Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Փետրվար 16,2008 00:00

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ ժողովրդին խաբել չի լինի

– Պարոն Հայրապետյան, մամուլում տեղեկություն կար, որ Դուք «ընդհանուր առմամբ 6,5 միլիոն դոլար» եք հանել ձեզ պատկանող «Զարգացման հայկական բանկից» եւ փոխանցել արտասահման: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները:

– Այդ լուրերը սուտ են եւ հերյուրանք. նախ տպագրել էին, որ իբր ինձ է պատկանում «Հայբիզնեսբանկը», հետո էլ հերքեցին այդ լուրը եւ գրեցին, որ ես իբր գումար եմ փոխանցել արտերկրի բանկերի իմ հաշիվների վրա: Ուզում եմ տեղեկացնել ամենքին, որ նախ՝ դրանք ստահոդ լուրեր են, եւ հետո՝ մոտ օրերս այդ ստահոդ թերթը կզարմանա, երբ պարզի, որ իրենց սիրելի «Հայէկոնոմբանկի» իմ անձնական հաշվեհամարին առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կնստի մեծ, կլորիկ գումար: Եվ ինչպես կեղծ տեղեկություններ են տպագրում անձամբ իմ հասցեին, այնպես էլ ես պնդում եմ, որ նրանց տպագրած բոլոր մյուս տեղեկությունները եւս ստահոդ են եւ մտացածին: Նրանք շարունակում են իրենց սուտ տեղեկատվությամբ մեր ժողովրդին պահել լարվածության եւ նյարդային վիճակի մեջ:

– Նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթն ավարտվեց: Ինչպե՞ս եք գնահատում թեկնածուների պահվածքը, արդեն հայտնի է, որ երկու հիմնական թեկնածուների միջեւ է ընթանալու պայքարը՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

– Ես չեմ կիսում ձեր կարծիքը եւ ամենեւին համաձայն չեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմնական թեկնածուների մեջ է: Կա մեկ հիմնական թեկնածու՝ Սերժ Սարգսյանը, եւ իմ անձնական կարծիքով՝ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, մնացած բոլոր թեկնածուների շանսերը շատ ավելի մեծ են: Որովհետեւ մեր ժողովուրդն այդքան խոհեմություն ունի եւ երբեք չի մոռանա այն ամենը, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ապրել է, տեսել եւ զգացել:

– Վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ ընտրությունները շատ ավելի լարված են անցնելու, քան եղել է մինչ այժմ, ըստ որոշ գնահատականների՝ նման լարված նախընտրական իրավիճակ երբեւէ չի եղել: Դուք շատ լավ գիտեք նախկին իշխանություններին, գիտեք այսօրվա իշխանություններին, ձեր կարծիքով՝ լարվածությունը մինչեւ ո՞ւր կարող է հասնել, եւ որքա՞ն է իրավիճակը վտանգավոր:

– Իմ անձնական կարծիքով, որեւէ լարվածություն չի լինի: Ուղղակի իրենց բնորոշ ստահոդ լուրեր տարածելով, շանտաժներ անելով՝ փորձում են լարվածություն ստեղծել. հենց մեկը իմ անձի շուրջ տարածվող ստահոդ լուրերն են: Վստահ եմ, մեր ժողովուրդն այնքան խոհեմություն ունի, որ երբեք նման սադրանքների չի գնա: Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ այս ամենը ՀՀՇ-ականների կողմից կազմակերպված դավադրություն է եւ ուղղված է հենց ժողովրդի դեմ:

– Ձեր կարծիքով, ընտրությունները կանցնեն մեկ փուլո՞վ, թե՞ կլինի նաեւ երկրորդ փուլ: Եթե լինի երկրորդ փուլ, ապա առաջին երկու տեղերը ո՞ր թեկնածուները կգրավեն:

– Ընտրությունները, կարծում եմ, կանցնեն մեկ փուլով, բայց եթե լինի երկրորդ փուլ, ապա երկրորդ փուլ կանցնեն Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը:

– Դուք ՀՀԿ խորհրդի անդամ եք, Ձեր մասնակցությունը նախընտրական այս շրջանում ինչպե՞ս է դրսեւորվում, ձեր թեկնածուին ինչպե՞ս եք աջակցում:

– Իմ մասնակցությունը դրսեւորվում է այնքանով, ինչքանով ես ՀՀԿ կուսակցության անդամ եմ: Ե՛վ որպես կուսակցական, ե՛ւ որպես խորհրդի անդամ, անում եմ առավելագույնը մեր թեկնածուին աջակցելու եւ նրա հաղթանակն ապահովելու համար: Կասկածից վեր է, որ այսօր միակ հաղթող թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել