Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ «ԶԻՆԱԴԱԴԱՐՆ» ԱՎԱՐՏՎԵՑ

Փետրվար 15,2008 00:00

\"\"Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանի հետ:

– ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, որում առկա էր շատ կոշտ քննադատություն Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, արդյոք նշանակո՞ւմ է, որ այլեւս ոչ եւս են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էիք բերել նրա հետ 2007-ի սեպտեմբերի հանդիպման ժամանակ:

– Այո՛, նման երեւույթ նկատվում է: Ուղղակի մենք իրար հետ չենք հանդիպել, չենք հաղորդակցվել, որ ուժը կորցրած ճանաչենք այդ պայմանավորվածությունները: Բայց մենք պատասխանել ենք այն հոդվածին, որը եղել է «ՀԺ»-ում:

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ փաստաթղթի հրապարակմա՞նը:

– Մեզ համար նոր չեն այդպիսի փաստաթղթերը: Մենք ավելի շատ նման փաստաթղթերի ենք ծանոթ՝ «Վահան Հովհաննիսյան+30» եւ «Դրո» գործերով: Հարցը փաստաթուղթը չէ, այլ այն, որ կարծես թե մենք այդ էջը փակել էինք: Այն իմաստով, որ ակնհայտ է՝ եթե մեզ նորից փորձում են մեղադրել այն բաների մեջ, որոնք հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք են հերքվել դատարանում՝ չեմ կարծում, թե սա պատիվ է բերում որեւէ մի պաշտոնյայի, մանավանդ՝ նախագահի թեկնածուի:

– Այդ փաստաթուղթն իբրեւ «Դրո» գործի հիշեցո՞ւմ եք ընկալում, թե՞ ապացույց, որ այդ մեղադրանքների ներքո ստորագրել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ ազգային անվտանգության նախարար եղած ժամանակ:

– Մեզ համար դա նույնն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրահանգել է՝ Սերժ Սարգսյանն էլ արել է: Մենք էլ, որ այդ երկուսին էլ «ոչ» ենք ասում՝ հո հենց այնպես, օդի՞ց չենք այդ «ոչ»-ն ասում:

– Քարոզարշավի ընթացքում Վահան Հովհաննիսյանի հանդիպումները պարբերաբար խոչընդոտվում էին տեղական իշխանությունների կողմից, սակայն այդ ամենին ավելի մեղմ արձագանքեցիք, քան մի հրապարակմանը:

– Մենք այդ բոլոր փաստերին ոչ միայն արձագանքել ենք, այլեւ կանխել ենք դրանց կրկնությունը: Իհարկե, որոշ տեղերում կրկնվել է, քանի որ միշտ կան մարդիկ, որոնք ուզում են «պապից ավելի կաթոլիկ» լինել: Եվ նման մարդկանց հետ էլ են լինում բոլորովին այլ բնույթի խոսակցություններ: Այսինքն՝ այդպես չէ, որ մենք զգում ենք, թե ինչ-որ կազմակերպված բնույթ ունի այս ամենը: Մենք այդ փաստերը հավաքում ենք, բայց չենք հրապարակում միայն այն պատճառով, որ ապացույցների ընդհանուր գնահատման խնդիր կա: Չենք ուզում ամեն անգամ ամեն մի հարցով հրապարակային բողոքի ակցիաներ կազմակերպել՝ դա չի ճիշտ ձեւը: Բայց երբ որ անհրաժեշտություն եղավ՝ հուժկու հակահարված կտանք այս ամենին:

– Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջ ընտրարշավի ընթացքում 2 անգամ է անդրադարձել ՀՅԴ-ին՝ ասուլիսում տրված հարցին ի պատասխան, եւ Վահան Հովհաննիսյանին բնորոշելով իբրեւ ինքնուրույն թեկնածու: Այսինքն՝ անձամբ ինքը կարծես պահպանել է պայմանավորվածությունները: Սակայն ՀՅԴ թեկնածուն բոլոր հանդիպումներում հավասարապես քննադատել է ներկա ու նախկին իշխանություններին, ընդ որում՝ վերջինիս միանալու ՀՀԿ խմբակցության անդամ որոշ պատգամավորների քայլն էլ բնորոշեց իբրեւ «առնետավազք»: Ըստ այդմ՝ ո՞ւմ կողմից առաջինը խախտվեց պայմանավորվածությունը:

– Չեմ կարծում, թե սա արժանի է խորը գնահատումների՝ ո՜ւմ կողմից, որքա՜ն: Չափի եւ ձեւի հարցը չէ այստեղ: Շատ ակնհայտ է՝ այո՛, ողջ քարոզչության ընթացքում մեր գիծը հստակ պահել ենք՝ չշեղվելով ՀՅԴ գաղափարական ու քաղաքական մոտեցումներից: Ու չենք էլ խախտել որեւէ պայմանավորվածություն՝ խոսք չի եղել, որ մենք դադարեցնելու ենք գաղափարական, քաղաքական պայքարը: Պայմանավորվածությունները վերաբերել են ցեխարձակումներին, զրպարտություններին: Իսկ այդ հոդվածը շատ հստակ ցեխարձակում էր: Նման բան մենք չենք արել: Եվ ես չեմ կարծում, թե այդ հոդվածից անտեղյակ է եղել պրն Տեր-Պետրոսյանը: Եթե անտեղյակ է եղել՝ թող ասի, որ սա չի համապատասխանում իր մոտեցմանը:

– Հրանտ Մարգարյանը հրապարակավ առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հանել թեկնածությունը եւ պաշտպանել Վազգեն Մանուկյանին, խոստանալով, թե այդ դեպքում կմիանաք նրան: ՀՅԴ-ն լրջորեն պատրա՞ստ է հրաժարվել իր թեկնածուից, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս հանի իր թեկնածությունը:

– Հրանտ Մարգարյանը նախ ասաց, որ եթե երկուսն էլ՝ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանեն իրենց թեկնածությունները, մենք կողջունենք: Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասել, որ կհանի իր թեկնածությունը, եթե Սերժ Սարգսյանն էլ հանի: Դա կլինի լավագո՛ւյն լուծումը՝ ընտրությունները կդառնան շատ ավելի վերահսկելի ու քաղաքակիրթ:

Մյուս խնդիրը, որ առաջադրեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը՝ հետեւյալն է. Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտք է Վազգեն Մանուկյանին 1996 թվականի ընտրությունները կեղծելու համար: Եվ եթե իրոք ուզում է համախմբել, որ ազատվենք այս ռեժիմից՝ ինչպես ինքն է ասում, թող հանի իր թեկնածությունը եւ պաշտպանի Վազգեն Մանուկյանին: Երկու խնդիր միանգամից լուծած կլինի՝ նախ իր պարտքը կվերադարձնի Վազգեն Մանուկյանին, եւ երկրորդը՝ հնարավորություն կտա, որ մնացած բոլորն էլ համախմբվեն: Եվ այդ քայլը առաջիններից մեկը կարող ենք կատարել հենց մենք՝ համախմբվելով Վազգեն Մանուկյանի շուրջ, որ նա դառնա ներկան փոխել բոլոր ցանկացողների կողմից ընդունելի, միասնական թեկնածու:

– ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը հայտարարեց, թե «վատ հոտ ենք առնում», կարող է արյուն թափվել: Դուք էլ կանանց կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեցիք, թե չեք բացառում ընդհարումները: Ի՞նչն է նման մտավախության հիմքը:

– Այն «նախապատրաստական» աշխատանքները, որոնք կատարվում են այդ ուղղությամբ: Մենք հստակ տեսնում ենք, որ կա մի մոտեցում՝ եթե ես չեմ հաղթել, ուրեմն՝ ընտրությունները կեղծված են: Իսկ եթե ընտրությունները կեղծված են՝ ամեն ինչ արտոնված է: Գործում է այս տրամաբանությունը, որը ենթադրում է՝ ամեն գնով իշխանության գալու խնդիր է դրված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել