Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՃԱԽՈՐԴԸ ՈՉ ՄԻՇՏ Է ՃԻՇՏ

Փետրվար 15,2008 00:00

ՕԵԿ նախագահի վրա հիմա հարձակվում են թե՛ իշխանությունը, թե՛ արմատական ընդդիմությունը

Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու խոշոր հարված ստացավ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նա սկսեց աշխատել միանգամից 3 «ճակատով». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին հասկացնում էր, որ շուտով կմիանա իրենց, Սերժ Սարգսյանի թիմի հետ բանակցում էր, իսկ Քոչարյանից ապագա վարչապետ դառնալու երաշխիքներ էր ուզում: Հավանաբար, ՕԵԿ նախագահը արմատական ընդդիմությանը միանալու մասին այնքան հավաստի խոստում էր տվել, որ Տեր-Պետրոսյանը շտապեց հայտարարել այդ մասին: Իսկ հնարավոր է, որ Լեւոնն էր առաջ ընկել, ու ցանկալին իրականի տեղ էր ներկայացվել:

Լեւոնենց միանալու մտադրություն պարոն Բաղդասարյանը, իհարկե, չուներ: Նա ընդամենը ցանկանում էր իր գինը բարձրացնել: Դրա համար երկու քայլ էր արվել՝ 1. Տեր-Պետրոսյանին միանալու լուրը շրջանառության մեջ դնելը, 2. Օպերայի հրապարակում միտինգ կազմակերպելը: Արթուրը կարծում էր, որ այս ամենով նա կարող է իշխանությունների հետ ավելի ուժեղ դիրքերից բանակցել իր վարչապետության շուրջ: Բայց այստեղ էլ ստացավ վերոհիշյալ երկու հարվածները: Նախ՝ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային պատասխան տվեց Արթուրի վարչապետական «մեսիջներին» եւ բացառեց Արթուրին կառավարության շենք տեղափոխելն ու ձեռքի հետ էլ մի քիչ ծաղրեց պարոն Բաղդասարյանին: Նա իր թիմի հետ դեռ ուշքի չէին եկել, երբ արդեն Սերժ Սարգսյանը բացահայտեց իրենց հաճախորդների դիմանկարները:

Սա այն դեպքն է, երբ հաճախորդը ճիշտ դուրս չեկավ: ՕԵԿ նախագահն այնքան էր ոգեւորվել քաղաքական բանակցություններով, որ սկսեց «Հոկտեմբերի 27-ի» մասով արտասանել՝ մոռանալով, որ միակ քաղաքական ուժը, որը այդ օրը իր ամբողջ կազմով չէր եկել կառավարության հետ հարցուպատասխանի՝ դա «Օրինաց երկիրն» էր: Այդ մասին շատ է գրվել ու խոսվել: Խոսելու մասով մասնագիտացել էր այժմ Տեր-Պետրոսյանի կողքին գտնվող Հմայակ Հովհաննիսյանը:

Մեկ հետաքրքրական դիտարկում եւս՝ ՕԵԿ-ը միշտ էլ առիթը բաց չի թողել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աչքի ընկնելու եւ պոպուլիզմով զբաղվելու համար: Մանավանդ որ, այդ ժամանակ նիստն ամբողջությամբ հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ: Արթուրը՝ իր Սերգոյով հանդերձ, միշտ էլ եղել է այնտեղ, ուր տեսախցիկ կա: Եվ, այդ առումով, կասկածելի է թվում ՕԵԿ խմբակցության բացակայությունը ԱԺ վերջին նիստին:

Այդ բոլոր քաղաքական դեգերումների արդյունքում՝ պարոն Բաղդասարյանը հայտնվեց երկու կրակի արանքում: Տեր-Պետրոսյանին սատարող մամուլը նոր աննախադեպ հարձակում սկսեց նրա վրա, իսկ իշխանությունն ասում է՝ «Ուզում ես միացիր, ուզում ես ամուսնացիր, ուզում ես բաժանվիր՝ ծովը կողքիդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել