Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆՏԱԺԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆ Է

Փետրվար 16,2008 00:00

«Ես եւ մեր թիմը խորապես վիրավորված ենք Լեւոն Տեր-Պետրոսյանից իր արտահայտությունների համար եւ իրեն սպասարկող որոշ լրատվամիջոցների անպարկեշտ զրպարտանքների եւ անձնական վիրավորանքների առնչությամբ: Ավելին, ես իմ ողջ քարոզարշավի ընթացքում ինձ թույլ չեմ տվել անձնական վիրավորանք հասցնել ոչ մի թեկնածուի հասցեին, որովհետեւ դա համարում եմ անընդունելի:

Բացի այդ, միակ նախագահի թեկնածուն եմ եղել, որ վերջին տասը տարում, այդ թվում այս քարոզարշավի ընթացքում, ոչ միայն ոչ մի թթու խոսք չեմ ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ այլ ավելին, ասել եմ ընդհակառակը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը որդեգրեց բոլորովին այլ կեցվածք ու դիրքորոշում: Մեր բանակցություններին զուգընթաց՝ նրան սպասարկող լրատվամիջոցները վատաբանում էին ինձ եւ իմ քաղաքական թիմին: Եվ սա մեզ մտորումների տեղիք էր տալիս, նաեւ հետագա համագործակցության առումով: Ավելին, մենք այդ մասին բազմիցս ահազանգել ենք նաեւ նրա շտաբին, բայց, որպես կանոն, նրանց պատասխանները հնչել են խուսափողական: Ես քաղաքական կոռեկտության եւ պարկեշտության կոչ եմ անում: Եվ ցանկանում եմ հավելել, որ շանտաժը քաղաքական համագործակցության խոչընդոտն է, այլ ոչ թե աջակիցը: Ավելին, այսօր հիմնական գերխնդիրը մնում է ընտրական կեղծիքները կանխարգելելուն ուղղված համակարգված պայքարը, եւ մենք այժմ լծվել ենք այդ պայքարին՝ մեր շուրջ 8000 հանձնաժողովի անդամներով եւ վստահված անձանցով:

Ի դեպ, այս խնդրով պետք է մտահոգվեն բոլոր ընդդիմադիր ուժերը, այլ ոչ թե զբաղվեն վարկաբեկիչ գործունեությամբ, ջուր լցնելով իշխանության ջրաղացին»,- ի պատասխան «Առավոտի» խնդրանքին՝ մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ հայտարարությունները, ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել