Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքները պարալիզացվում են վարչապետի պատվի՞ն

Փետրվար 15,2008 00:00

Այսօր Շիրակի մարզի գրեթե բոլոր պետական հիմնարկների, այդ թվում դպրոցների աշխատակիցներին ու աշակերտներին հրահանգված է մի մարդու պես ներկայանալ նախագահացու Սերժ Սարգսյանի քարոզարշավին:

Եւ որպեսզի չստացվի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին շիրակցիներն ավելի ջերմ են ընդունում, քան իշխանական թեկնածուին, մարզի բարձրաստիճան պաշտոնյաները դեռեւս մեկ շաբաթ առաջ բոլոր պետական հիմնարկների ղեկավարներին ստիպել են ապահովել համապատասխան «գլխաքանակ»: Ընդ որում, ինչպես փոխանցում են մեր լավատեղյակ աղբյուրները, «անհարգելի» բացակայությունների դեմն առնելու համար ղեկավարները սպառնացել են հենց տեղում անցկացնել «ներկա-բացակա»: Մեր տեղեկություններով, միայն Գյումրիում 15 հազար մարդ են «հրավիրել», ընդ որում, երկրի առաջին նախագահից հետ չմնալու համար նախատեսել են հավաքել նույն վայրում՝ թատերական հրապարակում, որտեղ անցած շաբաթ իր բազմահազարանոց հանրահավաքը անցկացրեց Լեւոն Տեր- Պետրոսյանը: Տեղի իշխանիկները Սարգսյանին «դուխաթափ» չանելու համար նրա այցին այնքան մանրակրկիտ են պատրաստվել, որ նույնիսկ թեկնածուին «բալետ անելու» ու նրա «Առաջ, Հայաստան» կարգախոսը գոռալու պատասխանատու գործը բաժանել են հավատարիմ մարդկանց միջեւ: Քաղաքային իշխանությունն էլ իր հավատարմությունը վարչապետին ապացուցելու համար երեկվանից քաղաքի տրանսպորտը «խեղդել է» «Առաջ, Հայաստան» դրոշներով:

Ու այս ամենը այնքան բացահայտ է կատարվում, որ սա հարկադրում է ԳԱԼԱ հեռուստաընկերության ու խոսքի ազատության շտաբին, ինչպես նաեւ մի քանի թեկնածուների՝ Վազգեն Մանուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավարներին համատեղ հայտարարությամբ հանդես գալու. «Ամբողջ մարզով մեկ ռեժիմի մի խումբ կամակատար պետական եւ տեղական պաշտոնյաներ, իրենց բուն գործը մոռացած, իրենց պաշտոնական եւ օրինական պարտականությունները թողած, փորձում են իրենցից այս կամ այն կերպ կախման մեջ գտնվող ենթականերին սպառնալիքների գնով ենթակայացնել ռեժիմի վերարտադրման սցենարին: Սրանք, մասնավորաբար, պետական եւ տեղական հիմնարկներին ստիպում են փետրվարի 15–ին, ժամը 11-ին Գյումրիում տեղի ունենալիք քարոզչական հանրահավաքին մասնակցելու համար մարդ ապահովել, այդ թվում՝ բյուջետային հիմնարկների աշխատակիցների, ուսուցչական հանրույթների, դպրոցականների եւ ուսանողների: Հիշեցնենք բոլորին, որ փետրվարի 15–ին աշխատանքային օր է, եւ պետական ու համայնքային բյուջեներից ֆինանսավորվող հիմնարկները պարտավոր են այդ օրը եւս բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունը, զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր կփորձեն տապալել ուսումնական պրոցեսները դպրոցներում, տեխնիկումներում, բուհերում եւ այլ հիմնարկներում, պատասխան են տալու վնասարարության ու պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Միաժամանակ կոչ ենք անում մարզի 116 համայնքի բնակիչներին չենթարկվել իրականացվող վարչական ճնշումներին, արհամարհել բոլոր այն փոքրաթիվ պետական եւ տեղական ինքնակառավարման պաշտոնյաներին, ովքեր հանդգնում են ստիպել ձեզ լինել իրենց պես՝ մանկլավիկ եւ կամակատար, ստիպում են ստրուկի պես իրենց հրամանները կատարել»: Երեկ վերջիններս Սերժ Սարգսյանի այցի նախօրյակին մամուլի ասուլիս էին կազմակերպել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, ուր մեկուկես ամսից ավելի չեն դադարում ահազանգերը տարբեր պետական հաստատություններում վարչական լծակների անօրինական ու անարգել օգտագործման թեմայով:

«Այս մարդիկ չպիտի մոռանան, որ իրենք աշխատում են մեր վճարած հարկերի հաշվին, իսկ վաղը աշխատանքային օր է, եւ իրենք չպիտի հանդգնեն իրենց աշխատանքային օրը տապալել եւ ելնել որեւէ քաղաքական թեկնածուի օգտին ինչ-որ քարոզչության մասնակցել: Եթե էդքան շատ են ուզում՝ կամ թող արձակուրդ գնան, կամ թող հրաժարվեն իրենց աշխատատեղերից, միաժամանակ կոչ ենք անում բոլոր ընտրողներին՝ չքշվել զանազան միջոցառումների, չդառնալ դեկորացիաներ: Ուզում ենք նաեւ շեշտել, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր իրենց կոլեկտիվների վրա ճնշումներ են բանեցնում, թելադրում են, հորդորում են, համոզում են, չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը, ինչը վարչական իրավախախտում լինելուց բացի, հեշտությամբ կարելի է մեկնաբանել որպես քրեական հանցագործություն»,- ասաց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ խոստանալով վաղը եւեթ նկարահանել ու խայտառակել այն բոլոր ուսումնական հաստատությունների տնօրեններին, ովքեր աշակերտներին, ուսանողներին դասերից կտրել ու քարոզչական «շոուի» են բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել