Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է զգույշ պատճառաբանենք»

Փետրվար 16,2008 00:00

Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը

Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպեցին եւ 2007թ. ընթացքում ՀՀ դատարաններում գործերի քննության վիճակագրությունը ներկայացրին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Արման Մկրտումյանն ու նույն դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: 2007թ. քաղաքացիական պալատ մուտք է եղել 2095 վճռաբեկ բողոք: Դրանցից 115-ը փոխանցվել է 2008թ.: Քննության դրված 1980 վճռաբեկ բողոքներից 1515-ով կայացվել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում, 19-ով՝ վճռաբեկ բողոքը ետ վերցնելու մասին: Հարցին, թե համաձա՞յն է, արդյոք, Սահմանադրական դատարան դիմած քաղաքացիների այն բողոքներին, որ վճռաբեկ դատարանը արհեստական հիմքերով բողոքները ետ է վերադարձնում, Ա. Մկրտումյանը պատասխանեց. «Վճռաբեկ դատարան դիմելու հիմքերը հստակ նշված են Քաղաքացիական դատավարության օրենսգրքում. վճռաբեկ բողոք կարող են բերել այն դեպքում, երբ առկա է եղել դատական սխալ, մասնավորապես՝ նյութական դատավարական իրավունքի խախտումներ: Իսկ ըստ Դավիթ Ավետիսյանի, այդպիսի հարցադրումները թյուր կարծիքի դրսեւորումներ են, շատերին թվում է, թե վճռաբեկ դատարանը դատական երրորդ օղակն է, որի խնդիրն է ուղղել սխալները»: Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, որ վերադարձվող որոշումները չեն պատճառաբանվում, պարոն Ավետիսյանը նկատեց, որ զգույշ պետք է պատճառաբանվեն ետ վերադարձնելու մասին որոշումները: Իսկ, ընդհանրապես, վճռաբեկ դատարան դիմելու բողոքների որակը սկսել է վատանալ: Քաղաքացիական պալատի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ քննության դրված վճռաբեկ բողոքներից 268-ը (12,8%) բերվել է առաջին ատյանի դատարանի, 1115-ը (53,2%)՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի, 543-ը (26%)՝ ՀՀ տնտեսական դատարանի վճիռների եւ որոշումների դեմ: Ըստ Ա. Մկրտումյանի, ընդհանուր առմամբ անփոփոխ է մնացել կայացրած վճիռների 95,8%-ը: Ինչ վերաբերում է քրեական գործերին, պարոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի քրեական պալատ է մուտք եղել 229 վճռաբեկ բողոք եւ միայն 4 գործ է փոխանցվել 2008թ.: Քննության է առնվել 225 վճռաբեկ բողոք, 121-ով կայացվել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում, 12-ով բողոքը ետ է վերցվել: Քրեական պալատի նախագահն ասաց, որ կալանք է ընտրվել 2780 մարդու նկատմամբ, գրավի՝ այլընտրանքային խափանման միջոցի աճ է նկատվել 62-ի նկատմամբ: Նա նաեւ տեղեկացրեց, որ գրավ է արդեն կիրառվում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով: Ինչ վերաբերում է գումարի չափին, պարոն Ավտիսյանն ասաց, որ որոշակի չափ գոյություն չունի եւ դատարանն է որոշում գրավի չափը: Ուշադրության արժանի է այն, որ քրեական պալատ մուտք եղած բողոքներից 140-ը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռների դեմ է, իսկ 36-ը՝ առաջին ատյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել