Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Փետրվար 14,2008 00:00

Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում սատարելու մասին, իշխանական քարոզչամեքենան լծվեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին «պետական դավաճան» համարելու գործին: Երեկ «Ժառանգությունը» հերքել է նույն օրը «Հայոց աշխարհ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում հրապարակված «Ժողովուրդը պետք է ճանաչի իր հերոսներին. Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է ցեղասպանությունը» վերտառությամբ նյութը, որտեղ ուղղակի խեղաթյուրվել է իրականությունը՝ ապակողմնորոշելով ընթերցողներին: Կուսակցությունը թերթից պահանջել է հերքել հրապարակված տեղեկությունը. «Զարմանում ենք, որ 2007թ. օգոստոսի 29-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհավորական նամակի հայերեն տարբերակը շրջանցելով՝ հրապարակման մեջ հասարակությանն եք ներկայացրել անգլերեն տարբերակի լուսապատճենը՝ խեղաթյուրված թարգմանությամբ: Մասնավորապես, նամակում «Մեր պետությունների միջեւ գոյություն ունեցող խոր վիհերը՝ լինեն դրանք ժամանակակից բնույթի, թե Մեծ Հայրենազրկման տխուր ժառանգության արգասիք, պետք է հաղթահարվեն եւ լուծվեն ճշմարտությամբ, շիտակությամբ, նորընտիր երկու ղեկավարների եւ նրանց բարյացակամ ու շահագրգիռ համաքաղաքացիների գործակցության միջոցով» նախադասության մեջ «Մեծ Հայրենազրկում»/«Great Armenian Dispossession» բառակապակցությունը միտումնավոր, սխալ թարգմանության արդյունքում մատուցվել է «Մեծ Տեղահանություն», եւ դրանից արվել են հայրենասեր քաղաքական գործչին զրպարտող եզրահանգումներ: Բացի դա, նույն կայքէջում դուք կարող էիք ծանոթանալ «Ժառանգություն» կուսակցության եւ նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքին Հայոց ցեղասպանությանը, որն արտացոլված է կուսակցության ծրագրում: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «ճանաչել սեփական պատմությունն ու լուծում տալ Ցեղասպանության ու նրա ժառանգության հիմնախնդրին»: Ի դեպ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի ձեռք բերած իրական արդյունքներից մեկը, որը մինչ օրս իշխանամետ լրատվամիջոցների կողմից խնամքով թաքցվում է հայ հասարակությունից, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած ու այլազգի 27 ականավոր խորհրդարանականների ստորագրությամբ շրջանառության մեջ դրված «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» եւ «Թուրքիայում հայկական մշակութային արժեքների ներկայիս վիճակի մասին» երկու բանաձեւերի նախագծերն են: Դրանք ուղարկում ենք Ձեզ՝ ի գիտություն, եւ եթե Ձեր համարձակությունը, շիտակությունը եւ հայրենասիրությունը ներում է, ապա ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սույն հերքման հետ միասին կարող եք արտատպել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել