Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններն ավարտվելու են մեկ փուլո՞վ

Փետրվար 16,2008 00:00

Այս կանխատեսումն է արել ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը՝ նշելով, թե չի վախենում հետընտրական անկարգություններից:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «Ֆրանսպրես»֊ին տված հարցազրույցում կանխատեսել է, որ հաղթելու է մեկ փուլով եւ փետրվարի 19-ին 50 տոկոսից ավելի ձայն է ստանալու:

Անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության ճամբարից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունները կեղծիքների են դիմում՝ իր հաղթանակն ապահովելու համար Սերժ Սարգսյանն ասել է. «Երբեւէ տեսե՞լ եք որեւէ երկիր, որտեղ ընդդիմությունը իշխանությունների հասցեին մեղադրանքներ չի հնչեցնում, հատկապես ընտրությունների շրջանում: Այդ մեղադրանքների 99 տոկոսը իրականության հետ կապ չունի»:

Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները սպառնում են իրենց աջակիցների հետ փողոց դուրս գալ, եթե համոզվեն, որ ընտրությունները կեղծվել են՝ փաստում է «Ֆրանսպրես»-ը: Անդրադառնալով այդ հեռանկարին, Սերժ Սարգսյանն ասել է, թե ինքը չի վախենում հետընտրական անկարգություններից. «Վստահ եմ, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա: Վերջին 15 տարիներին մեր իրավապահ մարմինները ուժեղացվել են եւ կարող են իրականացնել իրենց առջեւ դրված ցանկացած առաջադրանք»:

«Նախագահ ընտրվելու դեպքում ես մտադիր եմ շարունակել Ռոբերտ Քոչարյանի ուղեգիծը,- ասել է Սերժ Սարգսյանը եւ մանրամասնել:- Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը շատ պարզ է՝ տնտեսական աճը դարձնել շարունակական, դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ, բարելավել հարաբերությունները հարեւանների հետ եւ խաղաղ ճանապարհով լուծել Lեռնային Ղարաբաղի խնդիրը»: Հարցրել է. «Դուք այստեղ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք»:

Խոսելով տարածաշրջանի հիմնախնդիրների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը եւ ցանկանում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ:

Նա համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիտարկմանը, թե ղարաբաղյան խնդրում շատ քիչ չլուծված հարցեր են մնացել:

«Հայաստանը մնում է պատրաստակամ՝ Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի հարաբերություններ հաստատելու հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ մեղադրել Անկարային՝ հարցը փակուղի մտցնելու համար. «Այժմ գնդակը Անկարայի դաշտում է: Մենք պատրաստ ենք առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Թուրքերն են, որ նախապայմաններ են դնում, մինչդեռ մենք չենք կարող ընդունել թուրքերի պահանջը, երբ նրանք կոչ են անում մեզ միանալ իրենց՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել