Երեկ նրանք քննարկում էին ծավալել երկրում հանդուրժողականության եւ կայունության մթնոլորտի ձեւավորման թեմայով:
Երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպվել էր «Կայունությունը զարգացման հիմնական երաշխիքն է» խորագրով կլոր սեղան, որը նախաձեռնել էր «Կայունություն հասարակական շարժումը»: Մասնակցում էին քաղաքական ուժերի, հ/կ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ: «Կայունություն հասարակական շարժման» համակարգող Սուրեն Մամիկոնյանի խոսքերով, կայունությունը երկրի զարգացման եւ առաջընթացի հիմնական երաշխիքն է եւ յուրաքանչյուր հայրենասեր պետք է նպաստի դրան. «Ժամանակի մարտահրավերները, ցավոք, հավուր պատշաճի չեն ուսումնասիրվում, անհրաժեշտ վերլուծություններ չեն արվում եւ ինչ-ինչ քաղաքական շահարկումների տեղիք տալիս: Մենք ունենք հիմնական նպատակ՝ համախմբել կայունության ջատագովներին, հայրենասեր եւ պետականության կողմնակից հայերին»: Նա նաեւ հավելեց, որ իրենց կազմակերպությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում, որեւէ քաղաքական հոսանքի չի հարում: Ճանաչված գիտնական, պատմաբան Բաբկեն Հարությունյանի խոսքերով, պետությունը ազգի հարատեւության առաջին առավելությունն է. «Մենք հինգ դար շարունակ զրկված ենք եղել պետությունից: Ուժերի ահավոր լարման միջոցով միայն կարողացանք վերականգնել այն 1918 թվականի մայիսի 28-ին: Կարծում եմ՝ այսօր առաջին հերթին մտավորականությունը, ապա ողջ հասարակությունը պետք է ամեն ինչ անի մեր պետությունը պահպանելու, ուժեղացնելու համար: Բարգավաճ հասարակության նախապայմանն էլ է անկախ պետությունը: Չպետք է այնպիսի քայլեր անել, որոնք կվնասեն պետականությանը, չէ՞ որ այդպես ջուր կլցնենք մեր թշնամիների ջրաղացին: Իսկ ես վստահ եմ, որ դարերով իմաստնացած հայ ազգը երբեք սխալ չի գործի»:
Գրող, հրապարակախոս, «Նոր դար» կազմակերպության ղեկավար Աբգար Ափինյանն էլ կարծում է, որ հանրության մեջ մտավորականության միաբանության միասնական գործելակերպի պահանջ կա: Ըստ նրա, այդ միաբանությունը հնարավոր է միայն մեկ գաղափարի՝ կայունության շուրջը համախմբվելով. «Մովսես Խորենացին առաջինն էր, որ դառը խոսակցություն բացեց մեր երկրի պետականության վերացման մասին: Իսկ այսօր մենք՝ մտավորականներս, բարձր կարեւորություն ենք տալիս կայունության գաղափարին, այն համարելով մեր երկրի զարգացման կարեւոր պայման: Որպեսզի մտավորականի խոսքն էլ հասանելի լինի իշխանություններին ու ժողովրդին, պիտի համախմբվենք»:
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ձեւակերպմամբ, պետության կայունության մասին խոսելիս պետք է հասկանալ ե՛ւ մարտահրավերները, ե՛ւ վաղվա օրվա գաղափարները. «Եթե մենք ունենք պատմություն, ապա այն պահպանել ենք՝ ունենալու համար նաեւ ապագա: Եթե կայունությունը դառնում է ինքնանպատակ, դա տանում է լճացման: Լինելով տարբեր, բայց եւ միասնական, մենք ի վիճակի ենք ապահովել կայունություն, որն իր մեջ զարգացում է պարունակում: Ամենավտանգավորը պառակտումն է, եթե ժողովուրդը սկսի բաժանվել տարբեր հատվածների, իսկ վերջիններս էլ համագործակցելու փոխարեն հակամարտության մեջ մտնեն միմյանց հետ, հետեւանքները վտանգավոր կլինեն»: Ս. Զոլյանը մեջբերելով Պլատոնին՝ թե պետությունները կործանվում են անարդարությունից, հավելեց, որ անարդարությունը սկսվում է նրանից, երբ եսասիրական շահերն ավելի վեր են դասվում:
«Ազգային միաբանություն» կուսակցությունից Գագիկ Թադեւոսյանն էլ խոսեց առաջիկա ընտրություններից. «Մեր քաղաքական ուժը բազմիցս նշել է, որ ամսի 20-ին պետք է հաղթանակի հայ ժողովուրդը: Այստեղ անհատի հաղթանակն այնքան էլ էական չէ: Ոչ մեկին պետք չէ համոզել, որ կայունությունը պետականության պարտադիր պայման է, որովհետեւ բոլորն էլ համոզված են դրանում: Մեր խնդիրն է հարթել այն ծայրահեղ մոտեցումները, որը, ցավոք, իրականացնում են տարբեր քաղաքական ուժերի քարոզչամեքենաները: Պետք է հարթել «կա՛մ-կա՛մ»-ի մտայնությունը, որովհետեւ այդպես լինել չի կարող: Ցավոք, ընդդիմությունը երբեմն ներկայացվում է թշնամու կերպարով, բայց նա ամենեւին էլ թշնամի չէ… Հուսով եմ՝ փետրվարի 20-ին երկիրը կհանենք կայուն զարգացման մայրուղի»: Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն էլ խոսեց մեր երկրի մշակութային կայունության մասին. «Մեր երկրում վերջապես պետք է ձեւավորվի «իրական մշակույթ» հասկացություն: Պետք է կարողանանք, օրինակ, ժամանցային գրականության կողքին դնել մշակութային արժեքային համակարգի գիտակցությունը… Այսօր մեր երկրում ժամանցի ճանապարհով գնացող երիտասարդությունը հեռու է հայրենասիրությունից… Նրանց հարկավոր է օգնել, որ գիտակցեն մեր երկրի կարեւորության դերը»: