Մոտ մեկ տարի է, ինչ գործում է «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը, որի կազմում ընդգրկված են հանրապետության տարբեր քաղաքներում ու մարզերում բնակվող՝ նախկին Թումանյանի տարածաշրջանի ներկայացուցիչները: Միությունը ապաքաղաքական է, որի անդամները հիմնականում անկուսակցականներ են, սակայն կան նաեւ ՀՀՇ-ի, «Օրինաց երկրի», ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ: Կազմում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, դոկտորներ: Նպատակն է՝ նպաստել նախկին Թումանյանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Օրերս կայացած ընդհանուր ժողովում միությունը որոշեց եւ պաշտոնապես հայտարարեց՝ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Քաղաքական նման կողմնորոշումը միության խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանն «Առավոտին» մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Մենք նախ երկար քննարկեցինք այն հարցը՝ պե՞տք է նման որոշում կայացնենք, թե՝ ոչ: Եվ եկանք եզրակացության, որ, այո, պետք է, քանի որ մեր տարածաշրջանի առջեւ դեռեւս զարգացման լուրջ խնդիրներ կան եւ մեզ համար կարեւոր է, թե որ թեկնածուն կարող է իրականացնել դրանք: Առաջարկվեցին մի քանի տարբերակներ՝ Արթուր Բաղդասարյան, Վահան Հովհաննիսյան, Լեւոն ՏԵր-Պետրոսյան եւ Սերժ Սարգսյան: Մեր կողմնորոշումը չունի քաղաքական նախապատվություն եւ այն կայացնելիս մենք հաշվի ենք առել ոչ թե թեկնածուի քաղաքական պատկանելությունը, այլ ավելի խորքային պատճառներ: Ի վերջո, այդ որոշմանը կողմ են քվեարկել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ անկուսակցական մտավորականներ: Մենք հաշվի ենք առել, թե թեկնածուներից ով կարող է արդյունավետ աշխատել մեր տարածաշրջանի համար, ով կարող է իրականացնել լուրջ ծրագրեր եւ նպաստել տեղի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Երկար քննարկումներից հետո եկանք ընդհանուր որոշման, որ դրանց ռեալ իրականացնողը գործող վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է, քանի որ նրա հետ աշխատելու որոշակի փորձ արդեն ունենք եւ համոզված ենք, որ դա արդյունավետ աշխատանք է: Մենք կոչով դիմեցինք մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել իրենց քաղաքական ընտրության հարցում եւ առաջարկեցինք մեր միասնական դիրքորոշումը: Վերջին շրջանում, երբ նա՝ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, իր առաջին աշխատանքային այցը եղել է Ալավերդի: Այս ընթացքում երեք անգամ գտնվել է Թումանյանի տարածաշրջանում, անձամբ ծանոթացել տեղի խնդիրներին ու դժվարություններին եւ արդեն իսկ բավականին աշխատանքներ է տարել շատ խնդիրների լուծման ուղղությամբ: Լայնածավալ աշխատանքներ են կատարվել մի շարք համայնքներում: Ախթալայում, Ալավերդիում՝ գազիֆիկացման աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկված են մի շարք միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Շատ աշխատանքներ պետք է իրականացվեն կառավարության եւ հասարակական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրերով: Այսօր Լոռու մարզի արտադրանքի շուրջ 92 տոկոսը տալիս են Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերությունը եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան: Այս հզորությունների վերագործարկման գործում անուրանալի է Սերժ Սարգսյանի դերը: Սերժ Սարգսյանը կարեւորում է աշխատատեղերի ավելացումը, աշխատավարձերի եւ կենսամակարդակի բարձրացումը: Անցած տարի միայն Լեռնահարստացուցիչ ֆաբրիկան վճարել է շուրջ 1,5 միլիոն դոլարի աշխատավարձ: Այս տարի ծրագիր կա այն 30 տոկոսով ավելացնել՝ հասցնելով մինչեւ 2 մլն-ի։ Ծրագրեր կան ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների, գազիֆիկացման, դպրոցների վերանորոգման հետ կապված: Զուգահեռ ընթանում է լայնածավալ շինարարություն, ինչը կնպաստի տուրիզմի եւ հյուրանոցային տնտեսության զարգացմանը:
Լոռվա բնաշխարհին սիրով կապված էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը եւ պետական առանձնահատուկ հոգածություն էր տանում: Սերժ Սարգսյանը ոչ միայն դրա, այլ նաեւ այն քաղաքական ուղեգծի շարունակողն է, որ ունեին Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը: Այս ամենը հաշվի առնելով եւ սկսած գործերը կիսատ չթողնելու ու շարունակելու նպատակահարմարությունից ելնելով, մենք եկել ենք ընդհանուր համաձայնության՝ նախկին Թումանյանի տարածաշրջանում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: