Լրահոս
Օրվա լրահոսը

Սերիալները սատարում են Սերժ Սարգսյանին

Փետրվար 16,2008 00:00

Բացի չինովնիկներից, պետական մանր ու միջին կառույցներից, տաքսի ծառայությունների ու օբյեկտների տերերից, «չաստերից» ու

գաղութներից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարում են նաեւ հայկական սերիալների դերասանները:

Նախընտրական այս օրերին նախագահի թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում՝ մայրաքաղաքի բոլոր հնարավոր ու անհնարին տեղերում իրենց գովազդային վահանակներն ու պաստառները ցուցադրելու: ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան» լավատեսական կարգախոսն ու անթիվ-անհամար պաստառները «զարդարում» են մեր հանրապետության գրեթե բոլոր խանութների ու օբյեկտների ցուցափեղկերը, շենքերի պատերը, կանգառներն ու կամուրջները: Բացի այս, ի նշան հավատարմության ՀՀԿ կուսակցությանն ու Ս. Սարգսյանին, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի մեծ մասն ու բազմաթիվ շքեղ ավտոմեքենաներ քաղաքում երթեւեկում են մեքենաներին ամրացված սպիտակ դրոշակներով, որոնց վրա գրված է հանրապետական թեկնածուի կարգախոսը: Հասարակությունը պարզապես ստիպված է օրվա մեջ 24 ժամ ուշադրության կենտրոնում պահել հանրապետական թեկնածուին ու տարբեր հեռուստաեթերներով լսել կամ փողոցի ամեն մի անկյունում տեսնել նրա մեծադիր նկարները: Նախընտրական շրջանում Հանրային հեռուստաընկերության եթերից ու ռադիոյից օգտվելու թույլատրելի անվճար ու վճարովի 480 րոպեն կամ 8 ժամը Ս. Սարգսյանը սպառել է, թերեւս, նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրերին:

Վերջերս էլ վարչապետի թիմակիցները գովազդային նորամուծություն են «հնարել»: Նկատի ունենալով, որ մեր հասարակության մի զգալի մասն այսօր հեռուստասերիալների երկրպագու է, հատուկ նրանց համար Ս. Սարգսյանի թիմակիցները նախընտրական քարոզի նոր մեթոդ են ընտրել: «Վերվարածներն ընտանիքում» եւ «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալների հերոսները, բացի ֆիլմի ամենօրյա սցենարը ներկայացնելուց, ձեռքի հետ էլ հեռուստադիտողներին քարոզում են քվեարկել Ս. Սարգսյանի օգտին:

Նկատենք, որ վերոնշյալ սերիալները ցուցադրվում են արդեն շատ ամիսներ շարունակ եւ ոչ մի անգամ դերասաններից որեւէ մեկը հեռուստաեթերում չի հիշատակել Ս. Սարգսյանի արժանիքների ու նրա ազգանվեր գործունեության մասին: Եվ միայն ընտրություններից օրեր առաջ, չգիտես ինչու, դերասանները սկսեցին պարբերաբար հիշել նախագահի այս թեկնածուին ու հեռուստադիտողներին համոզել՝ «Մարդս ասում ա, որ գնանք ընտրենք Սերժին, մեկ ա՝ նրանից լավը չի լինելու»: Ու չնայած սերիալների սցենարների հեղինակներն ու ռեժիսորները վերջին մի քանի ամսվա ընթացքում չեն փոխվել, բայց սերիալներն իրենց թեմատիկայից մի փոքր շեղվել են: Օրինակ, «Վերվարածներն ընտանիքում» սերիալի դերասաններից մեկը՝ պարոն Կարպիսը, պատմում է, որ ինքը հենց նոր է Պարսկաստանից վերադարձել Հայաստան, ու քանի որ տարիների ընթացքում մեր երկիրն այսքան բարգավաճել ու առաջ է գնացել, նա էլ եկել է մեր երկրում ներդրումներ կատարելու, որպեսզի Հայաստանը նոր թափով շարունակի առաջ գնալ դեպի պայծառ ապագան:

Ըստ էության, հեռուստադիտողին ներկայացվողը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ քաղաքական թաքնված գովազդ, որը հակասում է «Ընտրական օրենսգրքի» կանոններին: Ըստ օրենսգրքի՝ քարոզչական նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են դրանց համար, հակառակ դեպքում՝ նմանատիպ գործողությունները որակվում են որպես ապօրինի եւ ենթակա են կասեցման: Այսինքն, գովազդատուն պարտավոր է նշել, որ հեռուստաեթերով ցուցադրվող հոլովակը կրում է գովազդային բնույթ: Գովազդը պետք է մատուցվի որպես գովազդ: Մինչդեռ վերոնշյալ սերիալներում այդ մասին խոսք անգամ չկա: Փաստորեն, մեր դերասանների գործը կրկնակի դժվարացել է: Բացի այն, որ նրանք պետք է իրենց նկարահանումների համար մեծ ու փոքր գումարներ տրամադրած հովանավորների կենցաղային տեխնիկան, սնունդը, հագուստն ու օբյեկտները գովազդեն, հիմա էլ ստիպված են առիթ-անառիթ գովաբանել Սերժ Սարգսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել