Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԵՎ ՄԵՆՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Փետրվար 14,2008 00:00

Ընտրողի խոհերը

Ազատության հրապարակը նորից բազմամարդ է, ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կանչով հավաքված ծով մարդիկ՝ այնքան ոգեշնչված, որ ինձ հայտնվում են պատկերներ, որ թվում է՝ չքացել էին առանց հիշատակ… Կենդանանում է 1991թ. սեպտեմբերի Հայաստանը՝ ազատությամբ եւ անկախ պետականություն հռչակելու հաստատակամությամբ միասնականացած ժողովրդով… Սեպտեմբերի Ազատության հրապարակի մարդկային ծովը ծփում էր: Տոն էր, ու խնդում, ցնծում, պարում-պատմում էր Ազատության հրապարակը՝ կանխորոշելով սեպտեմբերի 21-ի քվեարկության արդյունքը։ 2008թ. փետրվարի հարյուր հազարանոց Ազատության հրապարակում ահա զննում եմ իմ շուրջն անընդհատ սեղմվող-խտացող, ինձ հարազատ ու հետաքրքիր մարդկանց դեմքերը, համեմատում 17 տարի բաժանող ժամանակները։ Այս տարիները, տեսնում եմ, պարապ չեն անցել: Երիտասարդները շատանում են, նկատելի է նրանց ներկայությունը, որը մեր նոր շրջանի առանձնահատկությունն է, փոփոխությունների ուժանյութը։ Անկախ պետական կյանքի դրամատիկական 17 տարիների կյանքում իմաստնացած Ազատության հրապարակի ժողովուրդը կիսատը, չարածը ամբողջացնելու վճռականություն ունեցող Տեր-Պետրոսյանի պահանջ ուներ, եւ ահա նրանք նորից միասին են։ Սա անկախ պետական կյանքի հաստատման ընդհատված գործի վերսկսումն է, յուրացված իշխանության վերադարձումը պետական իշխանության սուբյեկտին՝ ժողովրդին: 1991-ին մեզ թվացել էր, որ Ազատությունը, Արդարությունը, Ստեղծականությունը, Ազատության հրապարակում որպես երկնատուր շնորհ, որպես մանանա պիտի տրվեին Ազատ հռչակված Հայաստանի մարդուն։ Սակայն չգիտակցեցինք, որ այդ շնորհները կունենանք այն չափով, որքան կնվաճենք անդադրում, հետեւողական ու միասնական, վճռական պայքարի արդյունքում։ Ցավոք, մենք մնացինք լավ-վատ, բարի-չար, բայց մարդիկ: Մենք քաղաքացի չդարձանք, հանդես չեկանք հարկատուի, ընտրողի, զինապարտի, օրինապահի՝ հայրենաշեն մարդ-քաղաքացու իրավունքներով եւ պարտականություններով։

Ես ինձ եմ նայում՝ հոգուս ներսը. գիտեմ, որ չարը դրսում չէ, ինչ-որ մարդկանց տեսքով, ներսից ենք փչացած, ու ներսից է գալու մեր առողջությունը։ Մեր թույլտվությամբ կամ մեր մասնակցությամբ գլորվեցինք անօրինականության այս վիհը, որը, ահա, խնդիր ենք դրել հաղթահարելու։

Ամեն օր ՀՀ նախագահի թեկնածու վարչապետի ու նրա համախոհների, պետական բոլոր այրերի ու բոլոր թեկնածուների անունից հնչող ազատ-արդար ընտրության կոչերն ու երաշխիքներն այնքան են հիմարացնում-միամտացնում անգամ ինձ, որ անելիք չես գտնում… Բայց այսպես եղել է եւ՛ 2007-ին, եւ՛ 2003-ին, եւ՛ 1998-ին… Տեղամասեր դարձած իմ կրթահամալիրում հանդիպեցի տեղամասային հանձնաժողովի՝ կրկնվող ու անպատիժ մնացած անօրինականությունից քաղաքացիական նկարագիրը կորցրած դեմքերի, որ «կարծես շինված են տապարով»։ Ի՜նչը կկանգնեցնի սրանց ու սրանց պատվիրատուին, ընտրությամբ փող աշխատող ու շրջապատ մտնող խուժանին. հարցնում եմ։ Ինչպես պիտի հաղթահարվի հասարակությանը համակած գոյապահպանության վախն ու անօրինական վարքը, երբ ընտրակեղծիքը ոչ միայն որպես հանցագործություն չի դիտվում, այլ պարսավանքի չի արժանանում, իրավական այս նիհիլիզմի շրջանում ինչպե՞ս պիտի հաղթահարվի տարիներ շարունակ անհաղթահարելի համարվող այս խոչընդոտը: Այս միտինգնե՞րը բազմամարդ… Եղել են՝ 2007-ին, 2003-ին, 1998-ին… Անբավարար են։ Տեր-Պետրոսյանի անհողդողդ հաստատակամությո՞ւնը՝ հիմնադիր ու առաջին նախագահի իր պատասխանատվությունն իրականացնելու… Իհարկե, բայց գլխավոր գործող անձը մարդն է՝ հայաստանցին, ընտրողը եւ գլխավոր մարմինը՝ Ազատության հրապարակը, որովհետեւ անօրինականության ախտն այս համակել է յուրաքանչյուրիս:

«Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծողներ ունի, այսքա՜ն խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական ազգ եմ ես…

Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա։ Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ։ Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը» (Հ. Թումանյան, «Անկեղծ չենք», 1907թ.)։

Հարգելի ընտրող, եթե մեզ այսօր միավորել է անհատական ազատության, անհատական իրավունքների համար պայքարը, մեր ընտրական իրավունքի վերականգնումը, հանրապետության ընտրված նախագահ ունենալը՝ պարտադրված ենք որդեգրել պայքարի համապատասխան ու միասնական մեթոդ՝ ընտրողների միացում Հայաստանով մեկ, միացում ընտրական իրավունքի վերականգնման համար պայքարում, միասնություն միասնական թեկնածու դարձած Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Ահա ինչու հարգանքի է արժանի այն ընտրողը, ով քվեարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հանուն միասնականացման, հանուն մեր ընտրական իրավունքի ճանապարհին անհաղթահարելի դարձած խոչընդոտի ու պետականորեն պաշտպանվող անօրինականության հաղթահարման: Որպես միասնական թեկնածու ընտրված հանրապետության նախագահը դառնում է ազատ ու արդար ընտրական համակարգի գործարկման երաշխավորը: Իսկ մենք 1991թ. միամիտ, հեշտ խաբվող, կներեք, ծույլ «խալխը» չենք, մեր անհատական իրավունքի համար պայքարում մենք միասնական ու անհոգնել կլինենք ու ոչ մի օր չենք հանդուրժի մեր իրավունքի երաշխավորի՝ իր սահմանադրական պարտականությունը խախտող նախագահ։ Եվ Ազատության հրապարակի ժողովուրդն է այլ, քան 17 տարի առաջ, անպայման իմաստնացած, եւ իր ընտրյալ Լեւոն Տեր-Պետրոսյանն է անհրաժեշտ չափով վճռական ու հետեւողական:

Այս ոչ լեգիտիմ կյանքը մեր ու իր անհաղթահարելի խոչընդոտը հոգեմաշ ու անարդյունավետ է դարձնում նաեւ հանրակրթությունը, անհավես՝ կյանքը. սկսում ես չհարգել ու օտարվել-թշնամանալ քո շրջապատի կեղծիքին, քո աշակերտի ծնողին, քո գործընկերոջը, քո հարազատին… Կյանքի «լազաթը» գնում է… Կա՛մ պիտի հարմարվես կեղծիքին ու անէանաս անօրինականության այս ծովում… Երբեք: Կհանդիպենք Ազատության հրապարակում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել