Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻ»

Փետրվար 16,2008 00:00

\"\"Երեկ խոստացավ Շիրակի մարզ այցելած վարչապետ Սերժ Սարգսյանը

Վաղ առավոտից կարելի էր ականատես լինել, թե ինչպես Գյումրիի դպրոցներից տնօրենները զանգվածաբար տեղահանում էին դպրոցականներին՝ նրանց վարչապետի այցից երկու ժամ առաջ թատերական հրապարակում սառեցնելով: Եվ եթե Գյումրիում երեխաներին հայ էստրադայի աստղերն էին զբաղեցնում՝ ճոխ համերգ տալով, ապա գյուղերում պատկերը ողբերգական էր: Օրինակ, Ազատանում ցրտահարված դպրոցականները մեկ ժամ շարունակ փորձում էին, թե ինչպես են «Առաջ, Հայաստան» գոռալու: Փոքրիկների անկեղծ խոստովանությանը հակառակ, որ իրենց դասի կեսից հանել ու պարտադրել են Ս. Սարգսյանին դիմավորել, Ազատանի դպրոցի տնօրեն Վիտալի Վարժապետյանը արդարանում էր, թե աշակերտները, որոնք, ըստ էության, ձայնազուրկ են, իրենց կամքով են եկել՝ «ուզել են տեսնել վարչապետին», դասերն էլ դպրոցում ամենեւին չեն ընդհատվել: Սակայն մենք եղանք գյուղի դպրոցում, ուր բակում խաղացող առաջին դասարանցիներից բացի, կատարյալ ամայություն էր: Փոխարենը մայիսմեկյան «պառադ» էր թե Ազատանի «կլուբի» բակում, թե մյուս գյուղերի՝ Լանջիկի, Մայիսյանի, Քեթիի ու Թորոսի կենտրոններում, ինչպես նաեւ Գյումրիի թատերական հրապարակում, ուր վարչապետին դիմավորում էին փուչիկներով ու դրոշներով: Չնայած աշխատանքային ժամ էր, սակայն մի մարդու պես հավաքվել էին բոլոր պետական հիմնարկների՝ մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցները, գազի, ջրի, լույսի մարդիկ, հարկայինի տեսուչները, անգամ տեսանք այն օպեր-լիազորներին, որոնց հետ «ԳԱԼԱ»-ի դատերի ժամանակ հաճախակի ենք հանդիպում Գյումրիի վարչական դատարանում: Ի դեպ, եկել էին նաեւ հանրահավաքներին մասնակցելու իրավունք չունեցող որոշ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների պատասխանատուներ (օրինակ՝ 33 ընտրատարածքի քարտուղար Խաչիկ Խնձրցյանը), Գյումրիի զինկոմը: Ինչպես անկեղծանում էին շատերը՝ «չենք եկել, այլ բերել են»: Սակայն նկատենք, որ չնայած մեծ նախապատրաստական աշխատանքներին՝ Գյումրի հասնելու համար հարակից շրջանների բնակիչներին ձրի ավտոբուսներ էին տրամադրել, չորս ամսվա ձյունախեղդ թատերական հրապարակն էլ վաղ առավոտից «փայլեցրել էին», այնուամենայնիվ, վերոհիշյալ թեկնածուի երկրպագուներին չէր հաջողվել նախատեսված քանակով մարդիկ ապահովել: Ինչեւէ, այս անգամ վարչապետի խոսքը խիստ տարբերվում էր հանրապետության մյուս մարզերում հնչեցրած նրա ելույթներից: Այս անգամ նրա քարոզի գլխավոր թեման ոչ թե հակառակորդի չարացած լինելն ու չար գործերն էին, այլ բացառապես մարզի խնդիրները: Ընդ որում, նկատենք, որ յուրաքանչյուր համայնքում վարչապետը տվյալ տեղանքին հուզող պրոբլեմներից էր խոսում. եթե Ազատանում խոստանում էր օգնել գյուղացիներին, զարկ տալ գյուղատնտեսությանը՝ բյուջեից ներդրումներ ավելացնել այս ոլորտին, ապա Գյումրիում նրա կարգախոսին ավելացավ մի շատ պատասխանատու հատված. «Առաջ՝ Գյումրի առանց տնակների»: «Մենք հասնելու ենք այն բանին, սիրելի հայրենակիցներ, որ դուք ամբողջովին փոխելու եք ձեր պատկերացումը պետական պաշտոնյայի մասին, ձեր կարծիքը պետական հաստատությունների մասին, դուք տեսնելու եք, որ այդ հաստատությունները կոչված են ձեզ ծառայելու, հոգում են ձեր հոգսերը, դրանից հետո է, որ պետք է ասենք՝ այո, մեզ հաջողվեց մեր կյանքում թույլ տեղաշարժ արձանագրել, մենք մտածում ենք մեր քաղաքացիների մասին»,- ասաց վարչապետը Շիրակի մարզի ամենամեծ գյուղում՝ Ազատանում՝ «խնդրելով» ազատանցիների ձայնը: Իսկ Գյումրիում նախագահի թեկնածուն փորձեց գյումրեցիների սրտով գնալ: «Մենք քաջ գիտակցում ենք, որ եղել են ժամանակներ, երբ որ իշխանությունները Գյումրի քաղաքի պրոբլեմները մղել են երկրորդական պլան, մենք քաջ գիտակցում ենք՝ հետերկրաշարժյան տասը տարիները խլված են մի ողջ սերնդի կյանքից, խորապես համոզված եմ, որ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք վերադարձնել երբեմնի Գյումրիի հպարտությունը, մենք մոտակա հինգ տարիների ընթացքում պետք է ավարտենք Գյումրիի կառուցապատումը, մենք պետք է վերադարձնենք Գյումրիի երբեմնի կոչումը՝ ՝Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի կոչումը: Սիրելի գյումրեցիներ, ես ուզում եմ դառնալ Հայաստանի նախագահ՝ լուծելու այդ պրոբլեմները, ես ուզում եմ, որ անցյալը հետ չվերադառնա: Ես խոստումներ չեմ տալիս, այլ իմ վրա պարտավորություն եմ վերցնում, իսկ պարտավորության կատարումը պատվի հարց է, դուք գիտեք ինչ է նշանակում պատիվ, գիտեք, թե ես ինչպես եմ վերաբերվում այդ հասկացությանը, հենց այդ վստահությամբ է, որ եկել եմ ձեր ձայնը խնդրելու: Առաջ՝ դեպի առանց տնակների Գյումրի, առաջ՝ դեպի բարեկեցիկ Գյումրի, առաջ, Գյումրի, առաջ, Հայաստան»,- ասաց Սերժ Սարգսյանը, որին գյումրեցի պաշտոնյաները մեծ շքախմբով ուղեկցեցին Մայիսյան, Քեթի, այնուհետեւ Թորոս՝ «Շիրակի ձմեռը» մեկնարկելու, որն, ի դեպ, կազմակերպված էր նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պատասխանատու՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին պատկանող ռեստորանի տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել