Ամբաստանյալի հարազատները պնդում են, որ տուժող կողմը «վերեւներում» իր կապերն օգտագործելով, փորձում է պատահական սպանությունը դիտավորյալ որակել:
Աբովյան քաղաքի բնակիչներ՝ Արարատ եւ Սոս Մելիքսեթյաններին պատկանող 08 OO 007 պետհամարանիշի սեւ գույնի «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 100 հազար դրամ, սպորտային սաղավարտ, որսորդական դանակ, կացին եւ «ՄՑ» տեսակի որսորդական հրացան՝ տուժողներին հասցնելով 2 միլիոն 375 հազար դրամի նյութական վնաս: Այս միջադեպը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 28-ին: Տուժողները դիմել են ոստիկանություն ու հայտնել, որ իրենց մեքենայից զենք-զինամթերք են գողացել, իսկ գումարի գողության մասին լռել են: Եղբայրներ Արարատ եւ Սոս Մելիքսեթյանները գումարի կորստի մասին ոստիկանությունում ոչ մի խոսք չեն ասել, քանի որ, իրենց իսկ խոսքերով՝ «Մեզ համար էդ խնդիր չէր, մենք մեր ուժերով մի 2-3 ժամվա մեջ կգտնեինք, թե էդ ում ձեռի գործն ա»:
Եղբայրների ինքնագործունեությունը մի նոր դժբախտ դեպքի պատճառ է դարձել, ինչի արդյունքում 3 մարդ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, մեկն էլ մահացել է: Մահացածը Արարատի եւ Սոսի մորաքրոջ որդին է՝ Արման Ղամոյանը, որը, ըստ էության, դեպքի մասնակից է դարձել միայն իր քեռորդիների «թասիբին» կանգնելու համար: Միջադեպի հետ որեւէ առնչություն չի ունեցել նաեւ ներկայումս ամբաստանյալ Արման Սիմոնյանը, որի քրոջ որդուն՝ Արգիշտի Աբրահամյանին Մելիքսեթյանները մեղադրել են կատարված գողության համար:
Այս գործով դատավարությունը ձգվում է արդեն մեկ տարուց ավելի. այդ ընթացքում տարբեր պատճառներով մի քանի դատավորներ ու դատապաշտպաններ են փոխվել: Ա. Սիմոնյանի հարազատների ներկայացմամբ, քանի որ Մելիքսեթյանների թիկունքին կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձ է արվում զուտ պատահական տեղի ունեցած դժբախտ դեպքը կանխամտածված, դիտավորյալ սպանություն որակել: Ըստ նրանց` Մելիքսեթյաններին հովանավորում է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Ստեփանյանը, որը Սոս Մելիքսեթյանի բարեկամն է:
Երեկ ՀՀ քրեական դատարանում հերթական նիստն էր, որի ընթացքում Մելիքսեթյան եղբայրները պատմեցին, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել:
Արարատ Մելիքսեթյանի խոսքերով, իրենք «շրջապատի տղեքից» տեղեկացել են, որ գողության պահին Իսակովի պողոտայում կանգնած իրենց մեքենայի մոտ տեսել են նորագյուղցի Արգիշտիին: Ուստի, ենթադրելով, որ գողությունը հենց նա է կատարել, սկսել են տղային փնտրել: Նույն թաղամասում հանդիպել են Ա. Սիմոնյանին, որն իմանալով, որ փնտրում են իր քրոջ որդուն, ասել է, որ ինքը Արգիշտիի քեռին է ու նրա հետ կապված հարցը կարող են իր հետ լուծել: Արմանը խոստացել է նաեւ, որ կգտնի իր քրոջ տղային ու եթե պարզվի, որ նա մեղավոր է, ինքը գողացածը կվերադարձնի: Մելիքսեթյանների պատմելով, դրանից հետո Արմանն անընդհատ խուսափել է իրենցից: Եղբայրներն իրենց մորաքրոջ տղայի հետ նորից գնացել են նրան տեսնելու ու այս անգամ էլ պայմանավորվել են հանդիպել երեկոյան: Սակայն, նրանց խոսքերով, հասնելով ԱՄՆ դեսպանատան մոտ, Արգիշտիից զանգ են ստացել, որն էլ իբր խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել։
Ուշագրավ է, որ դատարանում եղբայրներն իրար հակասող եւ անգամ իրենց նախաքննական ցուցմունքներին չհամընկնող պատմություններ էին ներկայացնում: Չնայած Արարատը դատարանին հայտնեց, որ Արգիշտին հենց իր բջջային հեռախոսին է զանգահարել ու «մեղքը վիզ վերցրել», րոպեներ անց մյուս եղբայրը՝ Սոսը, պատմեց, որ զանգահարել են իրենց մորաքրոջ տղային՝ Արման Ղամոյանին, ու զանգահարողն էլ եղել է ոչ թե Արգիշտին, այլ վերջինիս ծանոթներից մեկը: Նշենք, սակայն, որ ըստ փորձագիտական եզրակացության, այն ժամանակահատվածում, երբ Մելիքսեթյանների մեքենան Նորագյուղից հասել է ԱՄՆ դեսպանատան մոտ եւ նորից ետ է դարձել, այդ ընթացքում Արման Ղամոյանը որեւէ զանգ չի ստացել, իսկ եղբայրներին էլ զանգել են միայն իրենց ընտանիքի անդամները:
Երբ եղբայրները նորից վերադարձել են Արմանի մոտ, վերջինս, մտածելով, որ Արարատն ու Սոսը իրեն վնաս կտան, նրանց վախեցնելու համար իր հետ նռնակ է վերցրել: Արմանը «Արաբո» ջոկատի հետ մասնակցել է արցախյան ազատամարտին եւ նռնակն էլ բերել էր այնտեղից: Ըստ Արմանի դատապաշտպան Նունե Սարգսյանի, իր պաշտպանյալին ստիպել են, որ նա մեքենա նստի, ավելին՝ նրան ուժով հրել են մեքենայի մեջ. «Երբ տղաները հարձակվել են Արմանի վրա, նա նրանց ասել է, որ իր մոտ նռնակ կա, սակայն վերջիններս չեն հավատացել եւ շարունակել են հարվածել նրան: Արդյունքում Արմանը կորցրել է գիտակցությունը, իսկ ձեռքի մեջ պահած նռնակն էլ պայթել է»: Մեքենայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Մելիքսեթյանների մորաքրոջ որդին՝ Արման Ղամոյանը մահացել է, մյուս երեքը ստացել են մարմնական վնասվածքներ:
Արարատի ներկայացմամբ՝ «Մեքենայի մեջ նստած Արմանը հանկարծ սկսեց գոռգոռալ, քֆուր տալ ու ասել, թե մենք իբր ուզում ենք իրան գողանանք: Բայց մենք իրա վրա վաբշե ուժ չենք գործադրել: Իսկ ինչքան էլ մենք հզոր ու ուժեղ լինեինք, եթե իմանայինք, որ նրա մոտ նռնակ կա, մենք ռիսկ չէինք անի որեւէ բան անենք»: Մյուս եղբայրն էլ ճիշտ հակառակն էր պնդում. «Արմանը մեզ ասել է, որ իր մոտ բան կա, ու եթե մենք իրան մարմնական վնասվածքներ ենք պատճառել, ապա միայն նրա համար, որ փորձել ենք նրանից խլել ձեռքի եղածը»: Իսկ Ն. Սարգսյանի այն դիտարկմանը, որ նրանց ցուցմունքները խիստ հակասական են, Արարատը պատասխանեց. «Դե մարդ եմ, կարող ա միամիտ մի բան եմ ասել»:
Ի դեպ, Սոսը դատարանում իրեն պահում էր շատ ինքնավստահ ու Նունե Սարգսյանի հարցերին պատասխանում էր արհամարհանքով ու քմծիծաղով՝ անընդհատ ասելով՝ «Չեմ հիշում, չգիտեմ: Լավ եմ արել, ինչ որ արել եմ: Տենց ենք հարմար գտել, տենց ենք արել»: Իսկ երբ Ն. Սարգսյանը, հանդես գալով միջնորդությամբ, դատարանին խնդրեց լսել գործի հետ կապված վկաներին, որոնք տեսել են, թե ինչպես են Արմանին ստիպել նստել մեքենան ու նրան առեւանգել, դատավոր Եվա Դարբինյանը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դա գործի հետ ոչ մի կապ չունի: Սոս Մելիքսեթյանն էլ դատարանում սպառնալիք հնչեցրեց, որին դատավորը ոչ մի կերպ չարձագանքեց՝ «Մեզ ոչ մեկն էլ չի տեսել: Եթե մեկն էստեղ սուտ վկայություն կտա, հետո դրա համար պատասխան ա տալու»: Մեղադրող կողմը դատարանից պահանջեց ցմահ ազատազրկել Արմանին: Քանի որ հակառակ կողմն Արարատին եւ Սոսին լսելու հնարավորություն առաջին անգամ էր ունենում, նա ամփոփիչ խոսքով հանդես չեկավ: Նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 21-ը: