Պարզապես նա ամենաարժանավոր թեկնածուն է
1991-ին ես դարձա 18 տարեկան եւ սեպտեմբերի 21-ին առաջին անգամ օգտվեցի քվեարկելու իմ իրավունքից: Ինձ համար մեծագույն պատիվ էր «այո» ասել մեր երկրի անկախացմանը: Գրեթե նույնպիսի հպարտությամբ եւ հրճվանքով նույն թվականի հոկտեմբերի 16-ին գնացի ընտրատեղամաս ու քվեաթերթիկի վրա վավերացրի իմ կարծիքն այն մասին, թե ով է արժանի՝ դառնալ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյան: ՀՀ միլիոնավոր քաղաքացիների նման ես էլ վստահեցի ի՛մ նախագահին:
Հետո եկավ հիասթափությունը: Ոչ թե 1992-94-ին, այլ՝ ավելի ուշ: 1996-ին ես ընտրեցի Վազգեն Մանուկյանին: Ժողովուրդը՝ նույնպես: Բայց նախագահ դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1998-ին ընտրեցի Վազգեն Մանուկյանին, ապա երկրորդ փուլում քվեարկեցի «բոլորին դեմ»: Ժողովուրդն ընտրեց Կարեն Դեմիրճյանին: Բայց նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: 2003-ին ընտրեցի Ստեփան Դեմիրճյանին: Ժողովուրդը՝ նույնպես: Բայց նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: 2008-ին ես քվեարկելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:
Այո, ես գիտեմ, որ 1996-ին կեղծվեցին ընտրությունները: Եվ ես շատ կուզեի, որ ի՛մ թեկնածուն իր բազմաթիվ ներողությունների շարքում ժողովրդից առաջինը դրա համար ներում խնդրեր: 1996-ի սեպտեմբերի 26-ի դեպքերի համար՝ նույնպես: Կուզեի, որ ներողություն խնդրեր Վազգեն Սարգսյանի ասած «100% էլ հավաքեր՝ չէինք թողնելու» եւ հայտնի «Արշալույսգեյթում» Վանո Սիրադեղյանի ասած մտքերի համար նույնպես: Ես կուզեի, որ ի՛մ թեկնածուն ներողություն խնդրեր իր կառավարման տարիների ընթացքում կատարված բոլո՛ր բացթողումների եւ մեղքերի համար: Նրա համար, որ հաճախ մոռանում կամ հարկ չէր համարում բացատրել ժողովրդին իր արածները: Չէր պարզաբանում, չէր գովազդում արած կարեւորագույն քայլերն ու ափսոսանք չէր հայտնում չարված կամ չստացված նույնքան կարեւոր քայլերի համար:
Այո, ես չէի ուզի, որ իմ թեկնածուն հայտարարեր, թե իր կողքի մարդիկ իրենց ջանադրության չափով պաշտոն են ստանալու: Մի՞թե դրա համար են ջանում: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուի շուրթերից հնչեին նրան ամենեւին չսազող բառեր՝ «մկան լակոտ», «բոմժ» եւ այլն: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուի թիմը բոլորին բաժաներ սեւի ու սպիտակի՝ կախված իրենց նվիրված լինելու չափից: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուն որոշեր, որ բոլոր նրանք, ովքեր իրեն չեն միանում՝ ծախու են ու դավաճան: Որեւէ բարոյական, հոգեբանական, մարդկային իրավունք նա չունի մեղադրելու գոնե Վազգեն Մանուկյանին՝ իրեն չմիանալու համար:
Այո, ես կուզեի, որ իմ թեկնածուն լիներ իդեալական: Մաքուր, վեհ, բարձր, մի խոսքով՝ հրեշտակ: Շատ մարդկային է՝ դիմացինից պահանջում ենք այն, ինչին մենք ունակ չենք, եւ ինչից չափազանց հեռու ենք: Բայց իմ թեկնածուն մարդ է: Սխալական, մեղսավոր՝ ինչպես բոլորս: Եվ, այնուամենայնիվ, նա ոչ թե «չարիքներից փոքրագույնն է», այլ՝ ինը թեկնածուներից ամենաարժանավորը: Նա այն մարդն է, որի անունը ոսկե տառերով գրվելու է Հայոց պատմության էջերում: Նա այն մարդն է, որը ցանկանում է հասնել Ղարաբաղի հարցի վերջնական լուծմանն ու Հայաստանի ապաշրջափակմանը, քանի որ նա մտածում է Հայաստանի ապագայի մասին եւ ոչ թե՝ անցյալի: Նա այն մարդն է, որը չի վախենում բարձրաձայնել, որ հարեւան ժողովուրդները վաղ թե ուշ պետք է մի կողմ դնեն թշնամանքն ու խաղաղ ապրեն իրար հետ: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում են մնացած ութը: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում է պաշտոնական քարոզչությունը: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում են իր իսկ կադրերը: Նա այն մարդն է, ում դեմ պայքարում են 1998-ից առայսօր: Տասը տարի շարունակ: Ամենակեղտոտ, ամենազզվելի մեթոդներով: Նա այն մարդն է, որն անհավասար մարտի է ելել: Ու ես նրան հավատում եմ: Ես հավատում եմ, որ հիմա նա վերադառնում է մեզ համար, բոլորիս համար, Հայաստանի համար: Ես հավատում եմ, որ լռության եւ մտորումների այդ տասնամյակը իմ թեկնածուին սեփական սխալների մասին խորհելու եւ իրենից հետո եկածների սխալները տեսնելու լուրջ ժամանակաշրջան էր: Ես հավատում եմ, որ ներկայիս իրավիճակի մեջ իր անձնական պատասխանատվությունը զգացող մարդը այս անգամ արդեն չի սխալվի: Ավելի ճիշտ՝ քիչ կսխալվի: Առանց սխալների չի լինի, չէ՞ որ նա մարդ է: Ամենաարժանավորը՝ եղած իննի միջից: