«Արմենոիդսի» ստեղծագործությունները անվճար տեղադրված են ինտերնետային կայքերում
Հայաստանյան շոու-բիզնեսում կան եզակի ներկայացուցիչներ, որոնք, ի տարբերություն իրենց շատ կոլեգաների, գործում են ազատ եւ գրագետ: Դրանց թվում է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում մեծ լսարան ունեցող, 2005-ից գործող «Արմենոիդսը»: Այս երաժշտական կոլեկտիվը, հիրավի, աշխատում է արեւմտյան չափանիշներով, ունի թարգմանիչ, հասարակայնության հետ կապերի պատասխանատու, զանազան մասնագետներ եւ այլն:
«Առավոտը» հանդիպեց «Արմենոիդսի» ղեկավար Էդգար Ռոստոմյանի հետ:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ նախագծի շրջանակներն էլ ավելի ընդլայնելու առիթով «Արմենոիդսի» տեղեկատվության պատասխանատուն՝ լրագրող Ռուբեն Հարությունյանը, շուտով կսկսի իր գործունեությունը ԶԼՄ-ների հետ. «Մեր հաջողություններում մեծ դեր ունեն նաեւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, կանադահայ Սայաթ Կույումջյանը, որը տիրապետում է 5 լեզուների եւ այլք»: 2007-ի ավարտին ԱՄՆ-ում կայացած ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նախագիծը ճանաչվեց որպես լավագույն տրանս, հաուս խումբ, իսկ վերջերս Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ Լավագույն խումբ: «Արմենոիդս» նախագիծը ի սկզբանե իր առջեւ ի՞նչ խնդիր է դրել, կոնկրետ երաժշտական ո՞ր ուղղությունն է ընտրել, արդյոք հավաստի՞ են կարծիքները, թե այն գնում է «System Of A Down»-ի հետքերով: Այս մասին խոսելիս Է. Ռոստոմյանը նախ ցավով հայտնեց, որ ամերիկյան հայտնի ռոք խմբի երաժիշտներն այլեւս միասին չեն ստեղծագործում, հետո էլ հավելեց. «Մեր երաժշտությունը պրոգրեսիվ ֆոլկն է: Մինչ նախագծի ստեղծումը, ուսումնասիրել եւ հետո նպատակ ենք դրել ունկնդրին ներկայանալ այնպիսի երաժշտությամբ, որն իր մեջ ներառի եւ ազգային, եւ համաշխարհային հանրամատչելի երաժշտական տեխնոլոգիաները: Ամերիկայում ես հանդիպեցի «System Of A Down»-ի բաս կիթառահար Շավո Օդաջյանի հետ: Շուտով նորից պետք է մեկնեմ ԱՄՆ՝ հայտնի երաժշտի հետ «Արմենոիդսի» որոշ նախագծեր իրականացնելու նպատակով: Նշեմ, որ իրենց խմբի լուծարվելուց հետո Շավոն այսօր գրում է կինոերաժշտություն եւ համագործակցում հոլիվուդյան ճանաչված կինոարտադրողների հետ: Ինչ վերաբերում է հանրահայտ ռոք խմբի հետքերով գնալուն, գուցե գաղափարական իմաստով՝ այո, որովհետեւ մենք էլ ենք բարձրացնում ցեղասպանության ճանաչման հարցը…»:
Հետաքրքրությանը, թե ինչպե՞ս է Օդաջյանը ծանոթացել «Արմենոիդսին» եւ ինչպե՞ս է պատահել, որ ամերիկացի մի աստղ իր երգացանկում ընդգրկել է «Արմենոիդսի» ստեղծագործություններից մեկը, Է. Ռոստոմյանը հայտնեց, որ խոսքը հայտնի կինոդերասան եւ երաժիշտ Կատտ Վիլյամսի մասին է, որն իր CD-ում իսկապես ներառել է իրենց «DUHM» ստեղծագործությունը: «Ինչ վերաբերում է արտերկրում մեր ճանաչմանը, ասեմ, որ գուցե հակասելով ընդհանրապես շոու-բիզնեսի օրենքներին՝ այլ ճանապարհով ենք գնացել. մեր ստեղծագործությունները գիտակցաբար անվճար տեղադրել ենք ինտերնետային կայքերում՝ որովհետեւ մեր աշխատանքների հիմքում ժողովրդական, աշուղական, գուսանական երաժշտությունն է, որի հեղինակը ինքը՝ ժողովուրդն է»,- հավելեց երաժիշտը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերին «վերեւները» հրավիրում են սեփական միջոցառումներին ու քարոզարշավներին, իսկ «Արմենոիդսին»՝ ոչ: Է. Ռոստոմյանը հայտնեց հետեւյալը. «Ճիշտ է, սեփական միջոցառումներին չեն հրավիրում, իսկ պետականներին մշտապես հրավիրում են: Օրինակ, անցյալ տարի Համահայկական խաղերի բացմանը 30 րոպե մեր երաժշտության ներքո էին 70 երկրից ժամանած մարզիկները ներկայանում ժողովրդին… Քարոզարշավներին, կոնկրետ ես, որ ոչ մի կուսակցության անդամ չեմ, երբեք չեմ մասնակցի: Իմ նախնիները հին Ջուղայից էին, որտեղ ժամանակին հայկական մշակույթի հանդեպ սպանդ է իրականացվել: «Արմենոիդսը» իր արվեստով պետք է պայքարի նաեւ նման բարբարոսությունների դեմ…»: