Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՍԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 16,2008 00:00

\"\"Երեկ Վանաձորի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին դարձյալ հեռակա կոչ արեց ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը:

Մինչ Վանաձոր՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի գալը՝ 66 տարեկան Անահիտ Մշեցյանը, որը կուսակցական չէ, echannel-ի թղթակցին հայտնեց, թե արդեն որոշել է իր քվեն տալ Արթուր Բաղդասարյանին: «Հավատում եմ նրան»,- ասաց թոշակառուն ու այն հարցին, թե ուզո՞ւմ է, որ իր թեկնածուն միանա Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին, միանգամից բացասական պատասխան տվեց: «Գիտես, իրա իշխանության տարիներին թոշակառուները արտոնություններ ունեին, ինքը ինձ դրանով շատ է օգնել, բայց ուրիշներին էլ վնասել է»,- նախկին նախագահից բողոքեց Անահիտ Մշեցյանը: «Թող ինքը միանա Արթուրին»,- եզրափակեց թոշակառուն: Նրա կողքին կանգնած երկու ծերունիները եւս դեմ էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միավորվելուն. «Արթուրը երիտասարդ է ու գրագետ, նա կարող է փրկել մեր ծանր վիճակը»:

Արթուր Բաղդասարյանին «Արցախ» պուրակում հավաքվածները դիմավորեցին ջերմությամբ՝ վանկարկելով «Ար-թո՛ւր նա-խա-գահ»:

Մինչ նրա ելույթը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարեց. «Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ժողովրդին պահում են աղքատության մեջ՝ նրանց ձայները մի քանի հազար դրամով գնելու համար»:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր ելույթում շարունակեց կուսակցի միտքը. «Նախկին իշխանությունները երկիրը հասցրել են այս վիճակին, հիմք են դրել կոռուպցիայի, անօրինությունների, սպանությունների, ամենաթողության, իսկ ներկա իշխանությունը շարունակում է այդ քաղաքականությունը»: Նա խորհուրդ տվեց «ոչ» ասել Ռոբերտ-Սերժ զույգին ու համոզմունք հայտնեց, որ բանիմաց, գրագետ վանաձորցիները չեն վաճառի իրենց ձայները մի քանի գրոշի դիմաց: «Ո՛չ ասենք ընտրակեղծիքներին, ո՛չ ասենք ճնշումներին, ո՛չ ասենք այն ստահոդ ինֆորմացիաներին, որոնք այսօր տարածում են մյուս թեկնածուները,- կոչ արեց Հեղինե Բիշարյանը:- Գիտե՞ք ինչու, որովհետեւ այսօր ցայտնոտային վիճակում են»:

Արթուր Բաղդասարյանն էլ նախքան իր ծրագրային դրույթները ներկայացնելը՝ խոսեց վերջերս իրեն ուղղված մեղադրանքների մասին ու վանաձորցիներին խորհուրդ տվեց չհավատալ իր հասցեին հնչող լուտանքներին ու ստահոդ տեղեկություններին: «Ո՛չ մի սուտ, ո՛չ մի կեղծիք, ո՛չ մի շանտաժ եւ զրպարտություն չի կարող ինձ կանգնեցնել,- հայտարարեց նախագահի թեկնածուն:- Սերժ Սարգսյանի հովանավորության ներքո գործող լրատվամիջոցները տարածում են կեղծ լուրեր, ստահոդ լուրեր, բերում-բաժանում են ժողովրդին: Նույնը սկսել է կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանը իր լրատվամիջոցներով, որ արդեն քանի օր է՝ զազրախոսություններ տպագրելով՝ բերում, փակցնում են, չգիտեմ, նույն այս պուրակում, բաժանում են քաղաքում»: Ա. Բաղդասարյանը եւս դա բացատրեց երկու թիմերում ստեղծված ցայտնոտային իրավիճակով, «Սա այն իրավիճակի արդյունքն է, որում հայտնվել են երկու թիմերն էլ»: ՀՀ նախագահի թեկնածուն նաեւ ասաց. «Շանտաժով ոչ մեկ չի կարող հաղթել, պետք է հաղթել արդարությամբ»: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «28 օր քարոզարշավի ընթացքում ես ոչ մի թթու խոսք չեմ ասել, ոչ մի անձնական վիրավորանք չեմ հնչեցրել որեւէ թեկնածուի նկատմամբ: Բայց դուք տեսեք՝ մի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանը, մյուս կողմից՝ իշխանությունը, Սերժ Սարգսյանը, շարունակում են իրենց լրատվամիջոցների միջոցով վարկաբեկիչ, անվանարկիչ, ստոր լուրեր տարածել»:

Նա հայտարարեց, թե ինքը միշտ էլ կողմ է եղել միավորումներին ու համախմբումներին: Սակայն դարձյալ պնդեց, թե համախմբումը կարող է տեղի ունենալ միայն առաջին փուլից հետո. «Ով որ կհաղթի, ով որ դուրս կգա, թող նրան էլ միավորվեն: Շանտաժով միավորման հորդորները մենք դատապարտում ենք: Կոչ ենք անում դադարեցնել սեւ քարոզչությունը»:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին` նախագահի թեկնածուն ասաց, որ երկրում առաջընթաց չկա, եւ իշխանությունները չունեն վիճակը բարելավելու հստակ ծրագիր: «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջոցով երկիրը դարձել է մի քանի հոգու բոստանը»:

Արթուր Բաղդասարյանը դատապարտեց վախի ու անազատության մթնոլորտը, խոսեց դոլարի արժեզրկման ու դրա հետեւանքների մասին: Նրա հրապարակած տվյալներով, անցած տարի Հայաստան ուղարկված 2,5 միլիարդ դոլարից արժեզրկման հետեւանքով մարդիկ կորցրել են 200 միլիոնը:

Ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը՝ խոստացավ 5 տարում ստեղծել 150 հազար նոր աշխատատեղ:

Հանրահավաքին ներկա էին ոչ միայն Վանաձորի, այլ նաեւ Սպիտակի եւ շրջակա գյուղերի ընտրողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել