Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՐԸ ՄԵԾ Է

Փետրվար 15,2008 00:00

\"\"Արագածոտնի մարզում ՀՅԴ-ն համոզված է, որ առաջատարն իրենց թեկնածուն է, ՕԵԿ-ը՝ իրենց, Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էլ վստահ են, որ իրենք են հաղթելու:

Ի տարբերություն մյուս մարզերի, Արագածոտնում դպրոցի տնօրեններն ու մանկավարժներն ակտիվ քարոզարշավ են տանում ՀՀ նախագահի դաշնակցական թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին, քանի որ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նույնպես դաշնակցական է: Օրերս Աշտարակում լուրեր էին տարածվել, որ Սիսակյան դպրոցի տնօրենը դասղեկների եւ ծնողկոմիտեների միջոցով աշակերտներին ճնշումների են ենթարկում, որպեսզի նրանց ծնողներն ընտրեն Վ. Հովհաննիսյանին: Իսկ Ղափանցյանի անվան 4-րդ դպրոցում էլ աշակերտներին հրահանգել են գնալ նախընտրական շտաբ, որտեղ նրանց «անակնկալ» է սպասել: Շտաբում յուրաքանչյուր աշակերտի բաժանել են «ԱրմենՏելի» 1000 դրամանոց 3-ական վերալիցքավորման քարտեր եւ Վ. Հովհաննիսյանի բուկլետները:

«Սա զրպարտություն է եւ որոշ մարդկանց սարքած գործն է, «ԱրմենՏելը» մեր ընկերությունը չէ, որ նման բաներ անենք»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին ի պատասխան՝ ասաց ՀՅԴ Արագածոտնի մարզի «Արմեն-Գարո» մարզային շտաբի անդամ Կարեն Շահազիզյանը: Դաշնակցականների հաշվարկներով, այս մարզում իրենց թեկնածուն հավաքելու է մոտ 50% ձայն: Կ. Շահազիզյանը վստահեցրեց, որ այս քարոզարշավի ընթացքում իրենց նկատմամբ որեւէ ճնշում չի եղել: Նա վստահ էր, որ «եթե այսպես շարունակվի՝ կունենանք ժողովրդավարական ընտրություններ»: Շտաբի անդամին եւս լուրեր են հասել, որ թեկնածուները Աշտարակում քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքում, սակայն Կ. Շահազիզյանը որեւէ փաստ չուներ. «Գնացեք՝ հարցրեք, որ դաշնակցությունը որեւէ ընտրակաշառք չի բաժանում, անձնագրի տվյալներ նույնպես չենք հավաքում»:

Մեզ հետ զրույցում ՕԵԿ Աշտարակի մարզային կառույցի նախագահ Սանասար Սիմոնյանը պատմեց, որ իրենք Աշտարակ քաղաքում մեծ հաջողությամբ իրականացնում են «դռնեդուռ» ծրագիրը: ՕԵԿ-ականները դռնեդուռ ընկած՝ մարդկանց բաժանում են Արթուր Բաղդասարյանի քարոզչական նյութերն ու ձեռքի հետ էլ ստուգում են իրենց թեկնածուի վարկանիշը. «ԱԺ ընտրությունների ժամանակ Աշտարակից ՕԵԿ-ը տարել է 12% ձայն, բայց քանի որ այս անգամ անձի ընտրություններ են, իսկ Բաղդասարյանն ունի բավականին բարձր ռեյտինգ, միայն Աշտարակից ակնկալում ենք հավաքել 30% ձայն»: Ս. Սիմոնյանին հասած լուրերով, Աշտարակում նույնպես ընտրակաշառքներ բաժանվում են. «Բնակիչներին 5-հազարական դրամ օգնություն տրամադրելու անվան տակ լայն թափով անձնագրային տվյալներ են հավաքում, բայց քանի որ չունեմ կոնկրետ փաստեր՝ չեմ կարող ասել, թե որ թեկնածուի կողմնակիցներն են կաշառք բաժանում, բայց կարող եմ փաստել, որ այս անգամ ժողովուրդն իր ձայնն ավելի բարձր է գնահատում եւ նրանցից շատերը ինքնակամ հրաժարվում են օգնությունից»: Ս. Սիմոնյանի խոսքերով, ամեն օր իրենց շտաբներ են գալիս բազմաթիվ քաղաքացիներ ու ՕԵԿ-ականներին կոչ անում միավորվել ընդդիմադիր թեկնածուներին. «Իրենց համար միեւնույն է, թե ով ում կմիանա, ժողովուրդն իշխանափոխության կարիք ունի»: Անդրադառնալով ստիպողաբար ժողովրդին հանրահավաքների բերելուն, պարոն Սիմոնյանը նշեց. «Մեր շուրջը հավաքվել է կայուն ընտրազանգված, մեր հանրահավաքներին գալիս են այն մարդիկ, ովքեր կիսում են մեր գաղափարները, մենք չունենք վարչական ռեսուրսներ, որ քաղաքապետերի, գյուղապետերի, դպրոցի տնօրենների միջոցով ընտրազանգված հավաքենք»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Սեյրան Ազիզյանն էլ վստահեցրեց, որ իրենց շտաբ են ահազանգում բազմաթիվ տնտեսվարողներ ու հայտնում, որ հարկային տեսուչները մտնում են քաղաքի խանութներն ու սեփականատերերից պահանջում անձնագրային տվյալներ: Երբ խնդրեցինք կոնկրետ փաստեր ներկայացնել, Ս. Ազիզյանը հրաժարվեց. «Ում խանութն էլ մտնեք՝ ձեզ կասեն»: «Առավոտը» Աշտարակ քաղաքում եղավ տասնյակ խանութներում եւ վաճառակետերում, սակայն բոլոր խանութպաններն ու վաճառականները խուսափեցին այդ մասին խոսել՝ վախենալով, որ հետագայում խնդիրներ կունենան:

Ս. Ազիզյանի ներկայացմամբ. «Քաղաքում բազմաթիվ պաստառներ ենք փակցրել, սակայն քաղաքապետ Գագիկ Թամազյանի անմիջական ցուցումով բոլոր պաստառները պատռվում են, այս պահի դրությամբ մեր թեկնածուի ոչ մի պաստառ չկա»: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում էլ մոտավոր հաշվարկներ են արել ու պարզել, որ Աշտարակում Տեր-Պետրոսյանն ունենալու է մոտ 60% ձայն: Շտաբը 15 հարցից բաղկացած հարցաթերթիկ է բաժանել 250 պատահական քաղաքացիների: Ընտրողները հարցերը գնահատել են 10 բալով, որից էլ պարզ է դարձել, որ Աշտարակում 54%-ով առաջատարն է Լ. Տեր-Պետրոսյանը, այնուհետեւ Ա. Բաղդասարյանը՝ 32%, Վ. Հովհաննիսյանը՝ 14%, Ս. Սարգսյանը՝ 10%:

Ըստ պարոն Ազիզյանի, Լ. Տեր-Պետրոսյանը ընտրախախտումների դեմ պայքարելու յուրօրինակ ձեւ է մշակել. այժմ բոլոր վստահված անձանց համար ուսուցողական դասընթացներ են կազմակերպվում եւ բացատրում են նրանց, թե ինչ հնարավոր կեղծիքներ կարող են լինել, նույնիսկ նրանց համար արձանագրությունների, դիմումների եւ հատուկ կարծիք հայտնելու բլանկներ են պատրաստվել, որպեսզի ժամանակ չկորցնեն եւ տեղում արձանագրեն բոլոր հնարավոր կեղծիքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել