Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստանում է ազատե՞լ տնակներից

Փետրվար 14,2008 00:00

Ըստ Վազգեն Մանուկյանի, 3 տարում լիարժեք հնարավոր է լուծել Գյումրիի 4000 անօթեւանների բնակարանային խնդիրը:

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ՝ անցավ բավականին հանգիստ մթնոլորտում: Նախագահի թեկնածուն իր քարոզարշավը գերադասել էր անցկացնել Գյումրիի հյուրանոցներից մեկի՝ «Արաքսի» ոչ այնքան մեծ դահլիճում ու, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ որոշել էր հանդիպումն անցկացնել կենդանի ձեւով, ընտրազանգվածի հետ երկխոսության՝ հարց ու պատասխանի միջոցով: Իսկ դահլիճում հավաքվածները ոչ միայն թեկնածուի կուսակիցներն էին, այլեւ քաղաքի հայտնի մտավորականները՝ մի քանի ակտիվ հ/կ-ների ղեկավարներն ու սոցիալական խնդիրների մեջ թաղված ծերերը, որոնք, ակնհայտ է՝ եկել էին ԱԺՄ ղեկավարից «խելքը գլխին» խորհուրդներ հարցնելու: Առանց ավելորդ ճոխ խոսքերի, ամպագոռգոռ նախաբանի, թեկնածուին սատարողներն անցան բուն թեմային: «Որպեսզի մենք կարողանանք վերականգնել ազնիվը, գեղեցիկը անցյալի եւ նորը ստեղծենք, 21-րդ դարի որակին ու մակարդակին համապատասխան, մեզ պետք է ազգային ժողովրդավար, մեզ պետք է մի մարդ, որը կգա՝ վեր կանգնած այն բոլոր նեգատիվ երեւույթներից, որոնք այսօր ռեալ իրողության մեջ կան, դրանցից ամենադաժանն այն է, որ այսօր քաղաքականությունը, բիզնեսը եւ հանցագործ աշխարհը, այս երեք՝ իրար հետ գրեթե անհամատեղելի հասկացությունները բյուրեղացված են մեկ կառույցի մեջ։ Եթե ուշադրություն դարձնենք, ինը թեկնածուներից միայն մեկն է, որ չի առնչվում այդ կառույցին՝ լինելով պետական գործիչ, լինելով այն առաջնորդներից մեկը, որը 67-ից առայսօր ազգային խնդիրները սիրում է, եւ որեւէ անցյալ նահանջի տեղ չի արձանագրել իր կենսագրության մեջ: Այն մնացած ութին ինչպես էլ որ վերլուծեք, կտեսնեք, որ օլիգարխիկ կառույցի մի մասն են»,- այսպես ներկայացրեց թեկնածուի արժանիքները նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանը:

Վազգեն Մանուկյանն էլ խոսքը սկսեց կանխատեսմամբ. «Ընտրությունները երեւի ինձ համար պղտոր, անհասկանալի են, որովհետեւ ես գիտեմ, որ ժողովուրդը չի սիրում էս իշխանություններին, շատ հարցերում մեղադրում է, ու իրա դեմը բերում են, մի ուրիշ ուժ են ցույց տալիս, ասում են՝ սրան չես սիրում, սրան դիր, սրան ընտրիր, որ նրան գցես: Ո՞նց են գնալու հիմա ընտրությունները Հայաստանում, առաջին փուլով իշխանությունները կարո՞ղ են հաղթել, թե՞ ոչ: Այսինքն՝ կարո՞ղ են մարդիկ գնալ ու ու Սերժ Սարգսյանին հիսուն տոկոսից ավելի ձայն տալ: Ոչ, բայց բնական է, որ ինքը ունի ինչ-որ ձայներ, բացի դրանից, կա ադմինիստրատիվ ռեսուրս եւ այլն, եւ այլն: Ինչի՞ շնորհիվ ինքը կարող էր առաջին փուլում հաղթել, երկու պատճառով. մեկը այն է, որ մենք բոլորս գիտենք՝ ընտրակեղծիքներ են կատարում, եւ երկրորդը՝ ես շատ մարդկանց գիտեմ, որ ընդդիմադիր դաշտից գնում են քվեարկելու իշխանական դաշտ: Առաջին փուլում պետք է ապահովել, որ ընդդիմադիր ոչ մի ձայն չգնա իշխանություններին, անհրաժեշտ է ուժեղ վերահսկել իշխանություններին: Այս տարվա վերահսկողությունը մի քիչ, իմ կարծիքով, լավ է, ընդդիմադիր թեկնածուների վստահված անձերը բավականին շատ են եւ շատ խիստ են տրամադրված, օրենքների փոփոխությունը, արտաքին ուժերը՝ դիտորդներ ուղարկելը, բավականին դժվար են դարձնելու կեղծիքները, բայց կեղծիքներ անխոս կլինեն՝ ե՛ւ փող կբաժանեն, ե՛ւ անձնագիր կվերցնեն: Բայց կեղծարարները, այնուամենայնիվ, վախենում են բռնվելուց, այսինքն՝ հնարավորություն են տալիս, որ ընդդիմությունը լինի միասնական, այդ դեպքում Սերժ Սարգսյանը չի կարող հաղթել: Առաջին փուլում բացառվում է նաեւ ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկի հաղթանակը, էսօր Րաֆֆին միացավ Լեւոնին, բայց դա երկրորդական հարց է, այդ ինը թեկնածուներից չորս-հինգը ունեն վստահելի ձայներ, բայց երբեք մի կողմից մյուս կողմը չեն անցնում: Երբեմն ձեզ խաբում են, ասելով՝ այ, այսինչը կրում է, հաղթելու է ինքը, ձայները տվեք իրեն, որ ձայները չկորի, սուտ է»:

Պարոն Մանուկյանը խոսեց նաեւ Գյումրիի ծանր վիճակից, որին հաջորդեցին գյումրեցիների հարցադրումները: Օրինակ, 80 տարեկան ծերերից մեկը հետաքրքրվում էր. «Մենք հիմա՞ր ենք, չգիտե՞նք, որ Հայաստանում փող կա, էդ ինչպե՞ս է, որ «լիժա» խաղալու համար Ծաղկաձորում միլիարդներ կներդնեն, իսկ գյումրեցիներին դոմիկների մեջ կմեռցնեն, կամ ինչպե՞ս է, որ 80 տարեկան մարդու ավանդը չեն վերադարձնե, հո ես չե՞մ դատել Քոչարյանի կամ Սերժի համար, միգուցե ես վաղը կմեռնիմ»: «Եթե ամեն ինչ էդքան լավ լիներ, ես ձեր մոտ չէի գա, ես հիմար չեմ, դուք էլ հիմար չեք»,- ասաց նախագահի թեկնածուն՝ հորդորելով գյումրեցիներին ընտրություն կատարելիս թեկնածուներին չբաժանել ղարաբաղցիների, ախպարների կամ էլ երեւանցիների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել