Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՂԹԻ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Փետրվար 15,2008 00:00

\"\"Ասում է քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը

– ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը օրերս է վերադարձել Մոսկվայից: Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ է կարեւոր արտաքին աշխարհի վերաբերմունքը ՀՀ նախագահի թեկնածուների նկատմամբ, եւ որքանո՞վ դա կարող է վճռորոշ լինել ՀՀ քաղաքացիների նախընտրությունների իմաստով:

– Նախ՝ ընդգծեմ. մենք պետք է սովորենք, որ ինքներս ենք ընտրում մեր երկրի նախագահին, եւ չպետք է մեր ընտրության հարցում կողմնորոշվենք նրանով, թե ինչ են ասում մեր թեկնածուների մասին ԱՄՆ-ն, Ռուսաստանը կամ Եվրոպան: Տեր-Պետրոսյանի՝ Մոսկվա կատարած այցելության մանրամասներին ես չեմ տիրապետում, բայց որպես քաղաքական վերլուծաբան՝ համարում եմ, որ Ռուսաստանը, որպես լուրջ երկիր, բացառվում է, որ այս անգամ սխալվի: Մենք հիշում ենք ե՛ւ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի, ե՛ւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը, երբ այդ ընտրություններում Ռուսաստանը շատ ուշացումով եւ սխալ կողմնորոշվեց: Այդ սխալը Ռուսաստանի մասշտաբն ունեցող երկիրը չի կարող կրկնել: Այն պահից, երբ նրանք հասկացան, որ Լ. Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի աջակցությունը մեծ է, ավելին՝ երբ փետրվարի 9-ի հանրահավաքին մասնակցեց 150 հազար մարդ, ՌԴ-ն սկսեց կոնկրետ քայլեր անել, ինչի արգասիքն էր նաեւ Տեր-Պետրոսյանին ՌԴ այցելելու հրավերը եւ ՌԴ փոխվարչապետ Մեդվեդեւի հանդիպման փաստը: Դրանով ՌԴ-ն ցույց տվեց իր վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Համոզված եմ, որ ՌԴ-ն որոշում ընդունեց՝ Լ. Տեր-Պետրոսյանը իր համար ընդունելի նախագահ է, այն նախագահն է, որը նորմալ քաղաքականություն կվարի, եւ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, որը որդեգրվեց Հայաստանի կողմից հե՛նց Տեր-Պետրոսյանի օրոք, կշարունակվի:

– Այդ դեպքում ինչպիսի՞ն են ՌԴ-ի մեծագույն մրցակիցների, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների շահերը:

– Հասկանալի է, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին ուշադրությամբ հետեւում են նաեւ Եվրոպայում, նաեւ ԱՄՆ-ում: Կարծում եմ, որ նրանց դիրքորոշումը մեր ընտրություններում պետք է արտահայտվի իրենց դիտորդական առաքելությունների սկզբունքային ու օբյեկտիվ եւ ոչ թե ֆորմալ մոտեցմամբ ու ընտրություններին տրված դիվանագիտական ձեւակերպումներով:

– Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի ընտրվելը ինչպե՞ս կարող է ազդել առանցքային համարվող ԼՂ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, ես դա զգում եմ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, դիվանագետների հետ իմ անձնական շփումներից, որ եթե Ս. Սարգսյանը դառնա երկրի նախագահ՝ այդ ոլորտներում որեւէ առաջընթաց չի լինի, որովհետե նա, ըստ էության, Ռ. Քոչարյանի եւ նրա վարած քաղաքականության ժառանգորդն է: 1998-ից մինչ օրս այդ քաղաքականությունը ԼՂ կարգավորման համատեքստում խնդիրը սառեցնելն էր, հայ-թուրքական հարաբերություններում ընդհանրապես առաջընթաց չկար: Այդ իմաստով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը էապես տարբերվում է նրանց դիրքորոշումից, եւ դա կայանում է նրանում, որ պետք է լուրջ քայլեր անել հարեւան երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար: Միջազգային հանրությանը հայտնի է, որ ՀՀ առաջին նախագահը այս հարցերում ունի միանգամայն այլ մոտեցումներ: Ի դեպ, այդ դիրքորոշումն ու մոտեցումը պրիմիտիվ հայրենասերները փորձում են օգտագործել Տեր-Պետրոսյանի դեմ, բայց անհաջող, որովհետեւ հենց այդպիսի դիրքորոշումն է, որ ուժեղացնում է Հայաստանը: Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի տարբերությունը նաեւ այն է, որ Ս. Սարգսյանի հետ որեւէ սպասելիք չունեն ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ մեր հարեւանները: Լ. Տեր-Պետրոսյանի դեպքում սպասելիքներ կան:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներքաղաքական եւ նախընտրական զարգացումները այս փուլում:

– Ես ցավում եմ, որ գործող իշխանությունները այս փուլում ուղղակիորեն գնում են բռնությունների: Բոլորս հասկանում ենք, որ դժվար է մեր երկրում իդեալական ընտրություններ անցկացնել, բայց այն, ինչ այս օրերին կատարվում է, իրոք մտահոգիչ է. բռնություններ, ուժային կառույցների ակտիվ ներգրավում ընտրական պրոցեսներում: Պատկերացրեք, որ գործող իշխանությունները այսօր պայքարում են ժողովրդի կողմից սիրված մի քանի գործիչների կամ նրանց ընտանիքների դեմ՝ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, հիմա սկսեցին զբաղվել նաեւ Մանուկ Գասպարյանի ընտանիքով: Անբարոյականության ինչ մակարդակի են հասել սրանք: Այս իշխանությունները չեն սիրում նրանց, ում ժողովուրդը սիրում է: Սա նշանակում է, որ գործող իշխանություններն ամեն օր ուզում են մեզ ապացուցել, որ իրենք այս երկրում օտար են: Ես՝ ինքս, դեմ եմ այսպիսի մտածելակերպին, բայց հիմա սկսում եմ հավատալ դրան, որ իրենց համար Հայաստանը օտար է: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ ժողովրդի կողմից սիրված եւ ընդամենը վերջերս մեզնից հեռացած Մանուկ Գասպարյանի որդուն դաժան ծեծի ենթարկեցին միայն այն պատճառով, որ նա իրենց քաղաքական ընդդիմախոսն է: Ես ուզում եմ, որ այս երկրում նորմալ իշխանություն ձեւավորվի ազատ ընտրություններով, եւ չեմ կասկածում, որ իշխանափոխության գործընթացը, որը սկսվեց 2007թ. սեպտեմբերի 21-ով, կավարտվի փետրվարի 19-ին, առաջին փուլով եւ Տեր-Պետրոսյանի հաղթանակով: ՌԴ-ում հասկացան, որ հայ ժողովրդի կարծիքը անտեսել հնարավոր չէ, Հայաստանում՝ ոչ: Ժողովրդի դեմ դուրս գալն անհնար է, իսկ իշխանությունների այս պրիմիտիվ դիմադրությունը կբերի նրան, որ հետո նրանք կպատժվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել