Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր ՀՀ նախագահի թեկնածուներին

Փետրվար 15,2008 00:00

Ոմանք պատասխանել են, ոմանք՝ ոչ

Երեկ «Ուրբաթ» ակումբում ամփոփվեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թեւի իրականացրած «Երիտասարդություն, կայուն զարգացում եւ 2008 թ. նախագահական ընտրությունները Հայաստանում» ծրագրի արդյունքները: Երեւանի եւ մարզերի շուրջ 500 երիտասարդ ընտրողներ քննարկումների միջոցով կազմել էին իրենց մտահոգող 33 հիմնախնդիր պարունակող հարցաշար եւ ներկայացրել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին:

«Թեկնածուների մի մասը ուղղակի այո կամ ոչ է պատասխանել, կամ նշել մեր առաջարկած պատասխանը: Ընդլայնված հիմնավորումներով հանդես են եկել Վահան Հովհաննիսյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, որոշ դեպքերում նաեւ՝ Արթուր Բաղդասարյանը, Արման Մելիքյանի համար երբեմն միանշանակ ընդունելի չեն հարցերը»,- նկատեց ասոցիացիայի նախագահ Կ. Դանիելյանը:

Բոլոր թեկնածուները միեւնույն կերպ են պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են կայուն զարգացման ծրագրերին, ոչ նյութական ոլորտի զարգացման արդյունքում տնտեսական օգուտ ստանալուն, «զսպվածության մշակույթի» հաստատմանը: Ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում նման են բոլոր թեկնածուների մոտեցումները: Ա. Բաղդասարյանը հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, իսկ ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ ՀՀ-ի հետ ուղիղ սահմանի կապերը սակարկման առարկա չեն:

Տ. Կարապետյանը, Վ. Հովհաննիսյանը, Ա. Հարությունյանը, Վ. Մանուկյանը եւս լուծման նմանատիպ ճանապարհներ են առաջարկում՝ ինքնորոշում, խաղաղ կարգավորում… Ա. Մելիքյանն էլ առաջարկում է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ադրբեջանահայ փախստականների խնդիրը բանակցային օրակարգում ներառելու առաջարկով, անիրավազոր ճանաչել 1989-ին ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի կազմում ներառելու մասին որոշումը: Ս. Սարգսյանն էլ խոստանում է, որ նշված հարցի լուծումը լինելու է ՀՀ նախագահի գործողությունների կիզակետում եւ դա հնարավոր չէ իրականացնել մեկ օրում, այլ մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանն ու Արտաշես Գեղամյանը խորհուրդ են տալիս հարցի պատասխանը գտնել իրենց նախընտրական ծրագրերում: ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցին թեկնածուները պատասխանել են այնպես, որ ձեռնտու լինի իրենց: Լ. Տեր-Պետրոսյանն ու Տ. Կարապետյանը կարծում են, որ դրանք սկզբից էլ ճիշտ հունով են ընթացել: Ս. Սարգսյանի կարծիքով՝ սխալ սկսել, իսկ 1998-ից հետո ճիշտ հունով են գնացել, իսկ մյուս թեկնածուները կարծում են, որ բարեփոխումները սկզբից մինչեւ այժմ սխալ հուն են ունեցել:

26-րդ հարցը, որը վերաբերում է դավանանքին, կասկածի տեղիք է տալիս: Բոլոր թեկնածուները նշել են, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ են, իսկ Ա. Մելիքյանը հարցին չի պատասխանել՝ պատճառաբանելով, թե դեմ է դա հանրայնացնելուն, քանի որ այն առանձնահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուրի համար: Վերջին հարցին պատասխանելիս էլ թեկնածուները պիտի նշեին հայրենիքին մատուցած իրենց ամենակարեւոր ծառայությունները: Ա. Բաղդասարյանի եւ Վ. Հովհաննիսյանի փոխարեն պատասխանել են նրանց համախոհները: Մհեր Շահգելդյանը Ա. Բաղդասարյանի հայրենանվեր գործերից է համարում անվճար բուժօգնության տրամադրումը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ստեղծումը, ԱԺ-ում արտասահմանյան երկրների պատվիրակությունների այցերի բազմապատկումը:

Վ. Հովհաննիսյանի ընկերները նշում են նրա հնագիտական հայտնագործությունները, ԼՂՀ-ում 1990-1991-ին ընդհատակյա ջոկատների կազմակերպումը: Վ. Մանուկյանը թվում է իր գործունեության հանգուցային կետերը, դրանց թվում՝ զբաղեցրած պաշտոնները, Ս. Սարգսյանը նշում է, որ Ղարաբաղյան շարժման օրերից մինչեւ պետականության ներկա ընթացքը՝ ինքը եղել է ժողովրդի համար կենսական նշանակության իրադարձությունների կիզակետում: Ա. Մելիքյանը նշել է, որ այդ գնահատականը ինքը չպիտի տա, իսկ Ա. Գեղամյանը այդ հարցի պատասխանը թողնում է սերունդների եւ պատմության դասերին: Լ. Տեր-Պետրոսյանը չի պատասխանել այս հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել