Բնակիչները, օգտվելով նախընտրական շրջանից, թաղապետարանի հետ կապված իրենց հարցերը լուծում են շտաբի միջոցով:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարեւանությամբ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներից մեկն է: Այդ շտաբի մուտքի մոտ այս օրերին մշտապես հսկայական հերթեր են գոյանում: Գազի, ջրի, բնակվարձի, էլեկտրաէներգիայի, ցանկացած կոմունալ-կենցաղային, մինչեւ անգամ բանակի հետ կապված հարցերով բնակիչները դիմում են շտաբին: Պատճառն այն է, որ համայնքի թաղապետ Աղվան Գրիգորյանն արձակուրդում է, ու այս օրերին նախընտրական շտաբի պետ է դարձել: Բնակիչներն էլ, քանի որ թաղապետարանում հաճախ չեն կարողանում իրենց համայնքապետին բռնացնել, գնում են ուղիղ շտաբ: Այն հարցերը, որոնք մինչ օրս թաղապետարանի միջոցով հնարավոր չէր լուծել, նախընտրական այս շրջանում շտաբի միջոցով լուծվում են:
Շտաբի պետի տեղակալ Սոկրատ Մկրտչյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք թաղապետարանի գործառույթները չեն իրականացնում, լուծում են միայն ընտրական գործընթացների եւ քարոզչության հետ կապ ունեցող հարցեր: Ըստ Ս. Մկրտչյանի, շատ բնակիչներ գալիս են ոչ թե իրենց խնդիրները լուծելու, այլ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ունեցած սիրուց դրդված. նրանք այցելում են շտաբ՝ թեկնածուին օգնելու, օրինակ՝ բուկլետներ են բաժանում: Հաշվի առնելով, որ հավաքվածների մեծ մասը 60-70-ամյա տատիկներ են, դժվար է պատկերացնել նրանց՝ փողոցում բուկլետ ցրելիս:
Թաղապետ Աղվան Գրիգորյանն «Առավոտին» պարզաբանեց, որ թաղապետարանի շենքը գործում է, եւ միայն ինքն է արձակուրդում, այնպես որ, մարդիկ թաղապետարանի հետ կապված հարցերը շտաբում չեն լուծում: Մեր հարցին, թե չե՞ն եղել դեպքեր, երբ բնակիչների բնակվարձերի, լույսի, ջրի կամ գազի պարտքերը մարեք, շտաբում լուծեք կոմունալ-կենցաղային հարցեր՝ թաղապետը պատասխանեց. «Եթե ես կարողանում եմ՝ որոշ հարցեր լուծում եմ, ինչ վերաբերում է բնակվարձերին, լույսի, գազի կամ այլ վարձերին, դրանք մեզ հետ կապ չունեն: Մենք չենք էլ կարող դրանք մարել, քանի որ դրանք առանձին հիմնարկներ են»: Պարոն Գրիգորյանն էլ էր վստահեցնում, որ մարդիկ հաճախ կամովի գալիս են՝ իրենց օգնելու եւ շտաբի գործերը կարգավորելու: Տատիկներն ինչպե՞ս են կարողանում ձեզ օգնել մեր հարցին՝ թաղապետը պատասխանեց. «Տատիկներն էլ իմ ընկերներն են, ուր գնում եմ՝ իմ հետ գալիս են, ի՞նչ անեմ»:
Ի դեպ, շտաբում 3 լիտրանոց տարա էր դրված, մեջն էլ՝ լիքը 10 հազար դրամանոցներ: Սոկրատ Մկրտչյանը բացատրեց, որ այս «թեժ» օրերին իրենց պետերից ով շտաբի նշանակված ժողովից ուշանում է՝ տույժ պետք է մուծի. «Ով ինչքան ցանկանում է՝ գցում է»: Նկատի ունենալով, որ տարայի մեջ արդեն բավականին մեծ գումար էր հավաքվել, փաստորեն, ուշացողները շատ են եղել: Ս. Մկրտչյանի խոսքերով՝ «հավաքված գումարով ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հաղթանակի պատվին քեֆ ենք անելու»: