Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակին ընդառաջ

Փետրվար 16,2008 00:00

\"\"Այս տրամաբանությամբ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին սատարող ուժերը երեկ կառավարության նիստերի դահլիճում համաժողով գումարեցին:

Համաժողովի հիմնական նպատակը առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին փուլի արդյունքների ամփոփումն էր: Առաջին փուլի, որովհետեւ թեկնածուի շտաբում համոզված են, որ ընտրությունները երկու փուլով են ընթանալու: Ընդհանուր առմամբ դրական բնութագրելով առաջին փուլում կատարված քարոզչական աշխատանքը՝ թեկնածուի շտաբի պետ Սամվել Շահինյանը վստահ է, որ երկրորդ փուլում դրանք կհասնեն իրենց տրամաբանական ավարտին. «Մեր երթը հզոր է եւ հաղթական է լինելու: Ընտրություններից հետո՝ Վազգեն Մանուկյան նախագահի ղեկավարությամբ»: ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն էլ ներկաներին կոչ արեց բացել ժողովրդի աչքերը. «Զանգեք ձեր ծանոթներին եւ ասեք, որ հաղթում է Վազգեն Մանուկյանը, ձայնը տվեք նրան, որ մենք ստեղծենք իսկապես ազատ, շնորհալի, եռանդուն, բարգավաճ, աճողական երկիր: Առաջ գնանք մեր հաղթանակների մեջ: Մենք հայ ենք եւ մեր տեղը պիտի ունենանք մեր երկրում եւ այս աշխարհում: Իսկ դրա համար այսօրվա պայքարը խիստ կարեւոր է: Միասին հաղթելու ենք»: «Ազգային միասնության ուխտ» կուսակցության նախագահ Ռաֆիկ Համբարձումյանն էլ հայտարարեց, որ ինքն ու իր կուսակիցները միացել են Վազգեն Մանուկյանին, որովհետեւ կասկած չունեն, որ նա «ազգի ընտրյալն» է: Ըստ նրա, երկու գերտերությունները փորձում են իրենց դրածոյին կարգել մեր գլխին, սակայն «հայ ազգն առաջ է մղում իր մարդուն»: Ռաֆիկ Համբարձումյանը կոչ արեց գնալ եւ կատարել սրտի պարտքը, ոչ թե մտածել. կընտրենք՝ չի անցնի: ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն էլ օրը խորհրդանշական համարեց. փետրվարի 20-ը ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրն է: Շարժում, որով հիացած էր ողջ աշխարհը: Այս կոնտեքստում շեշտադրումը կատարելով միասնականության եւ ցանկությունների հստակ իմացության վրա, նա ասաց. «Մարդկանց հիշողությունը շատ վառ է: Դրական արածը չի մոռացվում: Նրանք հիշում են, որ մեզ միավորող շարժման գաղափարախոսը Վազգեն Մանուկյանն էր, որ նա կարողացավ վարչապետ աշխատել շատ ծանր պայմաններում եւ զերծ պահեց պետությունը ցնցումներից, որ երբ ռազմաճակատում պարտություններ էինք կրում, երբ Արցախի տարածքի 40 տոկոսը գտնվում էր ադրբեջանցու ձեռքում, երբ ռմբակոծվում էին մեր սահմանամերձ բնակավայրերը, Էլչիբեյը հայտարարում էր, որ մոտակա երկու ամսվա ընթացքում հաղթանակ է տոնելու, Սեւանն ու Մեղրին են վերցնելու՝ ընդամենը մեկ տարի Վազգեն Մանուկյանը եղավ պաշտպանության նախարար. այդ մեկ տարում բեկում մտցվեց, եւ սկսվեցին հաղթանակները»: Նա համոզված է, որ միայն Վազգեն Մանուկյանն է ի վիճակի իշխանությունը վերադարձնել ժողովրդին՝ դա է թեկնածուի ծրագրի հիմնական մեխը: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ գտնում է, որ քարոզարշավի առաքելությունը՝ «մտովի կաշկանդված մարդկանց ազատություն շնորհելը», հաջողություն է ունեցել: Նա հատուկ է առանձնացնում իրենց մարտավարությունը՝ առանց սեւ «PR»-ի, եւ կարծում է, որ նաեւ այդ առումով ամենամաքուրը Վազգեն Մանուկյանը եւ նրան սատարող ուժերն էին: Ու վստահ է, որ «Վազգեն Մանուկյանը նախագահ դառնալու այլընտրանք չունեցող եւ կառուցողական գործընթացների սկիզբը դնող մարդ է՝ պետական մոտեցումների եւ ազգային ներուժի համախմբող, Հայկական պետականության հաջորդ տասնամյակները նոր ակոսի մեջ դնող: Մեզ մնում է վերջին երեք օրում ամրապնդել մեր հաղթանակը եւ հինգերորդ օրը տոնել այն»:

Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ արձանագրեց, որ շարժական շտաբներով մարտավարությունը, որոնցում հիմնականում երիտասարդներ էին ներգրավված, իրեն ավելի արդարացրեց, քան հանրահավաքային ուժի ցուցադրումները: Նա ասում է, որ իր հետ կապված է 1988-ին ժողովրդին համախմբող գաղափարների մարմնացումը եւ այս տարիների ընթացքում ինքն աշխատել է դա պահել, ու ժողովուրդը դրան կողմ է եղել. «Ցանկացած ընտրություններում՝ ժողովրդի ուղեղում մենք ենք հաղթել. քվեարկության ժամանակ՝ ոչ միշտ»: Նա գտնում է, որ «հիմարություն» է տարված այն հակաքարոզը, թե Վազգեն Մանուկյանը լավն է, բայց իրեն չեն թողնի: «Իշխանությունը ոչ ոքի էլ չէր թողնի: Դու պիտի հաղթես, պիտի պայքարես: Միայն պայքարով պիտի վերցնես իշխանությունը՝ հետեւումդ ունենալով ժողովուրդ: Առանց դրա ոչ մեկի իշխանություն չեն տա»: Ըստ նրա, քարոզիչները իրենց շփումներում կարողացել են կոտրել նաեւ այն տրամադրությունները, թե՝ «կընտրենք, բայց միեւնույն է՝ չի անցնի»: «Եթե սկզբում բազմաթիվ մարդիկ իրենց միայնակ էին զգում, ապա հիմա հասկացան, որ միայնակ չեն. իրենց նման մտածողները շատ են»,- արձանագրում է նա: Թեկնածուն կոտրված է համարում նաեւ երրորդ գաղափարը. «Ուժը՝ դա կողքդ կանգնած թալանչիների քանակը չէ, «ջիպերի» քանակը չի: Ուժը ձայների քանակն է. երբ մարդիկ սկսում են հավատալ, որ իրենց ձեռքով է որոշվում իրենց ապագան: Մարդու մեջ պետք է լինի այդ ուժը՝ անկոտրում վճռականություն, սկզբունքայնություն, նպատակներ: Երբ նույն խմբում գտնվողները բաժանվում են երկու հավասար մասի եւ իրար հետ կռվում են՝ դա երկրի ապագա չի: Հիստերիայի մթնոլորտն արհեստական ձեւով մտցրել են Հայաստան, եւ դա մարդկանց բերում է խուճապի, երբ մարդը միշտ ընդունում է ոչ ճիշտ որոշում: Մարդիկ գնում, ընտրում են նրան՝ ում իրեն հուշել են, ընտրություններից երկու-երեք օր է անցնում, ամաչում են իրար երես նայել: Դուրս եկեք այս վիճակից, որ հետո միմյանցից չամաչեք: Քվեարկեք ձեր տեսակի, կերպարի համար: Այդ դեպքում հաղթած կլինենք բոլորս: Սա մեր երկիրն է, մեզ նման մտածողների երկիրն է, եւ թույլ չենք տա, որ պատահական մարդիկ այն իրենց ձեռքը վերցնեն»: Նա նաեւ կոչ արեց ուրախ եւ լավ սպասումներով գնալ ընտրությունների՝ համոզված լինելով, որ այդ պարագայում հաղթանակն ապահովված կլինի:

Այսօրվանից Վազգեն Մանուկյանին սատարողները մայրաքաղաքում տնետուն կանցնեն եւ ընտրողներին կհամոզեն չվախենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել