Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկուցում են

Փետրվար 15,2008 00:00

Առաջիկա ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեկ հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում ամփոփված են հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 9-ը անցկացված դիտարկման արդյունքները: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, զեկույցում ասված է, որ քարոզարշավի փուլում «ի տարբերություն մյուս թեկնածուների, Լ. Տեր-Պետրոսյանը իշխանությունների հասցեին նսեմացնող արտահայտություններ է արել»:

Անդրադարձ կա հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած միջադեպին, որը «վերաբերում էր մի քաղաքացու եւ Լ. Տեր-Պետրոսյանի աջակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին»: Արձանագրված է, որ «փետրվարի 6-ին Արտաշատում Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքներից մեկի ժամանակ անձանց մի փոքր խումբ պատահած ուղղությամբ առարկաներ է նետել մասնակիցների վրա, որ թեկնածուի թիկնապահներից մեկը ֆիզիկական հարձակման է ենթարկվել եւ կրել է մարմնական վնասվածքներ: Գլխավոր դատախազությունը ստացել է եւս մեկ բողոք հանրահավաքին մասնակցած երկու անձանց կողմից: Նրանք հայտարարում են, որ իրենք հարձակման են ենթարկվել ու կրել են ֆիզիկական վնասներ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից կառավարության հասցեին վիրավորական խոսքերին բարձրաձայն առարկելուց հետո»:

Արձանագրվել է, որ «Սերժ Սարգսյանը չի դադարեցրել իր պաշտոնավարումը՝ որպես վարչապետ: 2007թ. դեկտեմբերին նա ստեղծել է ՀՀ կառավարության աշխատակազմին առընթեր աշխատանքային խումբ՝ վերլուծելու քաղաքացիների բարձրացրած խնդիրները եւ քննարկելու նրանց խնդրանքները եւ բողոքները: Փետրվարի 3-ին, ԶԼՄ-ների հաղորդմամբ, վարչապետն այցելել է խմբի գրասենյակ` «նրա աշխատանքը ստուգելու նպատակով» եւ հանդիպել է դիմումատուներին: ՄԻԱԿ-ը, որը քարոզում է Ս. Սարգսյանի օգտին, առաքելությանը հայտնել է, որ իրենք դռնից դուռ քարոզարշավում առաջարկել են քաղաքացիներին լրացնել «դիմումներ», որոնք հանձնվել են այն մշտական բաժնին, որտեղ տեղակայված է այդ նույն աշխատանքային խումբը: ԸՕ-ն արգելում է վարչական ռեսուրսների օգտագործումը քարոզչական նպատակներով»: Կամ՝ «պետական հաստատության մի աշխատակից հայտնել է դիտորդակներին, որ իրենք հրահանգ են ստացել իրենց վերադասից մասնակցել Ս. Սարգսյանի քարոզարշավներից մեկին: Դիտորդները զեկուցել են, որ փետրվարի 6-ին՝ Ս. Սարգսյանի հանրահավաքի օրը, Վանաձորում հասարակական տրանսպորտն անվճար էր»: «Մարզերում դիտորդները զեկուցել են, որ դժվարացել են տարբերակում անել Ս. Սարգսյանի քարոզարշավի եւ ՏԻՄ-ի աշխատանքի միջեւ, մասամբ այն պատճառով, որ որոշ քաղաքապետներ ակտիվ քարոզում են պարոն Սարգսյանի օգտին»: Նշված է, որ «դիտորդներին շարունակում են ահազանգել քաղաքացիներ՝ քվեների գնման սխեմաների եւ անձնագրային տվյալների հավաքագրման, քվեի գաղտնիության վերաբերյալ անհանգստությամբ, ինչը բացասաբար է ազդում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել