Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանն էլ չի՞ գուշակում

Փետրվար 14,2008 00:00

\"\"Երեկ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտնեց, որ եթե «լուրջ խոսենք», ապա չգիտենք, թե ով կլինի մեր երկրի ապագա նախագահը:

Ըստ նրա, անորոշության պատճառն այն է, որ հիմնական թեկնածուներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին չսատարողների թիվն ավելի մեծ է, քան սատարողներինը: «Ցավոք սրտի, այսօր Հայաստանում բավականին թեժ նախընտրական պայքար է ընթանում եւ երկու հիմնական բեւեռները, որ կան, մեկը իշխանական բեւեռն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մյուսը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իր շուրջ հավաքած ուժերով, բավականին սուր մրցապայքարի մեջ են մտել եւ այնքան իրարամերժ դիրքերից են հանդես գալիս, որ մտավախությունների տեղիք են տալիս: Ես, համենայնդեպս, գիտեմ, որ որոշ միջադեպեր, բռնության դեպքեր գրանցվել են միմյանց նկատմամբ, ինչը ուղղակի մերժելի է, մենք այս ճանապարհով գնալու իրավունք չունենք, դա Հայաստանի համար ինքնասպանությանը համարժեք մի բան է: Պատճառն այն է, որ Հայաստանում այսօր չկա ձեւավորված քաղաքական միջավայր, ըստ էության, կուսակցական պայքար՝ որպես այդպիսին, եւս չկա, կա անհատների միջեւ պայքար եւ այդ պայքարը հաճախ գաղափարների հետ որեւէ կապ չունի: Հետեւաբար, բնակչության 50 տոկոսից ավելին չի ուզում տեսնել ոչ Սերժին, ոչ Լեւոնին»,- համոզված է նախագահացուն: Սակայն նա, սպասվածին հակառակ, Գյումրի էր եկել ոչ թե սեփական արժանիքները ներկայացնելու, այլ իր մրցակիցների ընտրապայքարը գնահատելու ու երկրում տիրող արատավոր երեւույթների, օրինակ՝ կոռուպցիայի մասին խոսելու: Ու քանի որ թեկնածուն չէր ներկայացել շքախմբով, գովերգողների բանակով՝ միանգամից սկսեց իր ելույթը, որը թեեւ սկզբում դասախոսություն հիշեցրեց, սակայն հետաքրքիր դարձավ ուսանողների հետ «մտքերի փոխանակություն» կատարելուց հետո: Իսկ ուսանողներին հետաքրքրողը ոչ այնքան քաղաքականությունն էր, թե ով՝ ում կմիավորվի, ով՝ ում ընտրազանգվածը կխլի, որքան իրենց պրոբլեմների տեղը-տեղին լուծումը: Օրինակ, գյումրեցի ուսանողը մտահոգված է՝ թե աշխատաշուկա չլինելու պայմաններում բուհն ավարտելուց հետո ինչո՞վ են զբաղվելու իրենք կամ ի՞նչ է պատրաստվում անել Մելիքյան նախագահը աղետի գոտի հասկացությունը վերացնելու, Գյումրին զարգացնելու համար. չէ՞ որ ամեն մի լավ բան կենտրոնացված է մայրաքաղաքում: «Ձեր պատկերացումները Երեւանի մասին՝ չափազանցված են, ամենավատն էլ է այնտեղ կենտրոնացված, պետք է հստակ պետական քաղաքականություն, անշուշտ, մայրաքաղաքը ինչ-որ բանով պետք է տարբերվի, սակայն բոլոր տեղանքները սոցիալապես պետք է լինեն հավասար»: Շիրակի մարզի խնդիրներից էլ խոսելիս՝ թեկնածուն նշեց, որ թեեւ ընդունում է, որ կան տեղական առանձնահատկություններ, սակայն իր ծրագիրը չի բաժանել ըստ մարզերի, իսկ Շիրակի մարզի պարագայում պետական կառավարման թերացումն է, որ այսքան տարի այն չդադարեց աղետի գոտի մնալուց: Ըստ թեկնածուի, շրջանավարտների աշխատանքային հարցն էլ կլուծվի այն դեպքում, գիտելիքը, որակյալ կրթությունը կդառնան չափանիշ ու պահանջարկ տնտեսության մեջ, եթե վերանա մենաշնորհային տնտեսությունը՝ տարանջատվեն բիզնեսն ու իշխանությունը: Նրան ուղեկցող Ռուզաննա Տեր-Վարդանյանն էլ, ով մասնագիտությամբ փաստաբան է, խոսեց «կոռուպացված» դատավորներին պետական մակարդակով թեւ ու թիկունք կանգնելու մասին: «Վերջերս կիրառության մեջ է մտել մի օրենք՝ Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածը, որը թույլ է տալիս դատավորին կաշառք վերցնել ու մնալ անպատիժ. ակնհայտ անարդար վճիռ կայացնող դատավորը, ըստ օրենքի, չի ենթարկվելու քրեական պատասխանատվության: Ութ թեկնածուների դռները թակել եմ, ոչ մեկը չարձագանքեց, միակը, ով առաջարկեց բարձրաձայնել այս անարդարությունը, Արման Մելիքյանն էր, հիմա գնացեք ու ճիշտ ընտրություն կատարեք, մեր երկրին անհրաժեշտ է արդար նախագահ. երկիրն օրենքներով են կառուցում ու քանդում»,- ասաց փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել