Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան «ճշգրտում» է իր անելիքը

Փետրվար 16,2008 00:00

Երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե հարկադրված կլինի «ճշգրտել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ տարվող քաղաքականությունը», եթե Կոսովոն միակողմանիորեն հռչակի Սերբիայից իր անկախությունը: ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, թե «գլխավորապես Ռուսաստանի քաղաքացիներով բնակեցված» այդ տարածաշրջաններում մարդիկ Ռուսաստանից առավել մեծ ծավալներով օգնություն կստանան:

Կոսովոյի շուրջ կրքերը հատկապես շիկացան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հանդիսացող Ռուսաստանի նախաձեռնությամբ գումարվեց Անվտանգության խորհրդի՝ Կոսովոյի խնդրին նվիրված հատուկ նիստ, որի ժամանակ ԱԽ-ի անդամ երկրների միայն մեկ երրորդը հավանություն տվեց Կոսովոյի անկախացման գաղափարին: Հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ հիշատակված չէ Մերձդնեստրը: Փորձագետները հակված են այս հանգամանքը բացատրել վերջին շրջանում Մոսկվայի եւ Քիշնեւի հարաբերություններում նկատվող որոշակի ջերմացմամբ:

Իրենց հերթին, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պաշտոնական ներկայացուցիչները եւս հայտարարել են, թե արդեն իրենց սեփական ծրագրերն են կազմել՝ Կոսովոյի անկախության միակողմանի հայտարարման եւ այլ պետությունների կողմից այդ անկախության ճանաչման պարագայի համար: «Մենք ուշադիր հետեւում ենք Կոսովոյի շուրջ ստեղծված իրադրությանը եւ անպայման կհայտարարենք մեր հետագա քայլերի մասին՝ դեպքերի որոշակի զարգացման դեպքում»,- հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը, ձեռնպահ մնալով իր նշած քայլերի կոնկրետացումից: Հարավօսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին ասել է. «Մենք եւս մի շարք գործողություններ ենք նախապատրաստել, եւ դրանք բոլորն էլ միջազգային իրավունքի շրջանակներում են»:

Նախօրեին այս հարցին է անդրադարձել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա հայտարարել է, թե Կոսովոն երբեք նախադեպ չի դառնա Վրաստանի տարածքում առկա հարավօսական եւ աբխազական հակամարտությունների համար: «Մենք միշտ դիմադրություն ենք ցույց տվել եւ երբեք թույլ չենք տա, որ որեւէ մեկը ոտնձգություն կատարի Վրաստանի ինքնիշխանության դեմ, վրաց ժողովուրդը թույլ չի տա իր երկրի սահմանների վերանայում: Սա իմ անկեղծ եւ բարեկամական նախազգուշացումն է բոլորին, որն արվում է Կոսովոյի անկախության հայտարարումից մի քանի օր առաջ»,- ասել է Սահակաշվիլին:

«Ֆրանսպրեսի» հաղորդմամբ, Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դարձյալ վերահաստատել է երկրամասի անկախությունը հռչակելու՝ իրենց մտադրությունը: Ավելի վաղ ալբանական եւ սերբական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Կոսովոյի ալբաններն այդ մտադրությունը կյանքի կկոչեն փետրվարի 17-ին կամ 18-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել