«Լսեցե՛ք, ով թագավորներ, եւ հասկացե՛ք. սովորեցե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ականջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը՝ Բարձրյալից. Նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները…» (Իմաստություն Սողոմոնի 6.1-5)
Ցանկացած իշխանություն՝ հոգեւոր, թե աշխարհիկ, Աստծուց տրված, աստվածապարգեւ է: Այս է ուսուցանում Աստվածաշունչ Մատյանը՝ փաստելով, որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի…» (Հռոմ 13.1): Եվ այն ղեկավարներն ու իշխանավորները, ովքեր Վերին նախախնամությամբ բարձրացել են ազգին գլխավորելու պատվին, պարտավորություն ունեն բարին գործելու, երկրում արդարություն եւ իրավունք հաստատելու, քանի որ իշխանության հաստատունությունը հիմնվում է հավատարմության, արդարության եւ բարերարության վրա՝ թե՛ հպատակների, թե՛ սահմանակից ժողովուրդների հանդեպ։ Քրիստոնեական ուսուցման համաձայն՝ իշխան, տեր լինելը նախ եւ առաջ ծառայություն է ենթադրում, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս էլ եկավ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (տե՛ս Մատթ. 20.28): Ազգի, պետության իշխանավորներն ու ղեկավարները պարտավոր են ծառայել ամենքին, իրենց վարքով, կենցաղավարությամբ, միմյանց հանդեպ ներողամտությամբ ու հանդուրժողականությամբ օրինակ լինել հասարակությանը: Այս են ուսուցանում մեր եկեղեցու հոգելույս հայրերն ու վարդապետները՝ հավելելով. «Երջանիկ է այն ազգը, որի առաջնորդները բարեկարգ են, իշխանները՝ հայրենասեր, քահանաներն՝ իմաստուն, դատավորներն՝ արդար, ուսուցիչներն՝ առաքինի, ծերերը՝ խորհրդատու, երիտասարդները՝ ջանասեր»: Սակայն արդյո՞ք այսօր մեր քրիստոնյա պետությունն այդ երջանիկ, բարեկարգ վիճակում է գտնվում: Մեր ղեկավարներն ու իշխանավորները գիտակցում են, որ այդ իշխանությունն Աստծո կողմից է տրված իրենց եւ ճիշտ չտնօրինելու դեպքում կվերցվի իրենցից: «Իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը: Հզորներն ավելի խիստ են դատվելու» (Իմաստ, 6.6,7),- ասվում է Աստվածաշնչում: Արդյոք ուղիղ դատ են անում, արդարության ու իրավունքի հետամուտ լինում, հանդուրժողականությամբ եւ ներողամտությամբ վերաբերվում միմյանց, թե՝ ի չարս են գործադրում աստվածապարգեւ իրենց իշխանությունը: Հստակ է, որ Աստծո կամքն անտեսած, Աստծուց հեռացած ու նրան մերժած իշխանությունը, որն առաջնորդվում է նախ եւ առաջ իր «ես»-ի թելադրանքով ու անձնասիրական նպատակներ հետապնդելով, իր կամքով՝ առանց հաշվի առնելու ժողովրդի կարծիքը, փափագներն ու երազանքները, վաղ թե ուշ ենթակա է փլուզման, քանի որ «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում»,- ասվում է Աստվածաշունչ Մատյանում (տե՛ս Ղուկաս, 11.17):
…Առջեւում նախագահական ընտրություններն են: Շատ է խոսվում դրանք արդար եւ թափանցիկ անցկացնելու մասին: Եվ գնալով ավելի է սրվում կուսակցությունների, խումբ-խմբակցությունների, իշխանության տարբեր թեւերի միջեւ եղող թշնամական վերաբերմունքը, անհանդուրժողականության մթնոլորտը։ Եվ այդ հակամարտության, թշնամանքի ականատեսն է ժողովուրդը, որը պետք է ընտրի: Բայց ո՞ւմ, ո՞ւմ կարող է վստահել, հավատալ այսպիսի պայմաններում… Ո՞րն է այս վիճակից ելքը: Այսօր կարիքն ունենք հոգեւոր նոր դարձի, ազգովին ապաշխարության, վերազարթոնքի, այս անարդարությունների, անիրավությունների ու կեղծիքի ճահճից դուրս գալու: Այսօր կարիքն ունենք իսկապես քրիստոնեական պետության ստեղծման, քրիստոնյա աստվածավախ ղեկավարների, ովքեր առանց անձնական շահ հետապնդելու, ձերբազատված փառասիրությունից ու սնափառությունից, ժողովրդի վաղվա օրով մտահոգված, խոնարհությամբ կընտրեն պետությունը ղեկավարելու խիստ պատասխանատու եւ դժվարին ուղին՝ այն գիտակցությամբ, որ իրենք կոչված են ծառայելու ժողովրդին, կատարելու իրենց պարտավորությունները, հոգալու յուրաքանչյուր քաղաքացու մասին, սրտացավ վերաբերմունք, գութ եւ խնամք ցուցաբերելու կարոտյալների եւ նեղյալների նկատմամբ՝ մեկ խոսքով՝ քրիստոնյա պետությանը պատշաճ իսկապես քրիստոնյա ղեկավարներ լինելով:
Այդպիսիք, հուսանք՝ Տիրոջ ողորմությամբ, մի օր իշխանության կգան՝ իրավամբ դասելով մեզ այն երջանիկ ազգերի շարքը, որոնցում արդարությունն ու իրավունքն է իշխում, սերն ու համերաշխությունը թագավորում, եւ որոնք հանապազ վայելում են Աստծո ողորմություններն ու շնորհները: