Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԱՅԴ ՄԱՍԻՆ ԳՐԵՔ»

Փետրվար 16,2008 00:00

\"\"Տեղեկատվության տրամադրման լրագրողի պահանջը ապօրինի մերժելու համար պաշտոնյաներն օգտվում են նմանատիպ ցածրակարգ պատճառաբանություններից:

2007թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ, 105 լրագրողների շրջանում հարցումներ է իրականացրել՝ պարզելու, թե լրագրողներն ինչպես են օգտագործում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը եւ այդ տեղեկատվությունը ստանալիս ինչ խոչընդոտների են հանդիպում: Հարցմանը մասնակցած 105 լրագրողից 60-ը եղել է Երեւանից, 40-ը՝ մարզային լրագրող, 5 հոգի էլ՝ օտարերկրյա լրատվամիջոցների թղթակից:

105 լրագրողից 98-ը նշել է, որ ծանոթ է տեղեկատվություն ստանալու իրավական հիմքերին, սակայն գործնականում ոչ բոլորն են օգտվում օրենքով սահմանված իրենց իրավունքներից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շատ հաճախ լրագրողները հետեւողական չեն ապօրինի մերժումների դեպքում, նրանց մեծ մասը բավարարվում է մերժումների մասին պարզապես հրապարակելով, մյուս մասն էլ մերժումը բողոքարկում է տվյալ պաշտոնյայի վերադասին: Դատարան շատ քչերն են ցանկանում դիմել: Ինչպես հասարակ քաղաքացիները, լրագրողները դատարան չդիմելու փաստը պատճառաբանում են դատարանների նկատմամբ վստահության պակասով, երբեմն էլ դատական պրոցեսների ժամանակաշրջանում անհրաժեշտ ինֆորմացիան դառնում է ժամանակավրեպ եւ կորցնում է կարեւորությունը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նկատում է, որ լրագրողների 97%-ի կարծիքով թեեւ տեղեկություններ ստանալու իրավունքը վերաբերում է յուրաքանչյուրին, սակայն պաշտոնյաները խտրականություն են դնում քաղաքացիների եւ լրագրողների միջեւ: Խտրական վերաբերմունք է նկատվում նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Լրագրողները նման վերաբերմունքը բացատրում են այն հանգամանքով, որ պաշտոնյաները կամ տեղյակ չեն տեղեկությունների տրամադրման իրավական հիմքերին, կամ զգուշանալով լրագրողներից՝ աշխատում են խնդիրներ չունենալ նրանց հետ:

Կենտրոնը՝ պարզելու համար, թե որ գերատեսչություններն են ավելի բաց կամ փակ աշխատում, լրագրողների շրջանում հարցում է կատարել, որի արդյունքում 105 լրագրողի՝ 46% կարծիքով ամենաբաց եւ հրապարակային պետական մարմինը արտաքին գործերի նախարարությունն է, որը տեղեկություններ տրամադրելու հստակ ընթացակարգեր եւ լրագրողների հետ արդյունավետ աշխատաոճ ունի: ԱԳՆ-ին 38%-ով հաջորդում է Վիճակագրության ծառայությունը, Ազգային ժողովը՝ 36%, չորրորդ տեղում է կառավարությունը՝ 33%, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ 30%, մշակույթի նախարարությունը՝ 24%, 15%-ի կարծիքով էլ բաց է աշխատում կրթության եւ գիտության նախարարությունը:

Որպես փակ, տեղեկատվության առումով դժվարամատչելի եւ լրագրողների հետ աշխատելու կամայական կարգերով գրեթե հավասար ցուցանիշներով, ինչպես միշտ, առաջին եռյակում են Ազգային անվտանգության ծառայությունը՝ 38%, Ոստիկանությունն ու պաշտպանության նախարարությունը՝ 36-ական տոկոս: Հիշեցնենք, պաշտոնյաների շրջանում մեկ այլ հարցման արդյունքում, այս երեք գերատեսչությունները նույնպես փակ աշխատողի համբավ ունեն:

Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք թվում է, թե առավել մատչելի եւ հրապարակային պիտի գործեին հանրության համար, ըստ լրագրողների՝ առավել փակ կառույցներից են: Նրանց ընդամենը 23%-ն է կարծում, որ թաղապետարանից հեշտ է տեղեկատվություն ստանալը:

Հարցված լրագրողներից միայն 15%-ն է նշել, որ տեղեկատվություն պահանջելիս երբեք մերժման չի հանդիպել:

Լրագրողների 30%-ի կարծիքով, պաշտոնյաները ավելի հաճախ հակված են առանց հիմնավորելու եւ օրինական հիմքը նշելու պարզապես մերժել տեղեկատվություն տրամադրելը: Հիմնական մերժումները հետեւյալն են. «Ժամանակ չունեմ»՝ 30.4%, «Իրավունք չունեք ստանալու»՝ 24.7%, «Հիմնավորեք պահանջը»՝ 22.8%, «Քեզ չեմ տրամադրի»՝ 14.2%, «Ցանկություն չունեմ»՝ 8.5%: Այլ պատճառաբանությունների մեջ լրագրողները ավելացրել են նաեւ, որ պաշտոնյաները հաճախ իրենք են լրագրողների փոխարեն որոշում, որ տվյալ թեման հետաքրքիր չէ հանրությանը: Պաշտոնյաները ինֆորմացիա չեն ուզում տալ ծիծաղելի պատճառաբանություններով՝ «Դա ո՞ւմ է հետաքրքիր» կամ «Ի՞նչ պարտադիր է այդ մասին գրեք»: Լրագրողների մեծ մասը (64%) պաշտոնյաներին «զգաստ» պահելու համար նախընտրում է այդ մասին հրապարակել նյութում: Սակայն սա վերջին տարբերակն է: Շատերն էլ ընտրում են «անընդհատ դիմելու» հնարավորությունը: Ընդդիմադիր օրաթերթ ներկայացնող լրագրողներից մեկն էլ տվել է օրիգինալ պատասխան՝ «Նյութում այնպես եմ ոչնչացնում այդ պաշտոնյային, որ հետո ինքն է զանգում եւ հանդիպում խնդրում»: Դատարանին իրենց խախտված իրավունքների վերականգնումը վստահում է միայն լրագրողների 27.6%-ը, Մարդու իրավունքների պաշտպանին՝ 14.2%-ը:

Լրագրողներն ամենամեծ խոչընդոտը համարում են պետական պաշտոնյաների մտածելակերպը: Նշում են, որ պաշտոնյաներն իրենց տրամադրության տակ եղած ինֆորմացիան համարում են իրենց սեփականը եւ դրանց հետ վարվում են կամայական ձեւով: Պետական մարմիններում տեղեկատվության տրամադրման համար սահմանված մեխանիզմների բացակայությունը եւս 54%-ի կարծիքով լուրջ խնդիրներ է առաջացնում տեղեկություններ ստանալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել