Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՍ Ի՜ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐՈՎ»

Փետրվար 16,2008 00:00

Երեկ տեսնելով Էջմիածին քաղաքում հավաքված բազմությունը՝ ոգեւորությունը չթաքցրեց Նիկոլ Փաշինյանը

Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը իր քարոզարշավը մարզերում ավարտեց Արմավիրում՝ այցելելով նախ Մասիս, ապա նաեւ Էջմիածին քաղաքներ: Այս երկու քաղաքներում էլ նրա ընդունելությունը իսկապես բացառիկ ջերմ էր: Մասիսում տեսնելով հավաքվածների բազմությունը, ի դեպ, տեղի ոստիկաններից մեկի խոստովանությամբ, ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման եկած մասնակիցների թիվը շուրջ չորս հազար էր, Նիկոլ Փաշինյանը արձանագրեց. «Մենք արդեն հաղթել ենք: Ավազակապետական պարագլուխները հոգեվարք են ապրում եւ խուճապի են մատնված: Պատճառն այն է, որ նախագահական ընտրությունների անցկացման նրանց սցենարը տապալվել է»: Նա արձանագրեց, որ վերջին օրերին Տեր-Պետրոսյանի շուրջ քաղաքական ուժերի եւ հասարակության համախմբումը շարունակվում է: Որպես դրա ապացույց նա մատնանշեց ոչ միայն «Ժառանգություն» եւ «Նոր ժամանակներ», «Ազգային վերածնունդ» կուսակցություններին, այլեւ իշխանական կուսակցություններից անդամների՝ դեպի Տեր-Պետրոսյանի թիմն անցնելու փաստը՝ ԲՀԿ-ի Ավանի կառույցի 300 անդամների, «Ազգային միաբանության» մի քանի տարածքային կառույցների, ՀՅԴ անդամների: «Սա նշանակում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը ոչ միայն ընդդիմության, այլեւ ժողովրդի միասնական թեկնածուն է»: «Լե-ւոն, նա-խա-գահ» մի տեւական ժամանակ վանկարկեցին հանդիպման մասնակիցները: «Այսօր իշխանությունները համաժողովրդական շարժումը կոտրելու այլ ելք չունեն, քան հեռուստատեսությամբ ինչ-որ «սարսափելի բացահայտումներ» անելն է: Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բացահայտելու բան ունեին, պիտի վաղուց դա արած լինեին: Այս տարիների ընթացքում ոչ ոք չէր խանգարում նրանց բացահայտելու «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը: Բայց նրանք ոչ միայն չեն բացահայտել, այլեւ կոծկել են, որովհետեւ հանցագործները իրենց ընկերներն են, իրենց գաղափարակիցները»:

Ելույթ ունեցավ նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը. «Այս հզոր հանրահավաքները, ինչպես նաեւ մեր նախորդ հանդիպումներն ու հանրահավաքները ցույց են տալիս, որ ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են: Դրանք ցույց են տալիս նաեւ, որ մեր ժողովուրդը «ոչ» է ասում այս՝ մեր ժողովրդին թշվառության մատնած, իշխանությունը մի խումբ մարդկանց հարստացման միջոց դարձրած, «Հոկտեմբերի 27»-ի համար պատասխանատու վարչախմբին: Այդ վարչախմբի օրերը հաշված են: Փետրվարի 19-ին մենք ամրագրելու ենք մեր հաղթանակը հենց առաջին փուլում»: Սրան հավաքվածները «այո՜»-ով պատասխանեցին:

Մասիսում հանրահավաքն ամփոփեց ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը, որին երկար ժամանակ խոսել չէր հաջողվում հավաքվածների ոգեւորված՝ «Լե-ւոն, Լե-ւոն» վանկարկումների պատճառով: «Ես այսօր եկել եմ ոչ թե քարոզի, ոչ թե ձեզ ոգեւորելու, այլ հանդարտության կոչ անելու համար: Եվ իմ ընկերներին էլ պետք է խնդրեմ նվազեցնել կրքերը, խոսել վստահ, խոսել հաղթածի դիրքերից, որովհետեւ դա իրականություն է»,- հայտարարեց առաջին նախագահը: Նա մասիսցիներին ասաց, թե ստույգ տեղեկություններ ունի, որ այս օրերին հայաստանյան 21 բանկերից հսկայական գումարներ են արտահանվում արտերկիր. «Դա նշանակում է երկու բան. Հայաստանի պաշտոնյաները եւ որոշ մեծահարուստներ, որոնք իրենց հարստությունը դիզել են անօրինական ճանապարհով, երկրից հանում են իրենց գումարները: Եթե դրանք անօրինական վաստակած գումարներ չլինեին, դրանք Հայաստանից հանելու կարիք չէր լինի: Երկրորդ, նշանակում է, որ այդ մարդիկ հասկացել են, որ իրենք արդեն պարտված են, եւ իշխանությունն անցել է ժողովրդին»: Լ. Տեր-Պետրոսյանը հավելեց նաեւ, որ երեւույթը վտանգավոր է, որովհետեւ այդ գումարները մեր ազգային հարստությունն են, եւ որովհետեւ փետրվարի 20-ից հետո կարող է պարզվել, որ մեր պետական գանձարանը դատարկ է: Ուստի՝ դիմեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին՝ անմիջապես միջոցներ ձեռնարկել եւ ամեն օր հրապարակել պետական գանձարանի միջոցների հաշվեկշիռը՝ մուտքն ու ելքը. «Այլապես մենք կհամարենք, որ ԿԲ նախագահը մասնակից է ՀՀ հարստության արտահանմանը»:

Լ. Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ իշխանությունների՝ «Մեղրիի տարբերակի» գոյությունը ժխտելու մասին հայտարարություններին: «Իշխանությունը կարող է սխալ քաղաքականություն վարել, կոռումպացված լինել, բայց լինել ստախոս, ինձ՝ համար՝ որպես քաղաքացու, մարդու, ամենավիրավորականն է»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Նա պնդեց, որ այդ տարբերակը եղել եւ ի չիք է դարձել չորս մարդու՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, նաեւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի շնորհիվ, որոնց ցույց են տվել այդ փաստաթուղթն ու ժամերով համոզել են, որ դա հրաշալի լուծում է: Նա այս առնչությամբ նաեւ մի բացահայտում արեց: Ըստ նրա, կան ականատեսներ, որոնք կարող են հաստատել, որ 99-ի հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակում ԱՄՆ Պետդեպի գլխավոր քարտուղարի տեղակալ Թելբոթի ներկայությամբ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին ցույց է տվել այդ փաստաթուղթը, ավելին՝ մի քարտեզ: «Վ. Սարգսյանը այդ քարտեզը շպրտել է Քոչարյանի երեսին ամերիկացի դիվանագետի ներկայությամբ ու դուռը շրխկացնելով դուրս է եկել: Մարդիկ են մոտեցել Վազգենին՝ հանգստացնելու»,- պատմեց Տեր-Պետրոսյանը՝ արձանագրելով, որ դա եղել է ողբերգությունից մոտ 2 ժամ առաջ: «Եվ ահա այդ մարդիկ ամբողջ ժողովրդի առաջ ասում են՝ այդպիսի բան չի եղել»,- եզրափակեց Տեր-Պետրոսյանը: Երեկ նա նաեւ խոստացավ, որ այլեւս իշխանություններին կծու, թթու, կոպիտ խոսք չի ասելու, նրանց մասին խոսելու է շատ քաղաքավարի, որովհետեւ, իր ձեւակերպմամբ՝ «գնացողների ետեւից վատ բան չեն ասում»:

Էջմիածնում ՀՀ առաջին նախագահին եւ նրան ուղեկցող աջակից ուժերին մի քանի հազար մարդիկ դիմավորեցին հենց քաղաքի մուտքի մոտ՝ դհոլ-զուռնայով, պարելով եւ խիտ շարքեր ունեցող երթով շարժվեցին դեպի քաղաքի հրապարակ, որտեղ րոպեների ընթացքում հավաքվեց 10-12 հազար մարդ, այդ թվում՝ շրջակա գյուղերից: Հավաքվածների աննախադեպ բազմությունը ոգեւորեց նաեւ Ն. Փաշինյանին՝ «էս ի՜նչ ենք անում հայերով»: Հենց այսպես սկսեց նա իր ելույթը, ասաց, որ այսօր մեր ժողովուրդն ունի մեկ թեկնածու՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, մի ավազակապետ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ նրա հաճախորդների՝ ի դեմս մյուս 7 թեկնածուների, ու ելույթն ավարտեց նրանով, որ «ավազակապետերի կանտորան շուտով փակվելու է»:

Այստեղ էլ ՀՀ առաջին նախագահին վերապահված էր եզրափակելու հանրահավաքը, բայց մինչ այդ էջմիածինցիներին շատ հուզեց Արամ Սարգսյանի ելույթը: Նա անդրադարձավ Ս. Սարգսյանի քարոզչական հոլովակներից մեկին: «Ինքը ցուցադրում է եղբորս՝ Վազգեն Սարգսյանին, եւ փորձում է դրանով ասել, թե ինքն է Վ. Սարգսյանի գործի շարունակողը, իբր, ինքն անում է այնպես, ինչպես կաներ Վ. Սարգսյանը, եւ այն մարդիկ, ովքեր հարգում են Վ. Սարգսյանին, թող իրենց ձայնը տան Ս. Սարգսյանին: Այ ապերա՛խտ, բա դու Վազգենի մահից հետո ի՞նչ արեցիր: Չէ՞ որ դու էիր ԱԱ նախարարը: Ասում է՝ մարդիկ թաքուն ուրախացել են: Դու էլ թաքուն իմանայիր, որ սպանդ է կազմակերպվում: Եվ վերջապես, Վ. Սարգսյանի մայրը իր կրտսեր որդու բանտարկությունից հետո նստացույց արեց նախագահի նստավայրի առաջ: Վեր կենայիր, Սերժ Սարգսյան, գնայիր Վազգենի մոր մոտ, ասեիր՝ այ մեր, ինչի՞ ես էստեղ նստել: Դու հերոսի մայր ես, քո տղան Սպարապետ էր, իմ ընկերն էր, ես էլ իշխանության մեջ եմ: Եթե քո որդին մեղք չունի՝ ես քեզ պահապան, չեմ թողնի, որ նրան ապօրինի դատեն: Լավ չի, որ էստեղ նստել ես, վեր կաց գնա: Թող գնար ասեր, էլի: Չէ՞ որ մի կտոր հաց էր կերել էդ կնոջ ձեռքից: Բարությունից է խոսում»:

Էջմիածնից Երեւան վերադարձի ճանապարհին մի քանի հարյուր մուսալեռցիներ փակեցին Տեր-Պետրոսյանի ճանապարհը՝ ստիպելով իջնել: Նրանք մի գառ մատաղ արեցին ՀՀ առաջին նախագահի հաղթանակի համար եւ հետո ճանապարհեցին Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել