Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՑՐԻՆ՝ ՍԵՐԺԻՆ ՉՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

Փետրվար 14,2008 00:00

Օրերս «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը մի քանի հոգու աշխատանքից ազատել է իշխանական թեկնածուին «պադեռժկա» անելուց կտրականապես հրաժարվելու համար:

Երեկ այս մասին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում բարձրաձայնեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ում ներկայացնելով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ վերոհիշյալ հիմնարկի հարյուրավոր աշխատակիցների մի լավ «մշակում են»՝ ոչ միայն ցուցակներ պահանջելով իշխանական թեկնածուի օգտին, այլեւ ստիպում են ընտրության օրը ապահովել ցուցակագրվածների, այն է՝ ընտանիքի անդամների, հարազատ-բարեկամների կենդանի ներկայությունը Ջրմուղ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի ճակատագրով անչափ «մտահոգված» Ջրմուղի ղեկավարությունը որոշել է մեքենաներ տրամադրել «հավաքագրած» ընտրազանգվածին ու իր իսկ հսկողությամբ հասցնել ընտրատեղամաս: Ու քանի որ որոշ աշխատակիցներ «հանդգնել են» «սուրբ» օրենքին չենթարկվել՝ Ջրմուղի գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանը՝ առանց ծանրութեթեւ անելու, նրանց միանգամից «դուրս է շպրտել»: Այսպես ներկայացրեց պատմությունը Հովհաննես Մարգարյանը՝ դիմելով երկրի դատախազին. «Պարոն Հովսեփյան, օրեր առաջ դուք ՕԵԿ-ից պահանջեցիք փաստեր, սրանից էլ մեծ փա՞ստ, որպես իրավաբան դուք քաջատեղյակ եք, որ պարտադրանքը, մարդու ազատ կամքին բռնանալը ծանր հանցանք է: Ներկայացնում ենք փաստերը՝ պահանջելով ձեր արձագանքը: Ինչո՞ւ, որովհետեւ «Շիրակջրմուղկոյուղու» ղեկավարությունը օրինակ է բերում ձեզ՝ ասելով՝ մեր թիկունքում կանգնած է Աղվան Հովսեփյանը եւ մեզ ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Սա պատիվ չի բերում ձեզ: Դիմում եմ նաեւ ՀՀ նախագահին, ով պետք է տեր կանգնի մեր ընտրողների ազատ ընտրական իրավունքին»: Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ բռնանում են հանձնաժողովների մեջ ընդգրկված ուսուցիչների վրա՝ նույնիսկ փորձելով կաշառել նրանց: Չնայած պատգամավորի ասածին ամենեւին չենք կասկածում, քանի որ «Սերժին չընտրես, վաղը եւեթ ռադդ կքաշես» սպառնալիքը գործում է Գյումրիի շատ ու շատ հիմնարկներում, օրինակ, ասենք, Գյումրիի փոստատներում, այդուհանդերձ փորձեցինք այս ամենը անձամբ լսել աշխատանքից ազատված «ջրի կանանցից»: Ջրմուղի 12 տարվա աշխատակցուհի, անկուսակցական Սոնիկ Ալիխանյանի ներկայացնելով՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ինքը լսում է «Բացի Սերժից, մենք ուրիշի չպիտի ճանչենք»: Ու քանի որ Սոնիկ Ալիխանյանը եղել է նաեւ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ ու հաճախել է դասընթացների, Ջրմուղի պետի սիրտը կասկածներ է ընկել, կանչել է նրան ու մի լավ շշպռել. «Ես Սերժին կըսեմ ընտրե, դու Պետրոսին կընտրե՞ս, ես ժողովին չեմ զգուշացրե՞լ»: Վերջինս նույն տեղամասում աշխատող երեք կանանցից պահանջել է դիմում տալ ու սեփական կամքով հեռանալ, բայց քանի որ նրանք հրաժարվել են՝ տնօրենը շատ է զայրացել՝ բառի իսկական իմաստով նրանց դուրս շպրտելով: Ի դեպ, նրանց ազատման հրամանի մեջ գրված է. «2008թ. փետրվարի 5-ից «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ ջրաչափերի ցուցմունքների ստուգման եւ հիշեցումների ներկայացման ենթաբաժնի թիվ 2 իրացման տեղամասի ջրաչափի ցուցմունք կարդացող Սոնիկ Ալիխանյանին ազատել աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան: Հիմք՝ տեղամասի պետ Լ. Վարդանյանի զեկուցագիրը»: Նույնաբովանդակ հրաման էր գրված նաեւ ջրմուղի մեկ այլ աշխատակցի՝ Թամարա Հակոբյանի համար: Իմիջիայլոց, նրանց նախապես ոչ մի նկատողություն չեն տվել ու երեք հոգու միանգամից ազատել են նույն օրը: Մենք պարզաբանումներ ստացանք նաեւ «Շիրակջրմուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանից: Վերջինս կտրուկ հերքեց նրանց ազատելու քաղաքական դրդապատճառները՝ ասելով. «Նախեւառաջ ես այդ մարդկանց չեմ ճանաչում ու աշխատանքից ազատել եմ իրենց տեղամասի պետի հիմքերով: Պատճառը եղել է նրանց կողմից պլանների չկատարելը, այսինքն՝ ջրավարձերը նորմալ չեն հավաքագրել: Եվ շատ ամոթ է, որ հարցը քաղաքականացնում են: Ես ինքս կուսակցական չեմ եւ կարծում եմ, որ սա այն դարը չէ, որ որեւէ մեկին թելադրես: Էսօր ընտանիքի անդամները մեկը մյուսին չեն լսում, ո՞վ է ինձ լսողը: Իսկ ինչ մնում է Աղվան Հովսեփյանին ինձ թեւ ու թիկունք ճանաչելուն, ես միայն կասեմ, որ շատ դատախազներ են փոխվել, բայց ես միշտ էլ պաշտոնի եմ եղել, ինչո՞ւ պիտի ինձ թույլ տամ օգտագործել նրա անունը: Իսկ Հովհաննես Մարգարյանին միայն կասեմ, որ պատրաստվում եմ աշխատանքից ազատելու նաեւ իր քրոջը՝ Ջրմուղի իրացման ծառայության պետին՝ Ռուզաննա Ալեքսանյանին, որովհետեւ նախորդ տարվա համեմատ 13 միլիոն դրամ պակաս են հավաքագրել»,- ասաց Վարդան Հովսեփյանը՝ խորհուրդ տալով իրեն դատի տալ:

Տեղեկացնենք Ջրմուղի պետին, որ պատգամավորի քույրը մինչեւ փետրվարի 28-ը վճարովի արձակուրդի մեջ է, քանի որ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է: Նմանատիպ արձակուրդի իրավունք ունեին նաեւ կրճատված երեք կանայք, որոնք եւս ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել