Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը

Փետրվար 16,2008 00:00

Երեւանի քաղաքապետարանը իշխանությունների ճնշման ներքո անհիմն պատճառաբանություններով հրաժարվեց տրամադրել փետրվարի 17-ին Մատենադարանի մոտ, ժամը 12:30-14:00-ը Արթուր Բաղդասարյանի եւ նրան աջակցած ուժերի կողմից հանրահավաք կազմակերպելու համար համապատասխան արտոնագիր, այն դեպքում, երբ նույն օրը, նույն վայրում նախատեսված մեկ այլ հանրահավաքի ժամը 16:00-ն է: Ավելին, որպես այլընտրանք առաջարկվեց տարածք՝ մեկը Էրեբունիում, մյուսն էլ «Դինամո» մարզադաշտի մոտ, որտեղ գրեթե նույն ժամին հանրահավաք եւ երթ են կազմակերպում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրանց աջակից ուժերը: Առնվազն տարօրինակ է, թե ինչու գրեթե նույն ժամին հնարավոր է հանրահավաքի արտոնագիր տալ այն վայրում, որտեղ մեկ այլ ընդդիմադիր ուժ է հանրահավաք անում եւ նույնը հնարավոր չէ Մատենադարանի մոտ, որտեղ Տիգրան Կարապետյանն է հանրահավաք անում եւ ըստ որում՝ ավելի ուշ ժամի, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը դատապարտում է քարոզարշավից ընդամենը երկու օր առաջ անարգելք քարոզչություն իրականացնելու այս կոշտ արգելքը եւ հայցում է իր հարյուր-հազարավոր աջակիցների ներողամտությունը՝ հանրահավաքը չարտոնելու իշխանական այս անհիմն որոշման արդյունքում այն հետաձգելու համար:

Տեղեկացնում ենք, որ երեւանյան հանրահավաքի խոչընդոտման հետեւանքով քարոզարշավը մենք կավարտենք Գյումրի քաղաքի թատերական հրապարակում ժամը 13:00-ին իրականացվող հանրահավաքով: Նախընտրական գրասենյակը միաժամանակ իր խորը մտահոգությունն է հայտնում նախապատրաստվող ընտրակեղծիքների առնչությամբ, որը հատկապես վերաբերում է լրացուցիչ ցուցակներով հավելյալ եւ ապօրինի քվեարկությանը:

Դիմում ենք ոստիկանությանը, ԿԸՀ-ին եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին՝ միջոցներ ձեռնարկել լրացուցիչ ցուցակներով նախատեսվող ընտրական կեղծիքները կանխելու համար, որոնց առնչությամբ հանդես կգանք հավելյալ հայտարարություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել