Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ջոկատներով առաջ չես գնա

Փետրվար 16,2008 00:00

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը վստահ է, որ կուսակցությունների գաղափարական հենքի վրա համախմբումը շուտով իրականություն կդառնա:

Թե ինչով կավարտվեն նախագահական ընտրությունները՝ պարզ կդառնա արդեն մեկ-երկու օրից, սակայն մի շարք դրական իրողություններ նախընտրական քարոզարշավն արձանագրեց կամ, ավելի ճիշտ՝ նպաստեց, որ որոշ բաներ իրականանան: Դրանցից մեկը որոշ կուսակցությունների միավորումն է եւ որոշների՝ վերամիավորումը: Նկատի ունենք առաջին հերթին ԱԺՄ-ի վերամիավորումը եւ Հարություն Առաքելյանի՝ ՀՌԱԿ, Սամվել Բաբայանի՝ «Դաշինք» եւ Ալբերտ Բազեյանի՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների միավորումը: Թեպետ ՀՌԱԿ-ի եւ ԱԺՄ-ի շուրջ տեղի ունեցող խոշորացման գործընթացներն ընթանում են միմյանցից անջատ, սակայն չի բացառվում, որ նույն գաղափարական հոսանքի ներկայացուցիչների ճանապարհները ինչ-որ պահից հատվեն, քանի որ մեզանում անցկացված բոլոր ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ նույն դաշտում գործող ուժերի անջատ հանդես գալը զգալի պակասեցնում է հաղթելու շանսերը: Մյուս կողմից հայտնի է, որ կուսակցությունների լիդերները հաճախ տառապում են ամբիցիաների հիվանդությամբ: Կարծում ենք, ճիշտ կլինի, որ եթե մեր նշած ուժերի ենթադրյալ համախմբումը տեղի ունենա, լիդերները չտառապեն «լիդերամանիայով» կամ կուսակցական «բրենդ» լինելու մղումներով չձգտեն բոլորին միավորել հատկապես իրենց կուսակցության շուրջ: Կարծես թե ամբիցիաներ չդրսեւորելու լավ օրինակ ցույց տվեցին Սամվել Բաբայանն ու Ալբերտ Բազեյանը, ովքեր համախմբեցին իրենց ուժերը ավանդական կուսակցության շուրջ՝ մի կողմ թողնելով այն, որ Հարություն Առաքելյանի գլխավորած ՀՌԱԿ-ը, գուցե, տվյալ պահին ավելի պակաս դերակատարում ուներ քաղաքական կյանքում: Մեր թերթին տված հարցազրույցում «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ վաղուց ժամանակն է գաղափարական նույն հենքն ունեցող կուսակցությունները միավորվեն եւ հանդես գան որպես մեկ միասնական ուժ: Ըստ «Դաշինքի» նախագահի, դա կնպաստի քաղաքական կյանքի առողջացմանը: Երեկ մեզ հետ զրույցում Ալբերտ Բազեյանն ասաց. «Տարիներ շարունակ արձանագրվել է, որ Հայաստանում քաղաքական կյանքը կայացած չէ, կուսակցությունների քանակը չափազանց շատ է, մի քանի տասնյակ կուսակցություններ զուտ գոյատեւման խնդիրներ են լուծում եւ շատ դեպքերում քաղաքական դաշինքները ձեւավորվում են ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ՝ ժամանակավոր խնդիրների շուրջ: Իսկ քաղաքական կուսակցությունների տարանջատման հիմքում ավելի շատ ընկած են ոչ թե գաղափարական տարաձայնությունները, այլ՝ իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Սա նորմալ չէ, եւ գնահատելով այս վիճակը, մենք քայլ ենք նախաձեռնել միեւնույն գաղափարական դաշտում գործող կուսակցությունների համախմբման առումով»: Այս քայլի նպատակը, պարոն Բազեյանի ներկայացմամբ, այն է՝ որպեսզի հստակեցվի քաղաքական դաշտը, որպեսզի խոշորանան կուսակցությունները, կուսակցությունների տարբերությունները լինեն գաղափարական եւ այս դեպքում, ըստ մեր զրուցակցի՝ կհեշտանա նաեւ ընտրողի գործը: Իրենց կողմից սկսված այս նախաձեռնությունը դրական գնահատելով, պարոն Բազեյանն ասաց, որ դրական են գնահատում նաեւ տարբեր կուսակցություններում սկսված համախմբման գործընթացները: Վերամիավորված ԱԺՄ-ի առաջնորդ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Միավորման այն գործընթացը, որ մենք սկսում ենք, վերաբերում է ոչ միայն ԱԺՄ-ին, այլ մենք մտնում ենք քաղաքական մի նոր փուլ, երբ բոլորն արդեն գիտակցում են, որ փոքր ջոկատային խմբերով առաջ գնալ հնարավոր չէ: Եվ, հետո, ընտրություններն էլ են ինչ-որ բան ցույց տալիս ոչ միայն թեկնածուների, այլեւ հասարակության մասին»: Նկատեց, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, թե բնակչության քանի տոկոսն է աջակողմյան, քանիսը՝ սոցիալիստական, իսկ Հայաստանում ընտրողները նույնիսկ չեն պատկերացնում, թե տվյալ թեկնածուին ընտրելը ինչպիսի Հայաստան է ենթադրում. «Եվ սա բերում է բլեֆի, սկսում են խոսել, որ էսինչը կապված է սրա հետ, էս մեկը հաղթող է եւ այլն: Այս վիճակում մենք 20 տարի տառապեցինք եւ հասկացանք, որ սա լուծում չի»: Պարոն Մանուկյանը հույս հայտնեց, որ ուրիշ կուսակցություններ եւս կհետեւեն իրենց օրինակին եւ ամբիցիաները մի կողմ թողնելով կմիավորվեն՝ ավելի մեծ քաղաքական ուժեր ստեղծելով. «Մենք նախաձեռնել ենք այս համախմբումը եւ հուսով ենք, որ ուրիշները եւս կնախաձեռնեն, որովհետեւ մենք ուզում ենք ունենալ ուժեղ մրցակից, գաղափարներով հզոր կուսակցություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել