Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՎԵՆԵՐԸ

Փետրվար 16,2008 00:00

\"\"Ակնարկում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Երեկ ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ այս նախագահական պայքարին իրենք պատրաստվում էին շատ վաղուց. «Հակառակ այն բանի, որ ԱԺ ընտրությունների արդյունքները բավարար չէին մեզ համար, եւ հակառակ այն հանգամանքի, որ իշխանություններն ամեն ճիգ թափեցին, որ մեզ իրենց ճամբարի մեջ տեղավորեն, եւ կոալիցիայի անդամակցության հրավերը պայմանավորեցին նախագահական թեկնածու չունենալու հանգամանքով, ինչը մեր կողմից չընդունվեց»: Ըստ նրա՝ այս ընտրություններում ՀՅԴ թեկնածուն կարող էր շատ ավելի քվե ունենալ, սակայն՝ «Իշխանություններն ամեն ճիգ թափեցին, որ այս պայքարը տեղի ունենա ապաքաղաքական մթնոլորտում, տեղի ունենա ինչ-որ մութի մեջ, լոզունգային մակարդակում, միտինգների մակարդակում: Եվ դրա ամենավառ ապացույցն այն է, որ հեռուստատեսությունը, որը հիմնական զենքը կարող էր լինել մտքերի, հայացքների եւ ծրագրերի բախման, տարբեր ուժերի քով-քովի բերելու, եւ տարբեր ուժերի իսկությունը ժողովրդին ի ցույց դնելու նպատակին ծառայեր՝ փակվեց քաղաքական ուժերի առջեւ»: Հրանտ Մարգարյանը նաեւ նշեց. «Հակառակ մեր ճիգ ու ջանքի, սկզբնական աշխատանքի, որ բոլորին մղեցինք, որ գնան քաղաքակիրթ, քաղաքական պայքարի եւ առնվազն այս անգամ մթնոլորտը չապականեն ցեխարձակումներով ու հայհոյախառն խոսակցություններով՝ հակառակ մինչեւ այսօր մեր ունեցած զուսպ կեցվածքի, կարելի է փաստել, որ մթնոլորտն ամենեւին էլ քաղաքական չէ, գաղափարական չէ»:

Նրա այս արտահայտությունները, նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ փետրվարի 13-ի հայտարարությունը, որտեղ մտահոգություն էր արտահայտված անհանդուրժողականության մթնոլորտի, «հաշվեհարդարի բացահայտ կոչերի ու սպառնալիքների, հասարակության մեջ թշնամանքի եւ փոխադարձ ատելության սերմանման» կապակցությամբ՝ առիթ դարձան, որ «Առավոտը» հետեւյալ հարցն ուղղի Հրանտ Մարգարյանին. «Ուրախությամբ արձանագրենք, որ ՀՅԴ-ն սկսել է խոսել ընդդեմ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի, որին ժամանակին ձեր կուսակցությունը եւս տուրք է տվել: Ուզում եմ այս կապակցությամբ հիշեցնել ժամանակին ՀՅԴ ներկայացուցչի (նա հիմա ՀՀ նախագահի խորհրդականն է) հայտարարությունները իշխանությունների համար կախաղաններ պատրաստելու վերաբերյալ, նաեւ ՀՀ նախագահի խրտվիլակն իր նստավայրի դիմաց վառելը եւ այլն: Այս փորձը հաշվի առնելով՝ կարո՞ղ եք այժմ վստահեցնել, որ նման գործելակերպը եւ մեթոդները Հայաստանի քաղաքական դաշտից պիտի դուրս մղվեն՝ ում կողմից էլ, որ դրանք գործադրվելու լինեն»: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք հավատացած ենք՝ Դաշնակցությունը ծովի է նման. իր միջից աղբը միշտ ափ է հանում: Եվ այս առումով՝ մենք պրոբլեմ չունենք, որ պատահում է նաեւ, որ մեր մեջ լինում են մարդիկ, որոնք դաշնակցականի նման չեն»: Ցույց տալով նրա մեջքի հետեւում Վահան Հովհաննիսյանի պատկերը՝ հիշեցրինք, որ հենց նա էր խրտվիլակ վառողը: «Խրտվիլակ վառելը մեր իրավունքն է,- ասաց պրն Մարգարյանը:- Այդտեղ է, որ սխալվում եք՝ մեկը ատելություն է, մյուսը քո իրավունքն է, եւ աշխարհի մեջ ժողովրդավարության մաս է կազմում: Այո՛, պետք է հանդուրժես նաեւ քո խրտվիլակի վառելը քո դեմ, պետք է հանդուրժես, եթե հավատում ես ժողովրդավարությանը: Այո, ես հասկանում եմ, որ մարդիկ չեն կարող հանդուրժել, որ նույնիսկ նստացույց է տեղի ունենում իրենց դեմ: Դրա համար հասնում են մի տեղ, որ ոստիկանը սկսում է փողոցում ժողովրդավարության դաս տալ: Բայց նաեւ ասեմ՝ այո՛, այսօրվա Դաշնակցությունը տարբեր է 10 տարի առաջվա ՀՅԴ-ից: Բայց իրականության մեջ տարբեր չի, որովհետեւ մարդիկ այն ժամանակ մեզ հասցրին այդ վիճակին, մեր օրինական պայքարը, մեր հանդուրժողական կոչերը չհանդուրժեցին: Մենք ասում էինք՝ լավ չեք, մենք՝ իբրեւ ընդդիմություն, ուզում ենք ձեզ օգնել, համադրենք մեր աշխատանքը: Ասում էին՝ ո՛չ, դուք իրավունք չունեք Հայաստանում լինել: Իրենք ստիպեցին եւ պարտադրեցին մեր արձագանքը»: Նա բավական երկար՝ շուրջ 15 րոպե պատասխանեց մեր հարցին՝ այս կապակցությամբ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ասենք, նշեց, թե գիտակցում էին, որ նրա թեկնածու լինելն իրենց օգտին է. «Ինքն ու իշխանությունը նույնն են՝ ընտրազանգվածի առումով, եւ ինքը տանում էր մեր մրցակցի քվեները: Մենք շահագրգռված էինք: Հովիկ Աբրահամյանը կարող է երեկ Լեւոնի հետ լինի, այսօր՝ Սերժի հետ լինի, վաղը նորից Լեւոնի հետ լինի, մյուս օրը՝ նորից Սերժի հետ լինի… Բայց մեզ մոտ չի գա ինքը»: Իսկ «Դրո» գործին առնչվող փաստաթուղթը հրապարակելու կապակցությամբ էլ Հրանտ Մարգարյանը բացականչեց. «Հովիվների մեջ կա սենց մի բան. ասում են՝ այծը, երբ մեջքը քոր է գալիս, քերվում է, գալիս է՝ քամակը քսում է չոբանի փայտին: Ի՞նչ գործ ուներ մեզ հետ, ինչո՞ւ խառնվեց, ինչո՞ւ կպավ մեզ»: Դարձյալ ընդգծեց՝ «տեսակով իրենք եւ իշխանությունը նույնն են: Եվ փաստը նույն ճամբարից փոխանակվող ուժերն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել