Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի պատճառը պարզ չէ

Փետրվար 15,2008 00:00

\"\"Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում երեկ թռիչքի պահին վթարի է ենթարկվել Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության SRG-100 մարդատար ինքնաթիռը: Ինքնաթիռն օդում՝ 4-5 մետր բարձրության վրա, կտրուկ թեքվել եւ ընկել է՝ ձախ թեւով հարվածելով թռիչքուղուն: Մոտ 200 մետր գետնի վրա սահելուց հետո ինքնաթիռը 2 մասի է բաժանվել, ապա ամբողջությամբ այրվել է: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Գայանե Դավթյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքնաթիռը նախատեսված է եղել 50 հոգու համար, սակայն թռիչքի պահին ինքնաթիռում եղել է 18 ուղեւոր, որից 6-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ առաջին բուժօգնությունից հետո գնացել են տուն: Չնայած փրկարարները շատ օպերատիվ են աշխատել, սակայն նրանց հաջողվել է դուրս բերել ուղեւորների բեռների միայն մի մասը. որոշ բեռներ այրվել են, որոնց համար ավիաընկերությունը, ամենայն հավանականությամբ, փոխհատուցում կտա: Գ. Դավթյանը տեղեկացրեց նաեւ, որ թռիչքից առաջ ինքնաթիռը ենթարկվել է տեխնիկական զննման եւ, ըստ եզրակացության, այն եղել է տեխնիկապես անթերի վիճակում, իսկ ինքնաթիռի վթարի պատճառի մասին որեւէ վարկած դեռեւս ճշտված չէ, դրանք կպարզվեն միայն հետաքննությունից հետո: Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը նույնպես մեզ հետ զրույցում խուսափեց վթարի մասին որեւէ վարկած առաջ քաշել՝ ասելով, որ «հազարավոր պատճառներ կարող են լինել, որոնց մասին դեռ վաղ է խոսելը: Ամեն ինչ պարզ կդառնա «սեւ արկղը» բացելուց հետո»: Նկատենք, որ «Արմավիայի» A-320 ինքնաթիռի վթարի դեպքում էլ բոլորը հույսը կապում էին «սեւ արկղի» հետ, սակայն այն գտնելուց հետո էլ, ըստ էության, վթարի բուն պատճառների մասին գրեթե ոչինչ չիմացանք:Երեկ «Բելավիա» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ երեկոյան ընկերության ներկայացուցիչները պետք է ժամանեին Հայաստան, որից հետո միայն կճշտվեն վթարի հնարավոր պատճառները: «Բելավիայի» պատվիրակության հետաքննությունը կտեւի մոտ երկու շաբաթ: Հետաքննությանը կմասնակցեն նաեւ Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները:Մենք հետաքրքրվեցինք «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տուժածների առողջական վիճակի մասին: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հիվանդանոց տեղափոխված 6 ուղեւորից հինգը գանգուղեղային ցնցումով գտնվում է նյարդավիրաբուժական, իսկ մեկը՝ դիմածնոտային բաժանմունքում: Գայանե Դավթյանը տեղեկացրեց, որ «Բելավիայի» վթարի ենթարկված ինքնաթիռն այլեւս շահագործման ենթակա չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել