Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին երեկ «Փաստարկ» ակումբում հարց ուղղեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, թե «հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպությունների դիրքորոշումները, քաղաքացիական շարժման մասնակիցների կարծիքը, հարյուր հազարավոր աջակցող խմբերի դիմումները»՝ որոշել են «Ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավոր միավորումների խնդրին անդրադառնալ նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո»: Հայտարարության մեջ նաեւ պատրաստակամություն է հայտնված «համադրել ջանքերն այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համատեղ պայքարելու համար բոլոր տեսակի ընտրակեղծիքների, խախտումների եւ զեղծարարությունների դեմ»: Սակայն նաեւ նշված է. «Դատապարտելով քաղաքական շանտաժը, շահարկումները եւ սեւ քարոզչությունը իշխանության, այդ թվում նաեւ՝ որոշ ընդդիմադիր ուժերի կողմից՝ կոչ ենք անում հրապարակային դաշտում պահպանել քաղաքական կոռեկտությունը ու համագործակցության ոգին»:
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ ասուլիսում բավական վրդովված արձագանքեց «ՀԺ»-ի մի հրապարակմանը, թե Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններ ունի, եւ ասաց. «Ես միանշանակ համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեւի պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ՝ քանդելու, պառակտելու ընդդիմադիր ամբողջ դաշտը: Ես այդպես եմ հասկանում իրենց վարած քաղաքականությունը՝ Սերժ Սարգսյանի ջրաղացին ջուր լցնելու քաղաքականություն են վարում»: «ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՕԵԿ-ը շարունակում բանակցությունները Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ՝ Հեղինե Բիշարյանը հակադարձեց. «Այդ դեպքում իրե՞նք ինչու են մեզ հետ շարունակում բանակցությունները, եթե գրում են այդ մասին»: Թղթակիցն առաջարկեց. «Դո՛ւք մի շարունակեք»: Մինչդեռ տիկին Բիշարյանն առաջարկեց միմյանց փնովելու եւ իրար դեմ պայքարելու փոխարեն՝ միասին պայքարել ընտրակեղծիքների դեմ:
Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավարը հայտնեց, որ ուսումնասիրել են ՀՀ ընտրողների ռեգիստրը եւ հայտնաբերել. «Ցուցակներում ՀՀ ընտրողների 2 311 665 ընդհանուր թվաքանակից՝ 74045-ը չունեն ծննդյան օր եւ ամիս, 1149 քաղաքացիներ չունեն հասցե: Բազմաթիվ են ՀՀ քաղաքացիները, որոնք ծնվել են 1980-ականներին, նույնիսկ՝ 1987-ին: Ընտրողների ռեգիստրում արձանագրված են քաղաքացիներ՝ ծնված 1891-ին՝ Արագածոտնում, 1894-ին՝ Արարատում, 1896-ին՝ Արմավիրում, 1897-ին՝ Արարատում, 1899-ին՝ Արարատում: Հայաստանի 6 քաղաքացի ծնվել են 1900-ին, 277 քաղաքացի՝ մինչեւ 1910-ը, 488 քաղաքացի՝ մինչեւ 1912-ը: Միայն Կոտայքում մինչեւ 1910-ը ծնվել են 32 քաղաքացիներ: Երեւանում մինչեւ 1910 թվականը ծնվել են 30 մարդ»: Հեղինե Բիշարյանն այս փաստերն այսպես մեկնաբանեց. «Այսինքն՝ մարդիկ մի 150-200 տարի ապրում են, ըստ մեր ընտրողների ցուցակների»: