանի առիթով Կամերային երաժշտության տանը երիտասարդ ռեժիսորի սցենարով եւ ռեժիսուրայով իրականացվել է հոբելյանական երեկո:
«Առավոտի» հետ հանդիպման սկզբում Մարինե Սարգսյանը նշեց, որ ինքը 1998թ. օպերային թատրոնում է հայտնվել Գեղամ Գրիգորյանի հրավերով. «Մեծանուն երգիչն ինձ ասաց, որ պետք է վերականգնել «Տրուբադուրը»: Հասկանալի պատճառով, ես չէի կարող նմանակել իմ հոր ներկայացումը: Ընդ որում, Վերդիի ցանկացած օպերա բեմադրելը առանց դրամատուրգիայի չի կարող իրականացվել»:
Մեր հետաքրքրությանը՝ տասը տարի շարունակ ընդամենը մեկ «Տրուբադուր» բեմադրելը քիչ չէ՞ ստեղծագործողի համար, մեր զրուցակիցն ասաց. «Բացի «Տրուբադուրից», ժամանակին Գեղամ Գրիգորյանի հետ, որպես երկրորդ ռեժիսոր, աշխատել եմ Տիգրանյանի «Անուշ», Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաների իրականացման համար, իսկ տարիներ առաջ Մարիինյան թատրոնից հրավիրված ռեժիսոր Էրիկ Գաբիտովի հետ, դարձյալ որպես երկրորդ ռեժիսոր՝ Ռախմանինովի «Ալեկո» օպերայի վրա…»: Ի՞նչն է խնդիրը, որ այսօր ձեր թատրոնի հետ կապված անընդհատ շեշտվում էր, որ տարիներ շարունակ, հանձին Գեղամ Գրիգորյանի, եղել է մեկ ռեժիսորի իշխանություն հարցին՝ ռեժիսորը պատասխանեց. «Տասը տարիների ընթացքում, անկեղծ ասած, չեմ դժգոհել իմ ստեղծագործական գործունեությունից: Ցանկացած թատրոնում երկրորդական դեր կամ աշխատող չկա: Ինչ վերաբերում է իմ՝ որպես տարիներ շարունակ երկրորդ ռեժիսոր լինելուն, լայն ընթերցողին տեղեկացնենք, որ դա էլ հանաքմասխարություն չէ: Ես ինձ համարում եմ երջանիկ արվեստագետ…»: Դիտարկմանը, թե 2008թ. հունվարի 1-ից իրենց թատրոնն աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի եւ ինչպիսի՞ն է երիտասարդ ռեժիսորի կարծիքն այս առիթով, արդյոք սպասվելիք կառավարման խորհուրդը կարդարացնի՞ թատրոնն առաջ տանելու ծրագիրը, Մ. Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր եմ համարում թատրոնի՝ կոլեգիալ սկզբունքով ղեկավարումը: Միամիտ չեմ ուզում երեւալ, բայց համոզված եմ, որ խորհրդում ընդգրկված ցանկացած գործիչ հետամուտ կլինի օպերային թատրոնի աշխույժ ստեղծագործական կյանքին»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ իր աշխատանքային տարիներին եղե՞լ է դեպք, երբ ինքը դիմել է տնօրենին կամ գեղարվեստական ղեկավարին՝ իր այս կամ այն ծրագիրը իրականացնելու առաջարկով: Մ. Սարգսյանն ասաց. «Մեկ դեպք հիշում եմ. հորս 70-ամյակի առիթով դիմեցի թատրոնի ղեկավարությանը՝ Պուչինիի «Բոհեմի» վերականգնման խնդրանքով, որը ժամանակին իրականացրել էր հայրս, սակայն տեխնիկական պատճառներով (նկատի ունի գումարը- Ս. Դ.) չիրականացավ երազանքս: Թատրոնը բարդ օրգանիզմ է, ամեն ինչ կարող է պատահել: Եվ լավ է, որ այսօր այնտեղ հիմնականում աշխատում են նվիրյալները»: